Լրահոս
Օրվա լրահոսը

Գլուխդ եւս տաք պահիր

Փետրվար 01,2011 00:00

Տարվա յուրաքանչյուր սեզոն պահանջում է համապատասխան հագուկապ

Հոլանդացի հռչակավոր բժիշկ Գերման Բուրխավեյի մահից հետո նրա իրերում հայտնաբերեցին մի հաստ, կնքված գիրք, որի վրա գրված էր. «Բժշկական արվեստի եզակի եւ խորագույն գաղտնիքները»: Երկարատեւ սակարկումներից հետո գիրքը վաճառվեց 10 000 դոլարով: Երբ գրքի կնիքը հանեցին, պարզվեց, որ նրա բոլոր էջերը մաքուր էին, եւ միայն անվանաթերթի վրա կար հետեւյալ գրությունը. «Պահիր գլուխդ սառը, իսկ ոտքերդ՝ տաք, եւ դու չքավոր կդարձնես ամենալավ բժշկին»:
Այս թեւավոր խոսքը մեր բառապաշար է մտել որպես «Պահիր գլուխդ սառը, փորդ՝ անոթի, իսկ ոտքերդ՝ տաք», եւ վերագրվում է ռուսական գեներալիսիմուս՝ հայազգի Ալեքսանդր Սուվորովին, որն ուղղված էր զինվորներին: Ընդ որում, ասացվածքի առաջին մասը պետք է հասկանալ փոխաբերական, իսկ երկրորդը եւ երրորդը՝ ուղիղ իմաստով:
«Գլուխդ սառը պահիր» նշանակում է սառը դատիր, մի բարկացիր, պահպանիր հոգեկան հավասարակշռություն եւ կլինես հոգեպես առողջ: «Փորդ անոթի պահիր» նշանակում է շատակերություն մի անի, մի տռզիր, եւ կլինես մարմնով թեթեւ ու հանգիստ:
«Ոտքերդ տաք պահիր» նշանակում է դրանք մի սառեցրու, մի մրսիր, եւ կլինես մարմնապես առողջ:
Իսկ եթե լինես հոգեպես ու մարմնապես առողջ, ապա չես ունենա նաեւ բժշկի կարիք: Ցավոք, մենք՝ հայերս, այս ասացվածքի երեք մասերն էլ հասկացել ենք միանգամայն ուղիղ իմաստով:
Տարին տասներկու ամիս հագնում ենք գուլպաներ ու «տուֆլիներ»: Նույնիսկ ամռան տապին մեզ մոտ չես հանդիպի անգուլպա կամ բոկոտիկ հագած տղամարդու: Մինչդեռ ձմռան սառնամանիքին մեզանից շատերը, եւ տղամարդիկ, եւ կանայք, նույնիսկ մի բարակ գլխարկ չեն դնում, ոչ էլ գլխաշոր են կապում՝ ծածկելու համար սեփական մարմնի ամենակարեւոր մասը՝ գլուխը: Էլ չեմ խոսում այն մասին, որ վերջերս էլ մոդայիկ է դարձել սափրագլխությունը եւ այդ ամոթալի տեսքով հասարակության մեջ շրջելը: Նույնիսկ ռուսներն են նկատել. «Եթե Սիբիրում ձմռան սառնամանիքին մի գլխաբաց մարդ տեսնես, ապա համոզված եղիր, որ նա հայ է»: Նույնիսկ անեկդոտ են հորինել. «Հայի գլուխը ձմռանը չի սառչում, որովհետեւ մեջը անտիֆրիզ է լցված»:
Համոզված եմ, որ ձմռանը գլխարկ չկրելու սովորությունն է պատճառը, որ մեզանում հաճախակի են հանդիպում գլխուղեղի եւ նրա թաղանթների, ինչպես նաեւ գլխի նյարդերի մրսածության հիվանդությունները՝ մենինգիտը, էնցեֆալիտը, մենինգոէնցեֆալիտը, արախնոիդիտը, ֆրոնտիտը, եռանյարդի բորբոքումը եւ այլն:
Եվ, ընդհանրապես, տարվա յուրաքանչյուր սեզոն պահանջում է համապատասխան հագուկապ, ինչը ինքնին նաեւ հագնվելու կուլտուրա է նշանակում: Որքան որ տարօրինակ է դիտվում ամռանը քուրքով ու «փափախով» շրջող մարդը, նույնքան էլ տարօրինակ է ձմռանը վերնաշապիկով ու գլխաբաց շրջողը:…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել