Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԾԱՆՈՒՄ Է ԿՐՈՆԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

Փետրվար 01,2011 00:00

Ամերիկացի սոցիոլոգներ Ադրիան Վուլդրիջը եւ Ջոն Միքլեթուեյթը հրապարակել են «Աստված վերադառնում է. ինչպես է կրոնի վերածնունդը փոխում աշխարհը» աշխատությունը: Դիտարկելով կրոնական իրավիճակը Չինաստանում, Նիգերիայում, Քենիայում եւ Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում, գիտնականներն եկել են եզրակացության, որ ամբողջ աշխարհում տեղի է ունենում կրոնի հանդեպ հետաքրքրության եւ հասարակական կյանքի վրա կրոնի ազդեցության աճ: Դրանից բացի, նրանք ենթադրում են, թե հենց հավատը կորցնող Եվրոպան, այլ ոչ թե Ամերիկան է այստեղ բացառություն կազմում:
«Կրոնն այժմ համընթաց է մոդեռնացմանը,- կարծում է Վուլդրիջը:- 1970-ականներից ի վեր ինչ-որ բան փոխվել է»: Նրա կարծիքով՝ նոր կրոնասիրության բնորոշ գծերը լավ տեսանելի են հոգեգալստականների շարժման մեջ: «Վերելքի մեջ կրոնը զգացմունքային է, համառ, խարիզմատիկ: Գվատեմալայում ակնհայտորեն տեսնում ես, թե որքան լարված է այնտեղ հիսունականների եւ խարիզմատների շարժումը: Դրանց հարեւանությունը նաեւ կաթոլիկությանն է ստիպում փոխվել: Նույնը նկատելի է նաեւ Լագոսում եւ Նայրոբիում: Երբ մենք ձեռնարկեցինք գրքի հետ կապված աշխատանքը, ես թերագնահատում էի կրոնի կենսական ուժի էներգիան»:
Գիտնականի վրա տպավորություն է թողել նաեւ քրիստոնյա միսիոներների թիվը. միսիոներությամբ մշտապես զբաղվում է 443 հազար մարդ, իսկ 1,6 միլիոն մարդ կատարում է մեկանգամյա միսիոներական ուղեւորություն:
Սոցիոլոգը նաեւ նշում է, որ աշխարհում ամենադինամիկ կրոնը մնում է քրիստոնեությունը: Ինքը՝ Վուլդրիջը աթեիստ է, սակայն իր խոսքերով՝ գրքի հետ կապված աշխատանքի ընթացքում սկսել է հարգել կրոնը. «Ես ցնցված էի՝ տեսնելով, թե ինչպես են հավատացյալները կաշվից դուրս գալիս՝ օգնելու աղքատներին: Իսկ նույն կերպ վարվող աթեիստների ինչ-որ չենք տեսնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել