Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌՈԺ»-Ը, ՑԱՎՈՔ, ՄԻԱԿԸ ՉԷ

Փետրվար 03,2011 00:00

Սխալ է, երբ ընտանիքում թաքցնում են որդու արատավոր սովորույթները

\"\"

Հայկական բանակի 19-րդ տարեդարձը, այդ օրը բանակի բարձրագույն սպայակազմի գնահատականները, որակումները մտորելու տեղիք տվեցին: Բանակի օրվան նվիրված տոնակատարությունների ժամանակ իր ելույթներում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ 2011-ը ՀՀ զինված ուժերի համար լինելու է «որակական առաջընթացի եւ մարտական վարպետության բարձրացման տարի», այդ համատեքստում 2011-ի առաջին կիսամյակը հայտարարվել է «կարգապահության ամրապնդման» կիսամյակ: Գովելի ու խրախուսելի են պաշտպանության նախարարի այսօրինակ մղումները: Միանգամայն կիսում եմ այն տեսակետը, որ բանակը մեր որդին է եւ պետք է բոլորս սրտացավությամբ եւ հոգատարությամբ վերաբերվենք բանակին: Միայն այն մտքից, որ դարերի թոհուբոհից, բազում վայրիվերումներից հետո վերջապես պետություն եւ բանակ ունենք՝ հպարտ եմ:
Բանակի օրվա առիթով հնչած բոլոր խոսքերի ֆոնին, սակայն, ավելի ցայտուն են դառնում Արարատի զորամասերից մեկի գումարտակի հրամանատար, «Ռոժ» մականունով Վարդան Մարտիրոսյանի եւ գնդի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ Արթուր Կարապետյանի շուրջ ծավալված, մամուլում լայնորեն քննարկված զարգացումները: Վերջիններս ոչ միայն դաժանաբար ծեծել ու նվաստացրել էին զինվորներին, այլ նաեւ կասկածվում էին պայմանագրային զինծառայողներից գումարներ հավաքելու մեջ: Հրամանատարները զինվորներին ստիպել էին վարկեր վերցնել եւ գումարը փոխանցել «շեֆերին»: Մամուլում տեղեկություններ եղան, որ վերջիններս շորթել էին 90 միլիոն դրամ: Այս բացահայտումներից հետո «Ռոժ»-ին ետ կանչեցին Մոսկվայից, որտեղ նա վերապատրաստման կուրս էր անցնում, եւ ձերբակալեցին: Վարդան Մարտիրոսյանը ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի եւ նրա որդու՝ Գրիշա Խաչատուրովի հովանավորյալն է: Քրգործ էր հարուցված քր.օր.-ի 375 հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը չարաշահելը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական նպատակներով: Սակայն կարճ ժամանակ անց «Ռոժ»-ին եւ փոխգնդապետ Կարապետյանին գրավի դիմաց ազատ արձակեցին։ Իսկ նրանց դեմ հարուցված քրեական գործերը վերջերս կարճվեցին: ՀՀ ՊՆ քննչական վարչության պետ Արմեն Հարությունյանը պարզաբանել է, որ դրամաշորթության եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք առաջադրված անձանց քրեական պատասխանատվությունից ազատել են «գործում զղջման» հիմքով։ ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանն էլ հավելել է, որ «Վարդան Մարտիրոսյանի գործը կարճվել է, հետեւապես՝ օրենքով իրավունք ունի շարունակել զինվորական ծառայությունը»: Ու շարունակում են:
Մեկ այլ օրինակ: 2010 թվականի հունիսի 20-ին Գորիսի քաղաքապետի ընտրություններում գործող քաղաքապետ, Հանրապետական կուսակցության անդամ Նելսոն Ոսկանյանի համար ընտրատեղամասերում կռիվներ սարքած՝ Գորիսում տեղակայված զորամասում գումարտակի հրամանատար Արտակ Բուդաղյանը, ով այդ պատմությունների համար հեռացվեց ծառայությունից, այժմ՝ ընդամենն ամիսներ անց, մեկ այլ զորամասում է ծառայության նշանակվել: Ասում են՝ Արտակի հայրը հարուստ, ազդեցիկ «դեմք» է՝ Էմին կամ Էմիլ Բուդաղյան: ՀՀ ՊՆ լրատվության եւ քարոզչության վարչությունից ի պատասխան «Առավոտի» հարցման՝ հաստատեցին, որ Արտակ Բուդաղյանը ծառայության է անցել ԼՂՀ զորամասերից մեկի հրամանատարական կազմում: Այլ մանրամասներ չտրամադրեցին: Ասացին՝ իրավասու չեն:
Արտակ Բուդաղյանի, Վարդան Մարտիրոսյանի դեպքերը, ցավոք, եզակի չեն: Սրանց կարելի է գումարել Գետահովիտ գյուղի զորամասի հրամանատար Սերգեյ Կարապետյանի դեպքը, երբ դաժան զինվորականի ձեռքից փախնելու համար քաղաքացիական անմեղ երիտասարդը մահացավ: Հրամանատարն էլ ազատվեց պաշտոնից եւ կալանավորվեց միայն այն ժամանակ, երբ աղմուկ բարձրացավ:
Նման դեպքերից հետո սկսում ես կասկածել «որակական առաջընթացի եւ մարտական վարպետության բարձրացման տարի», «կարգապահության ամրապնդման» եւ նմանօրինակ խոստումների վրա: Առավել եւս, երբ դեպքի մասին մանրամասներ հաղորդելու խնդրանքին ի պատասխան, լսում ես ծեծված՝ «իրավասու չենք» արտահայտությունը:
Բանակը մեր որդին է: Երբ որդին վատ սովորություններ ունի, օրինակ՝ եղունգներն է կրծում կամ ծխում է, պետք չէ թաքցնել: Պետք է ասել, խոսել ու բացատրել, որ արատներից ձերբազատվելը ձեռնտու է թե որդուն, թե ողջ ընտանիքին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել