Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՆԱՐԱՎՈՐ Է, ԱՆՀՐԱԺԵՇՏ, ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ»

Փետրվար 08,2011 00:00

\"\"Բայց ի՞նչ ենք անելու հեղափոխության հաջորդ օրը

«Սոցիալական բունտ» արտահայտությունը սովորաբար սիրում են օգտագործել իշխանությունները եւ աղոթքի պես կրկնում են, որ Հայաստանում դա հնարավոր չէ՝ ինչ-ինչ պատճառներով, որպեսզի կոծկեն խնդրի լրջությունը: Սոցիալական բունտը հասարակական ընդվզումն է, իսկ ընդվզումներն այլ կերպ չեն լինում: Այլ ընդվզումները տեռորիզմ են՝ հոկտեմբերի 27, մարտի 1»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ընդվզեց «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը՝ պատասխանելով հարցին, թե պարբերաբար թանկացումների եւ սոցիալական լարվածության մեծացման պայմաններում տեսնո՞ւմ է մեր երկրում սոցիալական բունտի հնարավորություն: Նա գտնում է, որ՝ ասել, թե դա Հայաստանում հնարավոր չէ, նույնն է պնդել, թե մեր հասարակության մեջ չկա բողոք, ցանկություն եւ ցասում այս իրավիճակը փոխելու համար: Ու կարծում է, որ եթե վայ քաղաքագետներն ու վայ քաղաքական գործիչներն իրենց մեկնաբանությունները փորձեն թարգմանել հայերենով, որից վերջերս այդքան խուսափում են, ամեն ինչ իր տեղը կընկնի: Այսինքն՝ «հնարավոր է, անհրաժեշտ է, եւ դա անխուսափելի է»: Երեք տարի անց վերլուծելով 2008-ի ձմռան վերջին օրը տեղի ունեցած իշխանության եւ հասարակության բախումներն ու անդրադառնալով տեսակետին, թե բոլոր դժգոհություններով հանդերձ՝ ժամանակ է հարկավոր անհրաժեշտ կրիտիկական զանգված հավաքելու համար, մեր զրուցակիցը նկատեց. «Այդ իրադարձությունները նման զարգացում ունեցան ոչ թե իշխանության հաջողությամբ պայմանավորված, այլ ընդդիմության մեղքով: Իշխանությունը պատրաստ էր փախչելու: Դրա մասին էին վկայում օդանավակայանում շարժիչները միացրած կանգնած ինքնաթիռները, այդ օրերին առկա բանկային հաշիվների խուճապահար շարժերը եւ վերջին ռեսուրսը՝ վարձկանների օգտագործումը, քանի որ ոչ բանակը, ոչ ոստիկանությունն իրականում չէր պատրաստվում ժողովրդի, սեփական ընտանիքների հետ կռիվ մղել»: Մեղավորության հիմնական պատճառներից մեկն, ըստ Խզմալյանի, այն էր, որ այն ժամանակվա ընդդիմադիր առաջնորդները թերացան կարեւորագույն մեկ գործում՝ հասարակությանը ցույց չտվեցին պարզ այլընտրանքը. «Շատ դեպքերում մի քանի անունների փոխարեն բերվում էին այլ անուններ, որոնց հետ կապվում էին համարյա կրոնական հավատքի հասնող հույսեր, հույզեր: Իսկ դա բավարար չէ: Իշխանափոխությունը չի կարող նպատակ լինել, դա միջոց է: Երբ մենք կարողանանք սոցիալական համակարգը փոխել ու հաստատել սոցիալական արդարություն՝ այն ժամանակ կսկսենք նոր շարժումը դեպի այն Հայաստանի Հանրապետությունը, որի մասին երազում էինք 1988-ին, եւ որն ի վերջո կառուցելու ենք միգուցե երրորդ փորձից»:
Փետրվարի 18-ից Հայ ազգային կոնգրեսը սկսում է հանրահավաքների՝ արդեն ավանդական դարձած գարնանային փուլը, եւ արդեն իսկ ՀԱԿ առաջին դեմքերի կողմից հայտարարություններ են հնչում այն մասին, թե ինչպես են հիմա իշխանության «հերն անիծելու»: Հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է մեր զրուցակիցն այս ամենին վերաբերվում: «Այնքան ժամանակ, որքան մենք նկատենք ցանկացած ընդդիմադիր ուժի, այդ թվում նաեւ ՀԱԿ-ի գործողությունները, որոնք իսկապես միտված են այս բռնատիրությունից օր առաջ ազատվելուն, այնքան մենք դաշնակիցներ ենք: Մենք ողջունելու ենք այդ նպատակին ուղղված ցանկացած անկեղծ գործողություն: Բայց խնդիրը ոչ այնքան իշխանափոխությունն է, որքան այն, թե ի՞նչ պետք է անեն երկիրը, ազգը եւ նրանց առաջնորդողները հեղափոխության հաջորդ օրը: «Սարդարապատի» նախաձեռնող խումբը մտահոգված է հենց մյուս օրվա օրակարգով, եւ պատասխանատվության մեծ զգացումով զբաղված ենք հենց այդ հարցերով»,- ասաց Տիգրան Խզմալյանը: Մեր զրուցակիցը լուրջ չի վերաբերվում իշխող կուսակցությունների ներկայացուցիչների այն հայտարարություններին, որ ապագա խորհրդարանում իրենց կուսակցությունը հավաքելու է 99,9 կամ 50+1 տոկոս, այն պարզ պատճառով, որ այդ միավորումներին դասական-քաղաքագիտական իմաստով կուսակցություններ չի համարում: Կարծում է, որ դրանք տնտեսական միավորումներ են, որոնք իրենց ունեցվածքը պաշտպանում են հասարակության 90-95 տոկոսից եւ գտնվում են միմյանց հետ նորմալ տնտեսական գործակցության մեջ՝ երկրի հիմնական գաղափարախոսություն դարձրած «գայլի օրենքը», ու մինչեւ իրենց հայտարարած ընտրությունների օրը նման «որսակերության օրինակներ դեռ շատ կտեսնենք»: Նաեւ՝ «Դրանք նախագահական վարչակազմի քաղաքական պրոյեկտներ են, որոնք մի գիշերում հայտնվում են, մեկ այլ գիշեր՝ կորչում, երբ վերանում է դրանց անհրաժեշտությունը: Մենք բազմիցս ենք տեսել, թե ինչպես են տասնյակներով մարդիկ մտնում ու դուրս գալիս դրանց մեջ: Մնացյալ դեպքերում այս կամ այն երկրի կամ հատուկ ծառայության գործակալներն են»: Սրա իբրեւ վառ օրինակ հիշեցնում է Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի «գլխով անցածը»՝ թե ինչպես նախագահ Ռոբերտ Քոչարյանը նրան հայտարարեց եւ ջանք չխնայեց՝ ապացուցելու, որ վերջինս բրիտանական գործակալ է, մինչդեռ Սերժ Սարգսյանը նրան վստահեց երկրի առանցքային պաշտոններից մեկը: «Կամ մեզ են հիմարի տեղ դնում, կամ իրենք են կախված օտարերկրյա գործակալություններից»,- եզրակացնում է մեր զրուցակիցը եւ այս պայմաններում որեւէ ուժի կողմից հասարակությանը ընտրություններին մասնակցության կոչ անելը համարում է «գիտակցված սադրանք կամ քաղաքական միամտություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել