Լրահոս
Օրվա լրահոսը

60-ԱՄՅԱ ԿՆՈՋԸ ՎՐԱԵՐԹԻ Է ԵՆԹԱՐԿԵԼ, ԽԵՂԴԵԼ ՈՒ ԱՅՐԵԼ

Փետրվար 09,2011 00:00

\"\" \"\"

Երեկ ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները Ավան, Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան են տեղափոխել հայր եւ որդու, որոնք Նոր Նորքի ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվել էին այս տարվա հունվարի 27-ից՝ անհայտ կորած 60-ամյա Մարո Ասլանյանին սպանելու կասկածանքով:

Այս տարվա հունվարի 26-ին Նոր Նորքի ոստիկանությանն էր դիմել 34-ամյա Արմինե Ասլանյանը եւ հայտնել, որ իր մայրը հունվարի 26-ին տնից դուրս է եկել եւ չի վերադարձել: Նույն օրը ոստիկանությունում որպես անհայտ կորածի նյութեր են նախապատրաստվում, իսկ դրանից երկու օր անց հարուցվում է քրեական գործ՝ ՀՀ Քրօրի 104 հոդվածի հատկանիշներով (սպանություն): Ստեղծվում է օպերատիվ քննչական խումբ՝ բաժնի պետ, գնդապետ Մուշեղ Օհանյանի գլխավորությամբ: Օպերատիվ տեղեկություններն իրացնելով, ոստիկանները սպանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկում 78-ամյա Պատվական Հովակիմյանին: Ոստիկանությունում վերջինս պատմում է, որ ինքն է սպանել Մարո Ասլանյանին, որից հետո Արտաշատի դաշտերից մեկում այրել է նրա դին: Այդ ամենից հետո նա վերադարձել է տուն եւ այդ մասին պատմել որդուն՝ 43-ամյա Սերյոժա Հովակիմյանին:

Ոստիկանության օպերատիվ քննչական խումբը բաժանվում է երկու մասի, որում ներգրավվում են նաեւ Նոր Նորքի դատախազության աշխատակիցները: Մի խումբը մեկնում է Սերյոժա Հովակիմյանի հետեւից, իսկ մյուսը Պատվական Հովակիմյանի հետ մեկնում է այն վայրը, որտեղ նա այրել է արդեն մահացած 60-ամյա կնոջը:

Տափերականի գյուղացիները պատմում էին. «2-3 օր էր միլիցեքը «Վիլիսով», միգալկեքով մեքենաներով դաշտից տեղ չէին գնում: Էթում էին էն ծեր, գալիս՝ էս ծեր: 3 օր հետո իմացանք, որ միլիցեքը դաշտում վառված մարդու գանգ ու սապոգներ են գտել»:

Նշենք, որ սպանության օրը Պատվականն իր «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով Երեւան-Արտաշատ ճանապարհին՝ Շահումյան գյուղի հատվածում վրաերթի է ենթարկել Մարո Ասլանյանին: Նա վրաերթի ենթարկված կնոջը դնում է իր ավտոմեքենան եւ փորձում համոզել, որ նա չբողոքի: Ավտոմեքենայում կինը փորձում է իր բջջային հեռախոսով զանգել ոստիկանություն եւ «1-03» ծառայություն, սակայն Պատվականը բռնում է նրա վզից եւ խեղդում: Երբ համոզվում է, որ կինը մահացել է, 78-ամյա տղամարդը նրան տեղափոխում է Արարատի մարզի Տափերական գյուղին հարակից տարածք եւ այրում: Իր կողմից կատարված վրաերթը կոծկելու նպատակով, Պատվականը, փաստորեն, կատարում է ավելի դաժան հանցագործություն՝ սպանելով եւ այրելով կնոջը:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցված քրգործով Պատվականին մեղադրանք է առաջադրվել 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իսկ նրա տղային՝ հանցագործությունը թաքցնելու հոդվածով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28