Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկին զոհ՝ Շահումյանում

Փետրվար 09,2011 00:00

\"\"Փետրվարի 8-ին, վաղ առավոտյան՝ ժամը 5-ի սահմաններում, «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության Շահումյանի ստորգետնյա հանքում առաջին հերթափոխի ընթացքում (կեսգիշերից մինչեւ առավոտյան 8-ը) դժբախտ պատահար է տեղի ունեցել՝ մահացու ելքով: Ընկերությունն առայժմ տեղի ունեցածի մասին մանրամասներ չի հաղորդում, միայն նշում է, որ դժբախտ պատահարի հետեւանքով մահացել է կոմբինատի աշխատակից՝ 1977թ. ծնված Արմեն Եղիազարյանը: Կոմբինատի աշխատակիցների պատմելով, իրենց գործընկերը ընկել է քար տեղափոխող մեքենայի տակ: 33-ամյա Արմենը հորատող էր, Սիսիանի տարածաշրջանից էր տեղափոխվել Կապան եւ մոտ 7 տարի է՝ ինչ կոմբինատում է աշխատում: Ամուսնացած է եւ ունի 2 երեխա:

Արմենի հետ տեղի ունեցած դեպքից հետո ընկերության արձագանքման ջոկատը նրան տեղափոխել է Կապանի բժշկական կենտրոն: «Դինո գոլդ մայնինգ քամփնիի» պաշտոնական հաղորդագրությունում ասվում է նաեւ, որ Շահումյանի ստորգետնյա հանքավայրի տվյալ հատվածը մեկուսացվել եւ ընկերության արագ արձագանքման ջոկատի հսկողության տակ է առնվել: Տեղի ունեցածի մասին տեղեկացվել է Հայաստանի տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը, որի ներկայացուցիչներն էլ կիրականացնեն դեպքի ամբողջական քննությունը: Ընկերությունից տեղեկացնում են, որ փետրվարի 8-ին տեղի ունեցածի մասին հետագա տեղեկատվություն կտրամադրվի միայն դեպքի պաշտոնական քննության ավարտից հետո: Ընկերության ղեկավարությունն իր ցավակցությունն է հայտնում մահացածի հարազատներին, հանքի բոլոր աշխատակիցներին եւ կիսում ընտանիքի ու ընկերների վիշտը:

Հիշեցնենք, որ սա Շահումյանի հանքում մահվան ելքով առաջին պատահարը չէ: 2009 թվականի նոյեմբերի 15-ին նույն հանքում էլի հանքափոր էր զոհվել («Առավոտ», 18.11.2009, «Զոհ՝ Շահումյանում»):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել