Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԵՅԹՍԻՑ ՄԻՆՉԵՎ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ

Փետրվար 09,2011 00:00

Կամ արդարացվո՞ւմ է բուհերի խորհուրդների քաղաքականացված լինելը

«Առավոտի» երեկվա համարում անդրադարձել էինք բուհերի խորհուրդների քաղաքականացված լինելուն: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նշել էր, թե բուհերի խորհուրդները քաղաքականացված են մինչեւ վերջ, դրանց նախագահներն են ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, Երեւանի քաղաքապետը, ԱԺ փոխխոսնակը եւ այլք: Նա տարակուսել էր՝ մի՞թե ՀՀ նախագահը, որ նաեւ ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահն է, լինելով բազմազբաղ եւ գերծանրաբեռնված, այդքան ժամանակ ունի ղեկավարելու ԵՊՀ խորհուրդը:

Ի պատասխան՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն «Առավոտին» ասել էր՝ երկրի պաշտոնյաներն այնքան բարձր են գնահատում կրթության կարեւորությունը, որ պատրաստ են բուհերի խորհուրդների նախագահի լիազորությունները ստանձնելով, իրենց հնարավորությունների սահմաններում աջակցել կրթօջախներին: Ա. Աշոտյանը վկայակոչում է միջազգային պրակտիկան, ու որպես օրինակ նշում՝ Տեխասի Ագրարային համալսարանի խորհրդի նախագահն է Ռոբերտ Գեյթսը: Ինչ վերաբերում է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի խորհուրդը իր կողմից գլխավորելուն, ԿԳ նախարարն ասում է, թե քաջատեղյակ է Բժշկականի հին ու նոր խնդիրներին, հաջողություններին. «Ես այնտեղ սովորել եմ, ապրել տասնմեկ տարի, գիտեմ ամեն մի անկյուն, բոլոր դասախոսներն ինձ դաս են տվել, պատրաստ եմ օգտակար լինել բուհին՝ անկախ անձերից»:

Ա. Բախշյանի համոզմամբ, միակ բուհը, թերեւս, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանն է, որ «համահունչ» խորհրդի նախագահ ունի: Խոսքը Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի մասին է, որի թեկնածությունը, ըստ Բախշյանի, արդարացված է, քանի որ բուհի գործունեությունը կապ ունի քաղաքի խնդիրների հետ: Պատգամավորը հիշում է, որ երբ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահի ընտրություն էր, ու «անցնող» թեկնածուն էլ վարչապետ Տիգրան Սարգսյանն էր, ընտրություն հասկացության տրամաբանությունը պահելու համար, ինքը ստիպված է եղել սեփական թեկնածությունն առաջադրել, ինչը առաջացրել է ԿԳ նախարարի զարմանքը: «Նախարարն ասաց՝ ինտրի՞գ եք մտցնում: Ասացի՝ այո, ինտրիգ եմ մտցնում այնքանով, որքանով որ օրակարգում գրված է ընտրություն: Ես ուզում եմ լինի իսկական ընտրություն»,- նշում է պատգամավորը: Նա հարց է տալիս. «Եթե այդ պաշտոններին նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը եւ մյուսները չլինեն, կհեղինակազրկվե՞ն, թե՞ ոլորտները կտապալվեն: Այս քաղաքականությունն անհասկանալի է: Նորմալ պետության մեջ երկրի նախագահն իր գործունեությունն ունի՝ Սահմանադրությամբ ամրագրված: Նույնը վերաբերում է մյուս պաշտոնյաներին, գնացեք ձեր գործերով զբաղվեք: Եթե Ագրարային համալսարանի խորհրդի նախագահը Մանվել Բադալյանն էր, ՕԵԿ-ը չվերցրե՞ց-սեփականացրեց բուհի շենքի մի մասը: Սա կրթության որակին, բովանդակությանը հարվածող ռումբ է: Իմ համոզմամբ, բուհի խորհրդի նախագահ պիտի լինեն նախկին ռեկտորներ, նախկին դասախոսներ, որոնք գիտեն ոլորտը, հասկանում են ֆինանսական հաշվետվություններից, չէ՞ որ խորհրդի լիազորությունն է ամեն տարվա բյուջեն կազմել եւ հաստատել: Բյուջեի քննարկումը երկար ժամանակ է պահանջում, արդյո՞ք պաշտոնյաներն այնքան ազատ են, որ բանուգործը թողնեն ու մինչեւ վերջ նստեն խորհրդի նիստերին»: Ա. Բախշյանի խոսքով, եթե նման «տրամաչափի» պաշտոնյաներն են խորհուրդների նախագահները եւ մեր բարձրագույն կրթության որակն այսպիսին է, ուրեմն նրանք իրենց տեղում չեն, եւ լավ կլինի իրենց բուն գործերով զբաղվեն:

Քաղծառայության խորհրդի եւ Ագրարային համալսարանի խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը բուհի շենքի՝ կուսակցության կողմից սեփականաշնորհվելու «մասով» պարզաբանեց, որ դա եղել է կառավարության որոշմամբ եւ այն տարիներին, երբ չկային բուհական խորհուրդներ, հետեւաբար ինքն էլ խորհրդի նախագահ չէր. «Ամեն դեպքում, իմ կարծիքը երեւույթի վերաբերյալ նեգատիվ է, դրա մասին ժամանակին բարձրաձայնել եմ տարբեր ինստանցիաներում»: «Առավոտի» հարցին՝ հասցնո՞ւմ է համատեղել բուհի խորհրդի եւ Քաղծառայության խորհրդի նախագահի պաշտոնները, պարոն Բադալյանը պատասխանեց. «Բուհի խորհրդի նախագահ լինելը շատ մեծ ժամանակ եւ ամենօրյա աշխատանք չի պահանջում: Ես նաեւ դասախոսում եմ այդ բուհում եւ այսքան ժամանակ դեռ չեմ զգացել որեւէ ծանրաբեռնվածություն»: Օգտվելով առիթից, չէինք կարող չհարցնել՝ ինչո՞ւ Քաղծառայության խորհուրդը տեր չի կանգնում ամեն ղեկավարի փոփոխությամբ պայմանավորված՝ աշխատանքից ազատվող քաղծառայողներին: Երեւանի քաղաքապետարանի «մասով» Մ. Բադալյանն ասաց, որ մայրաքաղաքի կարգավիճակի փոխվելուց հետո քաղաքապետարանի աշխատակազմը քաղծառայության համակարգից դուրս է, այնտեղ իրականացվում է համայնքային ծառայություն: Ինչ վերաբերում է քաղծառայողներին, ըստ Բադալյանի. «Եթե մարդն իր ցանկությամբ է ազատվում աշխատանքից՝ նորմալ է, եթե դրդում են ազատվել, կխնդրեի, որ այդքան հեշտությամբ դիմում չգրեին: Եթե մարդը զգում է, որ իր տեղում է եւ մասնագիտորեն, եւ աշխատանքի որակի առումով, մեր կողմից հաստատ կարող է պաշտպանվել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել