Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբաջանյանից տրված իրավունք

Փետրվար 10,2011 00:00

\"\"Կոմպոզիտորի «Հերոսական բալլադը» այլեւս դաշնակահարուհի Կարինե Օհանյանի այցեքարտն է

Երաժիշտներից քչերին է բախտ վիճակվում հեղինակից լսել դրվատանքի խոսքեր ու ստանալ կատարման արտոնություն: Այս առումով խստապահանջ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը, ով չափազանց ժլատ էր գնահատականներում, իր «Հերոսական բալլադի» մեկնաբանման իրավունք, ժամանակին, այնուամենայնիվ, վերապահեց դաշնակահարուհի, միջազգային մրցույթի դափնեկիր Կարինե Օհանյանին: Այժմ, տարիներ անց, «Արամ Խաչատրյան» համերգասրահում փետրվարի 11-ին, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ (դիրիժոր՝ Վարդան Հակոբյան), արդեն Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Կ. Օհանյանը դարձյալ կհնչեցնի հիշյալ ստեղծագործությունը՝ իբրեւ հարգանքի տուրք Ա. Բաբաջանյանի ծննդյան 90-ամյակին:
«Առավոտի» հետ զրույցում ՀՀ վաստակավոր արտիստուհի Կ. Օհանյանը նշեց, որ այսօր էլ նա մեծ պատասխանատվությամբ է մոտենում «Հերոսական բալլադին», շեշտելով, որ այս երկը առանձնահատուկ է ցանկացած դաշնակահարի համար, մանավանդ բաբաջանյանական վիրտուոզ կատարումից հետո: Տեղին է հիշեցնել աշխարհահռչակ դաշնակահար Սվյատոսլավ Ռիխտերի խոսքերը՝ «Դժվար է պատկերացնել մեր վիճակը, եթե Առնոն ընտրեր ոչ թե կոմպոզիտորի, այլ դաշնակահարի կարիերան»: Կոմպոզիտորի հետ դաշնակահարուհու մտերմությունը սկսվել է 1970-ականների սկզբներին՝ Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում, ապա ասպիրանտուրայում՝ պրոֆեսոր Լեւ Վլասենկոյի դասարանում ուսանելու տարիներին:
«Անասելի հարգանք էր վայելում Առնո Հարությունովիչը ռուս երաժիշտների շրջանում: Եթե ոչ ամեն տարի, ապա հաճախ նրան հրավիրում էին կոնսերվատորիա՝ որպես դաշնամուրային ֆակուլտետի ավարտական քննությունների հանձնաժողովի նախագահ: Մի խոսքով, այն հազվագյուտ երջանիկներից եմ, որ վայելել եմ նրա սերն ու հովանավորությունը»,- ասաց Կ. Օհանյանը, շարունակելով, թե հովանավորությունը պետք չէ հասկանալ այսօրվա իմաստով: Հայտնեց նաեւ, որ վերջին շրջանում հաճախ մենահամերգ չի ունենում հենց «հովանավոր»՝ մենեջեր չունենալու պատճառով, կանխելով մեր հարցը, թե ԽՍՀՄ 85 քաղաքներում, Ֆրանսիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Բրազիլիայում մենահամերգներով հանդես եկած դաշնակահարուհուն ինչո՞ւ հաճախ չենք տեսնում բեմում (դաշնակահարուհու վերջին մենահամերգը կայացել է 2002թ. Ֆիլհարմոնիկի հետ, դիրիժոր Վ. Շուբլաձեի ղեկավարությամբ): Մինչդեռ երաժշտի կյանքում եղել են ժամանակներ, երբ նա համագործակցել է Վ. Գերգիեւի, Վ. Դուդարովայի, Կ. Կոնդրաշինի, Վ. Վերբիցկու, Ու. Շնայդերի, Դ. Խանջյանի եւ այլ նշանավոր դիրիժորների հետ: Կ. Օհանյանը նախընտրում է նաեւ կամերային բեմը: Նա բազմիցս դուետով հանդես է եկել ջութակահար Արտաշես Մկրտչյանի, թավջութակահար Մեդեա Աբրահամյանի եւ այլ երաժիշտների հետ: Զրույցի ընթացքում պարզվեց, որ կամերային բեմում ելույթ ունենալը ճոխություն է. եթե Ֆիլհարմոնիկի հետ համերգին իրեն հրավիրում են, ապա Կամերային տանը ինքը պետք է վարձակալի դահլիճը… 35 տարի մանկավարժական գործունեությամբ զբաղվող պրոֆեսորը, հիշելով իր սաներին եւ խոսելով ներկայիս իր դասարանի ուսանողներից, առանձնացրեց հատկապես երկուսին՝ Նառա Ավետիսյանին, ով հայտնի հեռուստահաղորդավար Նառա Շլեփչյանի թոռնուհին է, եւ մեծանուն օպերային երգչուհի Հայկանուշ Դանիելյանի ծոռնուհուն՝ Մարիաննա Ուզանկիչյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել