Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆուտբոլային աստվածները երես էին թեքել «մերոնցից»

Փետրվար 11,2011 00:00

\"\"Ռուսաստանի ընտրանու հետ խաղից առաջ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր փորձը ձախողվեց: Մեր ազգային հավաքականը Կիպրոսում 1:2 հաշվով պարտություն կրեց Վրաստանի թիմից: Սակայն փետրվարի 9-ին ֆուտբոլային աստվածները երես էին թեքել ոչ միայն մեր թիմից, այլ «մերոնցից» ընդհանրապես: Փետրվարի 9-ը Եվրո 2012-ի ընտրական «B» խմբի մասնակիցների օրը չէր՝ բացառությամբ՝ իռլանդացիների: Այս մրցափուլում Հայաստանի հավաքականին հաղթած միակ ընտրանին իր «եզակիությամբ» աչքի ընկավ նաեւ ընտրական հադիպումների այս շքերթում: Ջովաննի Տրապատոնիի սաները «B» խմբի միակ մասնակիցն էին, որ հաղթանակ տոնեցին ընկերական խաղում: Տրապատոնիի թիմը 3:0 հաշվով ջախջախեց Ուելսի ընտրանուն:

Իսկ այ, առաջիկա երկու ամիսների մեր գլխավոր ու միակ մրցակից՝ Ռուսաստանի հավաքականը Աբու-Դաբիում, թեկուզ նվազագույն հաշվով, բայց պարտություն կրեց Իրանի հավակնոտ թիմից: Սա իսկական անակնկալ էր ռուսների համար, մանավանդ այն բանից հետո, երբ վերջին օրերին նրանց գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկաատը մրցակցի ընտրությունը պատճառաբանում էր հայերի հետ նման խաղաոճով: Իհարկե, պարտությանն անմիջապես հետեւեցին տարատեսակ «արդարացում-հուսադրումները»՝ թե «ավելի լավ է պարտվել ընկերական խաղերում, այլ ոչ թե պաշտոնականում» կամ՝ «պաշտոնական խաղերում ավելի ագրեսիվ կգործենք…»: Բայց այս տրամաբանությամբ մեր խմբի գրեթե բոլոր թիմերը առաջիկա խաղերում խիստ ագրեսիվ են լինելու:

Մրցաշարային աղյուսակում Հայաստանի հավաքականի հետ միավորներ կիսող սլովակները, օրինակ, ֆուտբոլային օրվա ամենամեծ սենսացիաներից մեկի մասնակիցը դարձան: Վլադիմիր Վայսի՝ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 20-րդ հորիզոնականը զբաղեցնող սաները, ոչ ավել՝ ոչ պակաս, 2:1 հաշվով պարտվեցին 131-րդ տեղում հանգրվանած, մեղմ ասած, ոչ ֆուտբոլային Լյուքսեմբուրգին: Գուցե այս դեպքում էլ մրցակցի ընտրությունը շատ պրագմատիկ էր (սլովակները մարտի 26-ին մրցելու են մեկ այլ ոչ ֆուտբոլային երկրի՝ Անդորրայի հավաքականի հետ), սակայն այսօրինակ պարտությունը աշխարհի վերջին առաջնության եզրափակիչ մրցաշարի մասնակցի համար հաստատ ոգեպնդող չի լինի:

Նույն խաղին ընդառաջ՝ ոգեպնդվելու առանձնակի առիթ չունի նաեւ Անդորրան, ինչը կանխատեսելի էր: Սակայն, հանուն արդարության պետք է նշել, որ Կոլդո Ալվարեսի տղաները սեփական հարկի տակ 1:2 հաշվով զիջեցին մոլդովացիներին՝ վճռորոշ գնդակը բաց թողնելով միայն խաղավերջում նշանակված 11-մետրանոց տուգանային հարվածից, ինչը, գուցե թե, հուսադրի զրո միավորով՝ խմբում վերջին տեղը զբաղեցնող անդորրացիներին:

Մեր մրցակիցներից եւս մեկի հանդիպումն ավարտվեց «մերոնց» պարտությամբ. «Կարմիր առյուծները»՝ մակեդոնացիները, նվազագույն՝ 0:1 հաշվով զիջեցին «Անսանձ առյուծներին»՝ ի դեմս Կամերունի հավաքականի, ինչը, թերեւս, նույնպես կարելի էր կանխատեսել:

Այսպիսով, մեր խումբը ընկերական հանդիպումների շքերթում պարտություն կրեց՝ մասամբ անսպասելի ու սենսացիոն: Սակայն փաստ է, որ ոչ մեր ազգային հավաքականը, ոչ էլ մեր մրցակիցներն ամբողջապես պատրաստ չեն մեկուկես ամսից վերսկսվող մրցաշրջանին: Իհարկե, կարելի է այս ամենը բարդել միջմրցաշրջանային ժամանակահատվածի վրա, սակայն չմոռանանք, որ անգամ «B» խմբի թիմերի ֆուտբոլիստների համար մրցաշրջան ասվածը խիստ հարաբերական է. ոչ միայն տարբեր համակարգով են անցկացվում մեր մրցակից երկրների առաջնությունները, այլեւ՝ տարբեր համակարգով անցկացվող առաջնություններում են հանդես գալիս նույն հավաքականի անդամ ֆուտբոլիստները: Գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին դժվար է լինելու այս իրավիճակից արդյունք քաղել: Ու, երեւի թե, վաղուց արդեն ժամանակն է, որ ՖԻՖԱ-ն ընդհանրական համակարգ մշակի ֆուտբոլային մրցաշարերի անցկացման համար՝ անկախ առաջնության մասնակիցների թվից ու որակից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել