Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԴԱԼՆԵՐԻ ՍՊԱՍՈՒՄՈՎ

Փետրվար 16,2011 00:00

«B» խմբի առաջատար գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը:

\"\"Մոսկվայում ընթացող շախմատի «Aeroflot Open» միջազգային գերմրցաշարն այսօր կավարտվի: Հայ շախմատասերները սպասում են, որ «C» խմբում հանդես եկող մեր տղաների մեջ չեմպիոն եւ մրցանակակիր կունենանք:

Ամբողջ պայքարի ընթացքում առաջատարների շարքում ընթացող հայաստանցիները մրցաշարի վերջնամասում զարգացնելով հաջողությունը՝ վեցերորդ տուրից հետո կազմել էին լավագույն եռյակը, իսկ մյուսներն էլ հավակնում էին միջամտել մրցանակակիրների պայքարին: Սակայն մրցաշարի պահանջների համաձայն, հավասար ուժերը հերթական տուրերում հանդիպում են միմյանց հետ: Եվ ստացվեց այնպես, որ յոթերորդում միմյանց դեմ ելան Տիգրան Սիմոնյանն ու Արթուր Ղարագյոզյանը, Վարդան Խոջայանն ու Արամ Պլուզյանը: Հայկական զույգերի «մենամարտն» ավարտվեց առաջինների հաղթանակով, ինչի շնորհիվ էլ Տիգրան Սիմոնյանը 6,5 միավորով էլ ավելի ամրապնդեց առաջատարի իր դիրքերը՝ միանձնյա գլխավորելով մրցաշարային աղյուսակը: Տուրը հաջող ընթացավ նաեւ Դավիթ Շահինյանի համար, որը սեւերով պարտության մատնելով Ռուսաստանի ներկայացուցիչ Գլեբ Ապրիշկոյին՝ 6,0 միավորով բարձրացավ երկրորդ հորիզոնական: Ճիշտ է, նույնպիսի ցուցանիշ ունի նաեւ կանանց ՖԻԴԵ-ի վարպետ, ռուսաստանցի Վարվարա Ռեպինան: Նրանից կես միավոր պակաս ունեն 4-րդ տեղում ընթացող Արթուր Ղարագյոզյանը եւ Վարդան Խոջայանը (6-րդ տեղ), իսկ Սարգիս Մանուկյանը 5,0 միավորով 11-րդ հորիզոնականում է:

Երեկ կայացած նախավերջին՝ ութերորդ տուրում Տիգրան Սիմոնյանը սեւերով խաղում էր իր թիմակից եւ հաղթողի կոչման համար գլխավոր մրցակից Դավիթ Շահինյանի հետ, Արթուր Ղարագյոզյանը Ռեպինային երրորդ տեղից «գցելու» լավ հնարավորություն ուներ, քանի որ նրա հետ հանդիպում էր սպիտակ խաղաքարերով: Ավելի վեր բարձրանալու շանս էր ընձեռվել նաեւ Վարդան Խոջայանին: Եթե նա առավելության հասներ նույնպես 5,5 միավոր վաստակած եւ իրենից մեկ քայլ բարձր տեղ զբաղեցնող Վալերի Արտամոնովի նկատմամբ, կարող էր շրջանցել նաեւ Ռեպինային եւ իր երեք ընկերներին միանալով՝ կազմել առաջատարների քառյակը:

«B» խմբում հաղթողի կոչման համար ծանր պայքարը շարունակում է գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը: Նա յոթերորդ տուրում միավորը բաժանեց ֆիլիպինցի Դարվին Լայլոյի հետ եւ 5,5 միավորով մնում է առաջին հորիզոնականում: Սակայն այստեղ պայքարն ավելի է սրվել. միանգամից վեց շախմատիստ իրենց անվան դիմաց գրանցել են 5,5 միավոր եւ մրցաշարի ավարտին մնացած երկու տուրերից յուրաքանչյուրում անգամ կես միավորի կորուստը ճակատագրական կարող էր լինել: Երեկ Տիգրանի մրցակիցը Վլադիմիր Բելոուսն էր (Ռուսաստան): Հուսադրող էր այն հանգամանքը, որ նախ՝ մեր շախմատիստը խաղում էր սպիտակներով, ապա՝ մրցակիցը շախմատային կոչում չուներ: Բայց ժամանակակից շախմատում կոչումներն այնքան էլ նշանակություն չունեն: Եվ Բելոուսը դա արդեն ապացուցել է հենց «Aeroflot Open»-ում:

Առաջին պարտությունը կրեց «A» խմբում հանդես եկող Սերգեյ Մովսիսյանը՝ զիջելով սերբ Բոյան Վուչկովիչին: Տիգրան Լ. Պետրոսյանը հերթական հաղթանակը տարավ, իսկ Ավետիք Գրիգորյանը կես միավոր վաստակեց: Երեկ կայացած նախավերջին տուրից առաջ Տիգրանը 4,5 միավորով 14-րդն էր, Ավետիքն ու Սերգեյը՝ 3,5-ականով, համապատասխանաբար, 37-րդն ու 39-րդը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել