Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԳԻ 10%-Ը ԽԱՆԳԱՐՎԱԾ Է

Փետրվար 16,2011 00:00

Հոգեկան խանգարումներ ունեցողներն ավելացել են

«Հայաստանում կա 45 000 գրանցված հոգեկան հիվանդ,- երեկվա ասուլիսում ասաց հոգեբույժ Հարություն Միանսյանն ու շարունակեց:- Չնայած հանրապետությունում ունենք 2000 հոգեբուժական մահճակալ»:

Այսինքն՝ այս պահին հիվանդանոցային պայմաններում գտնվում է ընդամենը 2000 գրացված հոգեկան հիվանդ. մնացածը դուրսն է:

«Այսօր ոչ բոլորն են դիմում բժշկի կամ հաշվառվում, բայց մոտավոր հաշվարկներով կարելի է նշել, որ հոգեկան հիվանդների թիվը Հայաստանում 80 հազարի է հասնում: Սա դեռեւս չի արտացոլում իրական թիվը, քանի որ, ըստ միջազգային վիճակագրության, ազգաբնակչության մոտավորապես 10 տոկոսն ունի այս կամ այն տիպի հոգեկան խանգարում կամ հոգեբուժական օգնության կարիք»,- մեկնաբանեց հոգեբույժը: Այդ հաշվարկներով՝ Հայաստանում պետք է որ լինի մոտ 300 հազար տարբեր հոգեկան խանգարումներով տառապող հիվանդ, քանի որ բնակչության թիվը 3 մլն է: «Հոգեբուժական ծառայությունը շատ անելիքներ ունի, հոգեբույժների ծանրաբեռնվածությունը մեծ է: Վերջին տարիներին հոգեկան տարբեր խանգարումներ ունեցողների թիվն ավելացել է՝ հատկապես այն հիվանդությունների թիվը, որոնք պայմանավորված են սոցիալական պատճառներով. օրինակ՝ նեւրոզների խումբը: Ծանր սոցիալական պայմանները կարող են հանգեցնել նեւրոզների՝ չնայած նեւրոզների հիմքը ժառանգաբանական է, ինչպես բոլոր հոգեկան հիվանդություններինը»:

Հոգեկան հիվանդների վտանգավորության մասին էլ հոգեբույժն ասաց. «Նրանք, ի տարբերություն մարմնական հիվանդների՝ սրտային, քաղցկեղով տառապող, վտանգավոր են ոչ միայն իրենց, այլեւ շրջապատի համար: Քաղցկեղով հիվանդը մարդ չի սպանի, բայց ինքնասպանությունը չի բացառվում: Հնարավոր է քաղցկեղով հիվանդը ինքնասպան լինի՝ իմանալով, որ ծանր հիվանդ է: Իսկ հոգեկան հիվանդներն այդ վտանգն ունեն, որոնց համար կա հատուկ բաժանմունք՝ ծանր հանցագործություններ գործող հոգեկան հիվանդներ: Այստեղ կան գրանցված հոգեկան հիվանդների կողմից գործած ծանր հանցագործություններ, ընդհուպ մինչեւ իրենց հարազատների հանդեպ՝ կնոջը, հորը, մորը…»:

Որպես օրինակ հոգեբույժը հիշատակեց մեկ տարի առաջ Ղարաբաղում՝ ԱՄՆ-ից մեկ ու կես տարվա ծառայողի հանցագործությունը, որը նախ սպանել էր իր մարտական 5 ընկերներին, ապա ինքնասպան եղել. «Դեպքից հետո երիտասարդի պապիկը հայտարարեց, որ դեռեւս ԱՄՆ-ում երիտասարդը հոգեբուժական հիվանդանոցում է պառկել, բանտ է նստել: Այսինքն՝ եղել է քրեական անձնավորություն: Նրա արարքը հոգեկան անհավասարակշռության դեպք է: Եվ մյուս դեպքը, որ եղել է նույն հոգեկան անհավասարակշռության հողի վրա՝ Սեւանում գազի բալոնով ծնողների սպանությունն է, որը կատարել էր կրկին մի երիտասարդ: Սպանությունից հետո նա ասել էր, որ Եհովան է իրեն ասել, որից հետո եհովականները հերքեցին նրա «Եհովայի վկա» լինելը: Հետո պարզվել է, նաեւ հարեւաններն էին փաստել, որ նա հոգեկան շեղումներ է ունեցել»:

Հ. Մինասյանը ինքնասպանությունների մասին էլ ասաց. «Ինքնասպանությունը չարիքի փոքրագույնն է, այսինքն՝ անմեղ մարդիկ էլ են զոհ դառնում: Սակայն ինքնասպանությունից երբեք խուսափել չի լինում: Ինքնասպանության դիմում են ընկճված, իրենց նվաստացած զգացող, անպիտանելիության զգացումով համակված մարդիկ: Բայց այս պարագայում մարդը ոչ թե հոգեկան շեղում ունի, այլ զուտ ընկճված վիճակ է»:

Հոգեբույժը դժգոհեց նաեւ հոգեբուժական կլինիկաների եւ հոգեբույժների հանդեպ հասարակության բացասական վերաբերմունքից. «Շատ դժվարությամբ ենք հաշվառում մեր հիվանդներին: Մինչեւ ոսկորը կոկորդներին չի հասնում՝ մարդիկ հոգեբուժական օգնության չեն դիմում: Ոչ ոք երբեք իր ոտքով չի գալիս հոգեբույժի մոտ: Նրանց խանգարում է՝ «հո ես հոգեկան հիվանդ չե՞մ» միտքը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28