Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Փետրվար 17,2011 00:00

\"\"Ոստիկանները վարորդների դռներն են ընկնում եւ սպառնում

Երեկ Նոյեմբերյանի կենտրոնում կայացավ միտինգ, ուր «Ժառանգություն» կուսակցությունից ԱԺ պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանը եւ Արմեն Մարտիրոսյանը տավուշցիներին պատմեցին Շիրակի եւ Լոռու մարզերում վրացական համարանիշներով մեքենաների տերերի պայքարի մասին: Շիրակցի եւ լոռեցի վարորդները ՀՀ իշխանություններին չորս պահանջ են ներկայացրել. Հայաստանում վրաստանյան պետհամարանիշներով ավտոմեքենաների երթեւեկության համար վերականգնել այն օրենսդրական ռեժիմը, ինչը գործում էր մինչեւ 2010թ. վերջը, ամսական մեկ անգամ սահմանը հատելու պարտադրանքի փոխարեն մտցնել ամսական 2- հազարական դրամ վճար, արմատապես փոխել ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծման վճարների հաշվարկի համակարգը, դրույքաչափերը եւ վճարները՝ այնպես, որ շարքային քաղաքացիների համար շահեկան լինի մեքենաներ ներկրել եւ մաքսազերծել, ՀՀ գործող օրենսդրության մեջ այնպիսի փոփոխություններ կատարել, որ հնարավոր դառնա վրացական համարանիշներով ավտոմեքենաների վարումը լիազորագրով այլ անձանց վստահելը:
Նոյեմբերյանի հավաքի շարունակությունը վրացական համարանիշներով եւ հայկական եռագույն դրոշներով ավտոմեքենաների երթն էր դեպի Բագրատաշեն՝ մաքսակետ: Մաքսակետի մատույցներում ոստիկանների շղթան փակեց շարասյան ճանապարհը: Ոստիկաններն ասում էին, որ շարասյունը խնդիրներ է ստեղծում մաքսակետ ելումուտի համար: Պատգամավորների հետ բանակցություններից հետո վարորդներին թույլատրվեց ոտքով շարժվել մինչեւ մաքսային գոտու սահման-արգելափակոց: Որոշվեց, որ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի եւ «Առավոտի» թղթակցի հետ եւս 5 վարորդ հանդիպի մաքսակետի պետ Կարեն Գրիգորյանին: Վերջինիս աշխատասենյակում էր նաեւ Գուգարքի տարածաշրջանային մաքսատան պետ Հովիկ Աբովյանը: Կարեն Գրիգորյանն ասաց, որ բողոքողների դիմումն ընդունելն իր իրավասությունների մեջ չէ: Կարեն Գրիգորյանն ու Հովիկ Աբովյանը Ստյոպա Սաֆարյանին ասացին, որ Մաքսային օրենսգրքի փոփոխությունների դեմ պետք էր հանդես գալ խորհրդարանում: Նաեւ տեղեկացրին, որ վրացական համարանիշներով մեքենաների տերերը երբ փորձում են Վրաստանում մեքենան հաշվառումից հանել, վրաց պաշտոնյաները ստիպում են գտնել այն վրացուն, ում անունով մեքենան հաշվառված է եւ վճարել նաեւ վերջինիս կոմունալ ծառայությունների պարտքերը: Հովիկ Աբովյանը, որպես խնդրի լուծում, կառավարությանն առաջարկել է վրացական համարանիշներով մեքենաների վարորդներին, որոշ ժամկետով, ասենք՝ 6 ամսով, տալ անտոկոս վարկ մեքենաների մաքսազերծման համար:
Երեկ Գյումրիում էլ շարունակվեց վրացական պետհամարանիշ ունեցող վարորդների բողոքի ակցիան: Ինչպես նախատեսված էր, այս անգամ գյումրեցիներին միանալու էին վանաձորցի վարորդները՝ հայտարարված «անիլլաջ» օրը նշելու: Սակայն պարզվեց, որ ճիշտ նախորդ օրվա սցենարն է կրկնվել Ջաջուռի ճանապարհին. վարորդների անվտանգությամբ «մտահոգված» ոստիկաններն այս անգամ «պատանդ» էին վերցրել վանաձորցի վարորդներին՝ մի քանի ժամ չթույլատրելով շարժվել Գյումրի: Նույնիսկ չթույլատրեցին այն դեպքում, երբ վանաձորցի վարորդները ցանկություն հայտնեցին մեքենաները թողնել ճանապարհին ու ոտքով շարժվել:
Երեկ ոստիկանները «ինքնահրմշտվում» էին՝ ցանկանալով ծեծկռտուք սարքել վարորդների հետ: Գլխավոր դերում դարձյալ Ախուրյանի ոստիկանապետ Վահրամ Ենգոյանն էր, ով չի դադարում իր «քաղաքակիրթ» պահվածքով ապշեցնել ինչպես վարորդներին, այնպես էլ լրագրողներին: «Ոստիկանախեղդ» էին արել նաեւ Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը: «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը տեղեկացրեց, որ ոստիկանները սկսել են ընկնել վարորդների տները՝ նրանց հարազատներին ահաբեկելով: Զրույցի պահին նրանք արդեն հասցրել են հինգ վարորդի տուն այցելել: Բազմաոստիկան էր նաեւ «Ասպարեզ» ակումբի մատույցներում: Լեւոն Բարսեղյանի պատմելով, իրավապահները նախ ծանոթ են մեջ գցում՝ «մորքուրօղլի», քույր, փեսա, այնուհետեւ հասնում են տները, խորհուրդ տալով՝ «Հեռու մնացեք, թե չէ՝ ինչ ասես ավտոյիդ միջից չենք հայտնաբերի»: «Թե ինչի էր ընդունակ սովետական միլիցիան, բոլորս գիտենք, բայց թե ինչի են ընդունակ սրանք, ոչ մեկը չգիտե: Ամեն ինչի էլ ընդունակ են, կարող են փռվել ու շառ անել, որ մեքենայի տակ են գցել: Ինչ տեսակ միլիցիա ասես չկա՝ պագոնավոր, անպագոն, ծպտված, բացահայտ»,- թվարկում է «Ասպարեզ» ակումբի նախագահը՝ վարորդներին խուրհուրդ տալով իրենց մեքենաները նախապես խուզարկել ու ինչ կա-չկա՝ միջից հանել:
Լեւոն Բարսեղյանը տեղեկացրեց, որ շիրակցի ԱԺ պատգամավորներից վարորդների բողոք-նամակին երեկ արձագանքել է ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Մարտուն Գրիգորյանը, ով խոսելով Գագիկ Ծառուկյանի հետ, համաձայնության է եկել վարորդների ու կառավարության պատասխանատուների հետ հանդիպում կազմակերպել, միջնորդ հանդիսանալ «փոխշահավետ» համաձայնության գալու համար: «Ժառանգության» պատգամավորները հայտնեցին, որ խորհրդարան է ներկայացվել իրենց խմբակցության եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Սամվել Բալասանյանի հեղինակած վրացական համարանիշներով մեքենաների մաքսազերծման վերաբերյալ օրինագիծը:
Մինչ նախագիծը կքննարկվի, «Ժառանգությունն» ու վարորդները նախատեսում են այսօր էլ ՀՀ կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա կազմակերպել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել