Լրահոս
Օրվա լրահոսը

«Արարատը» մնաց առանց գլխավոր մարզչի

Փետրվար 17,2011 00:00

\"\"Երեւանի «Արարատը» մրցաշրջանին կրկին մոտենում է «անդամալույծ» վիճակով. օրերս հրաժարական է տվել թիմի գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը: Նման որոշման երիտասարդ մասնագետը հանգել է թիմի հանդեպ ակումբի սեփականատերերի անտարբեր վերաբերմունքի պատճառով: «Մրցաշրջանին թիմի նախապատրաստության հարցում լուրջ  քայլեր չարվեցին առաջնությանը պատշաճ կերպով ներկայանալու համար: Այսպիսի պատրաստվածությամբ ու կազմով մենք չենք կարող լուրջ անելիք ունենալ ուժեղագույնների խմբում եւ «Կիլիկիայից» ավելի լավ չենք խաղա: Ես չեմ ուզում խայտառակվել: Այդ պատճառով էլ որոշեցի հրաժարվել գլխավոր մարզչի պարտականություններից»,- պարզաբանում է Եսայանը:
Եվ իսկապես, «Արարատը» բարձրագույն խմբի առաջնության միակ թիմն է, որը մինչ օրս չի անցկացրել ուսումնամարզական գոնե մեկ հավաք՝ թեկուզ Հայաստանում: Մինչդեռ, մյուս բոլոր ակումբներն արդեն հասցրել են առնվազն մեկական արտասահմանյան հավաք կազմակերպել: Ակումբի ղեկավարները  առատաձեռնություն չեն ցուցաբերել նաեւ թիմի համալրման գործում: Ողջ հունվարի ընթացքում խոսակցություններ էին պտտվում արտասահմանցի լեգեոներների մասին, ովքեր այդպես էլ «Արարատ» չհասան: Իհարկե, կարելի է հիշել, որ նախորդ առաջնության ավարտին ակումբի փոխնախագահ Արկադի Անդրեասյանը հայտարարել էր, թե 2011-ին լուրջ համալրումներ չեն սպասվում, քանի որ թիմի առջեւ լուրջ խնդիրներ չեն դրվելու: Դրա պատճառն էլ, ըստ Անդրեասյանի, «Արարատի» հանդեպ ՀՖՖ-ի կիրառած սուբյեկտիվ վերաբերմունքն էր: Սակայն փաստ է, որ հերթական անգամ «Արարատի» ղեկավարությունն ինքն է հրահրում ու սադրում: Տվյալ պարագայում՝ արդեն իր թիմի գլխավոր մարզչին: Ու հերթական անգամ ստիպված ենք փաստել, որ հայկական ֆուտբոլի բրենդ հանդիսացող «Արարատը» կրկին տրվել է բախտի քմահաճույքին, ճիշտ այնպես, ինչպես հենց նույն ակումբին պատկանող Ձորաղբյուրի մարզաբազան: Դեռեւս 2002-ին «Արարատի» սեփականատերեր «Ֆրանկ Մյուլլեր» եւ «Սիրկապ» ընկերությունները պայմանագիր կնքեցին Սպորտի պետական կոմիտեի հետ՝ 50 տարով Ձորաղբյուրի մարզաբազայի վարձակալության վերաբերյալ: Ըստ պայմանագրի, բազան «Արարատ» ակումբին էր հանձնվում վերանորոգման նպատակով ու պայմանով, որ մարզադահլիճները նորոգելու համար 3 տարվա ընթացքում կներդրվի 1,5 մլն դոլարին համարժեք դրամ: Սակայն մինչ օրս միայն մանր-մունր աշխատանքներ են կատարվել ու բազայի շահագործման մասին խոսակցություններն այդպես էլ մնացել են խոստումների մակարդակում: Ակումբի նախագահ Հրաչ Կապրիելյանը պարբերաբար հայտնվում է Հայաստանում, մի քանի օրում հասցնում ՀՖՖ հասցեին մեղադրական մամլո ասուլիսներ տալ՝ «Արարատի» հանդեպ ունեցած սուբյեկտիվ վերաբերմունքի ու գործելաոճի համար: Իսկ հետո նույնքան արագ անհետանում է՝ այդպես էլ անպատասխան թողնելով շատ ու շատ հարցեր եւ, որ ամենակարեւորն է՝ դե ֆակտո անտեր թողնում «Արարատն» իր ողջ ենթակառույցներով: Ի դեպ, այդ անտերությունը «ծանրակշիռ հիմնավորում» ունի Կապրիելյանի համար, որը նա մատի փաթաթան է դարձրել արդեն որերորդ տարին. ներկայիս ֆեդերացիայի ղեկավարության օրոք անհնար է զարգացնել ֆուտբոլը Հայաստանում, անիմաստ է ներդրումներ կատարել հայկական ֆուտբոլում ու ակումբում: Իսկ «Արարատից» հրաժարվելն ու բաժնետոմսերը վաճառելը, բնականաբար, ակումբի սեփականատերերի ծրագրերի մեջ չեն մտնում. նրանք սիրում են հայկական ֆուտբոլն ու «Արարատը», բայց յուրովի՝ «ծեծում է, ուրեմն սիրում է» կարգախոսով: Դրա արդյունքն էլ մրցաշրջան 2007-ին տարօրինակ մարզչափոխություններն էին, մրցաշրջան 2009-ին՝ խայտառակ ելույթները բարձրագույն խմբի առաջնությունում, մրցաշրջան 2010-ում՝ առաջին խմբում հանդես գալը եւ վերջապես՝ մրցաշրջան 2011-ի նախապատրաստական փուլի կատարյալ ձախողումն ու մրցաշրջանի մեկնարկից երկու-երեք շաբաթ առաջ գլխավոր մարզչի հրաժարականը:
Տպավորություն է ստեղծվում, որ ակումբի ղեկավարությանը առհասարակ չի մտահոգում թիմի անմխիթար վիճակը, այլ պետք է ընդամենը «Արարատ» անունը: Բրենդն է գրավում նրանց՝ անկախ թիմի ֆունկցիոնալ վիճակից:
Ու այսօր «Արարատը» հերթական անգամ բախտի քմահաճույքին է տրված…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել