Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատասխան եք տալու ձեր փնթի աշխատանքի համար»

Փետրվար 18,2011 00:00

ՀՌԱՀ-ին երեկ խոստացավ «Ա1+»-ի ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը

\"\"«Անկեղծ՝ լավատեսությամբ, սպասում էի խոստացված սենսացիային: Կարծում էի, որ պիտի բացահայտված լինեին կեղծ փաստաթղթերի հեղինակները եւ դրանց մասնակիցների անունները: Ցավոք, դրանք դեռեւս հրապարակված չեն»,- ընդամենն այսպես արձագանքեց ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը, երբ նրան խնդրեցինք մեկնաբանել այն փաստերը, որոնք երեկ ասուլիսում հրապարակեց «Ա1+»-ի շահերի ներկայացուցիչ Տիգրան Տեր-Եսայանը:

Ամենակարեւոր փաստը հետեւյալն էր. «Արմնյուզ» ընկերությանը հաղթող ճանաչելու վերաբերյալ ՀՌԱՀ թիվ 96-Ա որոշման մեջ նշված է. «Ընկերությունը ներկայացրել է ՀՀ-ում գրանցված «Ամերիա բանկ» ՓԲԸ կողմից իրեն 500000000 ՀՀ դրամ վարկ տրամադրելու պատրաստակամությունը հավաստող փաստաթուղթ (էջ 232)»: Իսկ տվյալ փաստաթղթում նշված է, որ «Ամերիան» պատրաստ է «Առեւտրային վարկավորման ընթացակարգի պայմաններին համապատասխան՝ «Արմնյուզ» ՍՊԸ-ին տրամադրել վարկ»: Մինչդեռ 2002 թվականի հոկտեմբերի 16-ին ՀՀ պետական ռեգիստրը գրանցել է «Արմնյուզ» ՓԲԸ-ն՝ փակ բաժնետիրական ընկերությունը, այլ ոչ թե ՍՊԸ-ն՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: «Արմնյուզ» ՓԲԸ-ն չունի՛ նման հավաստագիր,- ասաց պրն Տեր-Եսայանը:- «Արմնյուզ» ՍՊԸ գոյություն չունի ՀՀ-ում, եւ այս հավաստագիրն առ ոչինչ է»: Հիշեցրեց նաեւ, որ սա ֆինանսական միակ փաստաթուղթն է, որը մրցութային առաջարկում ներկայացրել է «Արմնյուզը», մինչդեռ «Ա1+»-ը ներկայացրել էր 6-ը: «Կես միլիարդ դրամ խաբեությունը չի նկատվում, բայց 30 հազար քվեարկող ձայների մեջ երկուսը նկատվում են»,- հավելեց «Ա1+»-ի ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը՝ նկատի ունենալով «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի միջոցով հoգուտ «Ա1+»-ի հանգանակությունը:

Ներկայացված մյուս բացահայտումն էր. 2002-ին գրանցված այդ ընկերության մրցութային առաջարկում եթերային մասնագետ Գրիգոր Խաչատրյանի մասին նշված է, որ նա 2001 թվականից է աշխատում «Արմնյուզ» ՓԲԸ-ում: Տիգրան Տեր-Եսայանը վստահություն հայտնեց, որ եթե ՀՌԱՀ անդամները կարդացած լինեին «Արմնյուզի» մրցութային առաջարկը՝ կնկատեին այս ամենը. «Եթե մի դեպքում նկատում են, որ ստորագրությունը կամ կնիքը ինչ-որ չեն համապատասխանում, եւ վարչական գործողություններ են ձեռնարկում՝ այս դեպքում էլ պիտի կասկածներ առաջանային, եւ ՀՌԱՀ նախագահը պետք է հետաքրքրվեր ու պարզեր՝ արդյոք «Արմնյուզի» ներկայացրած 72 աշխատակիցների կարգավիճակը ճի՞շտ է, թե՞ ոչ: Բայց չեն արել»:

2010 թվականի հոկտեմբերի 28-ին «Առավոտը» հրապարակել էր, որ ըստ ՀՌԱՀ կայքէջի՝ մրցույթին մասնակցում է «Արմնյուզ» ՍՊԸ-ն, երբ նման ընկերություն գրանցված չէ: ՀՌԱՀ նախագահը նույն օրն իսկ պնդեց, թե դա վրիպակ է, եւ կայքէջում արվեց ուղղում: Մեր հարցին, թե չի՞ կարծում, որ այժմ էլ ՀՌԱՀ-ը կհայտարարի, թե այս ամենն ուղղակի վրիպակներ են՝ Տիգրան Տեր-Եսայանը մասնավորապես այսպես արձագանքեց. «Չեմ բացառում, որ տպագրական սխալ լինի: Ինչպես նույն սխալը՝ թյուրիմացությունը, «Մելտեքսի» փաթեթում Աննա Տանելյանի ստորագրության հետ էր կապված՝ 280 հազար եվրոյի հավաստագրում, բայց չընդունվեց»: Եվ հավելեց. «Մենք խնդրում էինք՝ ասում էինք, կանչեիք դիմումատուին՝ հարցնեիք, այ սա ինչո՞ւ է այսպես: Ես ունեմ իմ վերջնական համոզմունքը՝ չէի՛ն ուզում լսել ու վերջ»: Հիշեցնենք, սակայն, որ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի 32 հոդվածի համաձայն՝ «Եթե դիմումում առկա են ձեւական սխալներ, որոնք կարող են շտկվել, ապա վարչական մարմինը դրանք մատնացույց է անում դիմողին՝ նրան հնարավորություն ընձեռելով շտկելու այդ սխալները»:

Այս ամենը որոշ մանրամասներ էին հայցից, որը երկուշաբթի «Մելտեքս» ընկերությունը կներկայացնի Վարչական դատարան՝ բողոքարկելով ՀՌԱՀ որոշումը, որով հաղթող ճանաչվեց «Արմնյուզը»: Հայցի պահանջն է՝ ճանաչել «Ա1+»-ի խախտված իրավունքն ու չեղյալ համարել թիվ 96-Ա որոշումը: «Ամալյանը կանգնելու է դատարանի առջեւ՝ որպես հանձնաժողովի նախագահ, իր ամբողջ կազմի հետ միասին, եւ պատասխան է տալու իր փնթի աշխատանքի համար,- ասաց պրն Մովսեսյանը:- Դիմելու եմ նաեւ կառավարությանը, որ ցրեն այդ կազմը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել