Լրահոս
Օրվա լրահոսը

ՑՈՐԵՆԻ ՍԵՐՄԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԱՆ ԴՈՒՐՍ ՉԵԿԱ՞Վ

Փետրվար 18,2011 00:00

Կառավարությունը որոշել է խթանել հանրապետությունում  գարու արտադրությունը

Որպեսզի ավելանան գարու ցանքատարածությունները եւ համախառն բերքի արդյունքը, առաջիկայում Ուկրաինայից կներկրվի 2000 տոննա գարու սերմացու եւ անվճար կտրամադրվի հողօգտագործողներին: Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության երեկվա նիստում ասաց, որ նախատեսել են գարու սերմացուներով աջակցել 14 000 տնտեսության. «Այս ծրագիրը ցորենի սերմաբուծության շարունակությունն է, բայց այս անգամ ունի հստակ սոցիալական ուղղվածություն: Չեմ բացառում, որ եթե պահանջարկը գերազանցի 2000 տոննան, եւս 1000 տոննա սերմացու ներմուծենք»: Պարոն Սարգսյանը նորից հիշեցրեց, որ տարեվերջին գյուղատնտեսության ոլորտից ակնկալում են առնվազն 10% աճ:

Առաջ դեպի գիտելիքահենք տնտեսություն: Այս սկզբունքով առաջնորդվելով՝ մեր կառավարությունը որոշել է Հայաստանում ինովացիոն տնտեսություն ձեւավորել: Հաստատվել է մեկնարկային հայեցակարգը: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի համոզմամբ, սրանով Հայաստանն իր առաջին քայլերն է անում դեպի գիտելիքահենք տնտեսություն: Նախարարի խոսքով, հայեցակարգով չեն հավակնում մանրամասն նկարագրել, թե ինչպես են պատրաստվում մեր երկրում ձեւավորել ինովացիոն տնտեսությունը, այլ՝ թե ինչպես են պատկերացնում դրա ձեւավորումը: Կառավարության մեկ այլ որոշմամբ, առաջիկայում կվերանայվի տնտեսվարող սուբյեկտների՝ պարտադիր կնիք ունենալու պահանջը: Էկոնոմիկայի նախարարի խոսքով, շատ հնարավոր է, որ առաջիկայում ընդհանրապես վերանա պարտադիր կնիք ունենալու պահանջը: Այս որոշումն իրագործելու համար կառավարությունը փոփոխություններ կատարեց ավելի վաղ ընդունած միանգամից 80 որոշման մեջ: Իրավաբանական անձանց ու ձեռնարկատերերի համար էլ հեշտացվեց պետական գրանցումը: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի խոսքով, մինչ օրս պետական գրանցումն, իսկապես, բարդ ընթացակարգերով էր կազմակերպվում: Այն շատ ժամանակատար էր ու լրացուցիչ դժվարություններ էր առաջացնում: Կոռուպցիոն բոլոր հնարավոր ռիսկերը նվազեցնելու նպատակով առաջիկայում կներդրվի «մեկ պատուհանի կանգառ» սկզբունքը, եւ իրավաբանական անձինք պետական գրանցում ձեռք բերելու համար այլեւս ստիպված չեն լինի գերատեսչությունից գերատեսչություն դիմել: Հիմա արդեն անհրաժեշտ է դիմել միայն արդարադատության նախարարության կազմում գործող իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն: Օրենսդրական փոփոխությունների արդյունքում վերացվել է նաեւ անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման պահանջը, հիմա արդեն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել ցանկացող անձը պետք է հաշվառվի գրանցող մարմնի կողմից: Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ արդարադատության նախարարից հետաքրքրվեց, թե երբվանից է նոր կարգը գործելու: Պարոն Թովմասյանը դժվարացավ պատասխանել: Նախ նա նշեց, թե մարտի 1-ից, հետո էլ ասաց, թե մարտի 7-ից: Վարչապետն էլ կատակեց, թե դա նվեր է կանանց տոնին: Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման ու մրցունակության վարկային ծրագիրը սկսելու նպատակով կառավարությունը գյուղատնտեսության նախարարությանը հատկացրեց $450000: Վարչապետի խոսքով, սա Համաշխարհային բանկի կողմից մանրակրկիտ ուսումնասիրված ծրագիր է. «Մոտ 55 համայնքում իրականացվելու են լուրջ բարեփոխումներ: Արդյունքում ծրագրից կօգտվեն սոցիալապես անապահով ընտանիքները, կզարգանա անասնաբուծությունը, չօգտագործվող արոտավայրերն էլ կօգտագործվեն, կկառուցվեն ճանապարհներ, կստեղծվեն կաթի մշակման կետեր: Ծրագրի ընդհանուր արժեքը մոտ $23 միլիոն է: Որպեսզի ժամանակ չկորցնենք, մեր բյուջեից այսօր կհատկացնենք $450 000 ու պիլոտային ծրագիրը կմեկնարկենք 5 համայնքներում: Արդեն գարնանը բոլոր 50 համայնքն էլ կընդգրկվեն ծրագրում»: Վարչապետի խոսքով՝ եթե ապագայում հաջողություններ արձանագրվեն, չի բացառվում, որ Համաշխարհային բանկից լրացուցիչ միջոցներ կխնդրեն՝ համայնքների ցանկը ընդլայնելու համար: Նրա խոսքով, կառավարությունն առաջին անգամ է նման լավ ծրագիր իրականացնում: Առաջիկայում էլ պետությունը կհամաֆինանսավորի գյուղտեխնիկայի ձեռք բերումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել