Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԵՄ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ, Ի ՆՊԱՍՏ ԱՐՏԱԳԱՂԹԻ

Փետրվար 18,2011 00:00

\"\"Վրացական պետհամարանիշներով մեքենաների վանաձորցի վարորդները երեկ այդպես էլ չմասնակցեցին Երեւանում ՀՀ կառավարության շենքի դիմաց անցկացվելիք բողոքի ակցիային. վաղ առավոտից ճանապարհային ոստիկանության աշխատակիցները փակել էին Վանաձոր-Երեւան ճանապարհը՝ միայն վրացական համարանիշներով մեքենաների համար: Վարորդների հետ էր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, ով հայտարարեց. «Սա Սահմանադրության կոպիտ խախտում է, մարդու ազատ տեղաշարժվելու իրավունքն է ոտնահարվում: Ոստիկանությունն արդեն անցել է անօրինական գործողությունների շարքին, լավ բան չի սպասվում: Նույնիսկ տրամաբանության չի ենթարկվում: Չգիտես՝ ինչ են պաշտպանում»:

Երթին ուղեկցող ոստիկաններն ավելի շատ էին, քան բողոքավոր-վարորդները: Մեր հարցին, թե ինչո՞ւ են արգելում վարորդներին հասնելու մայրաքաղաք, ՀՀ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի հրամանատարությունը ամենայն լրջությամբ պատասխանեց. «Խնդրում ենք, չեն գնում: Այ հրեն՝ պատգամավորին էլ ենք ասում՝ գնա, ասում ա՝ չէ: Համ էլ իրանց մասին ենք մտածում: Ճանապարհները սառած են: Էսա մի քիչ տաքանա, կթողանք»: Իսկ թե հայկական պետհամարանիշներով մեքենաների համար ճանապարհները ինչու են բարենպաստ՝ հարցի պատասխանը գուշակության եւ կանխատեսման բաղադրիչ ուներ. «Նրանք Սպիտակ են գնում: Երեւան չեն հասնում»: Վրացական համարանիշներով որոշ մեքենաներ հաջողեցին անցնել «սահմանը», ու ոստիկանը փարատեց մեր տարակուսանքը. «ինքը վրացի ա, հայերեն չգիտի, չի կարա ձեր հետ խոսա»: Ոստիկանների գործողությունների արդյունքում ավելի շատ տուժեցին այն վարորդներն ու նրանց ուղեւորները, ովքեր կապ չունեին երթ-բողոքի հետ: «Ժամը 12-ի ռեգիստրացիայից ուշանում եմ: Եթե ռեսից ուշացա, փողերը ձեզնից եմ պահանջելու: Այ սենց եք անում, որ գնում ենք Հայաստանից»,- բորբոքված ասում էր Երեւանի օդանավակայան շտապող մի քաղաքացի: Իսկ ոստիկանները շարունակում էին ընդհատել դեպի մայրաքաղաք ընթացող վրացական պետհամարանիշներով մեքենաների երթը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել