Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՄԵՔԵՆԱՆ ԷԼ ԵՆ ՄԱՔՍԱԶԵՐԾՈՒՄ

Փետրվար 18,2011 00:00

ՊԵԿ-ը ինչ ավտոմեքենա տեսնում է՝ որոշում է մաքսազերծել

ՀՀ պետեկամուտների կոմիտեի՝ ավտոմեքենաների մաքսազերծման մոլուցքն այն աստիճանի է հասել, որ այս գերատեսչությունը սկսել է մաքսազերծում պահանջել նույնիսկ օտար երկրում գրանցում ունեցող ավտոմեքենաներից:

Տիգրան Մոսինյանը անցյալ տարվա հոկտեմբերի 4-ին Իտալիայից իր սեփական՝ 1999 թվականի արտադրության «Ֆիատ Մարեա» ավտոմեքենայով որոշում է գալ Հայաստան, սակայն Բագրատաշենի անցակետում մաքսավորները նրանից պահանջում են մեքենան տանել Նորագավիթի մաքսատուն՝ մաքսազերծելու: Տ. Մոսինյանի այն պնդումներին, որ ավտոմեքենան հաշվառված է Իտալիայում, հետեւաբար մեր մաքսավորները պարզապես օրենքով իրավունք չունեն այն մաքսազերծելու, մաքսայինը բանի տեղ չի դնում: Տ. Մոսինյանի ավտոմեքենայի համար Մաքսային կոմիտեն բանավոր կերպով (գրավոր հիմնավորում չկա) պահանջել է մոտ $2000 մաքսատուրք, ինչը, պարոն Մոսինյանի խոսքերով, պարզապես աբսուրդ է. «Բայց իրենք իրենց գնացուցակով են հաշվարկ անում ու իրենց ուզած թիվը կրակում: Բացի այդ, մաքսազերծելու համար ես նախ պետք է իմ ավտոմեքենան Իտալիայում հաշվառումից հանեի, ինչը արված չէ: Այսինքն, եթե իրենք պատճառաբանում են, որ օրենքն է պահանջում, ապա նախ ինձնից պետք է պահանջեին՝ հաշվառումից հանել, նոր միայն ժամկետ նշանակեին մաքսազերծման համար: Իսկ մաքսայինը միանգամից պահանջում է վճարել $2000, ընդ որում, եթե 10 օրում չվճարեմ՝ 100 հազար դրամ տուգանք կգա»: Իսկ մինչ մաքսատուրքը վճարելը՝ կոմիտեն Տ. Մոսինյանից պահանջել է այն կայանել մաքսային պահեստում, որի համար մեքեա րը ստիպված կլիներ օրական վճարել մոտ 7000 դրամ:

Նկատի ունենալով, որ այլեւս անիմաստ է մաքսավորների հետ պայքար մղել, պարոն Մոսինյանը հոկտեմբերի 13-ին դիմում է ներկայացրել Մաքսային կոմիտե՝ խնդրելով՝ 6 ամսով երկարացնել մաքսազերծումը եւ թույլ տալ այդ ընթացքում մեքենան չհանձնել պահեստ, քանի որ, ըստ նրա, կրկնակի աբսուրդ է յուրաքանչյուր օրվա համար վճարել 7000 դրամ: Նրա դիմումին ի պատասխան, մի քանի օր հետո մաքսայինը պատասխանել է՝ «Հնարավոր է եւ անդրադառնանք ձեր դիմումին՝ անհրաժեշտ փաստաթղթեր տրամադրելու դեպքում»: Երբ պարոն Մոսինյանը զանգել է Մաքսային կոմիտե՝ պարզելու, թե կոնկրետ ինչ թղթեր են անհրաժեշտ, նրան այնտեղից կրկին որեւէ հստակ բան չեն ասել, թե ինչ փաստաթղթերի մասին է խոսքը. «Նոյեմբերի 10-ին Մաքսային կոմիտեն իմ դիմումին ի պատասխան՝ հայտնեց, որ իմ դիմումին չեն կարող սպառիչ պատասխան տալ, քանի որ փաստաթղթային հիմնավորում ես չեմ ներկայացրել: Ավելի ուշ հայտնեցին, որ ինձ տուգանել են»: Տ. Մոսինյանի խոսքերով՝ «Թող ասեին՝ բանկային հաշիվդ ներկայացրու, թող ասեին՝ ծննդականդ կամ անձնագիրդ ներկայացրու: Եթե ինձ չեն ասել կոնկրետ ինչ փաստաթուղթ ներկայացնեմ, ապա ինչ իրավունքով են նման որոշում կայացրել»:

Նկատենք, որ կոմիտեի կողմից Տիգրանին ուղարկված դիմումի պատասխանները եւ տուգանք նշանակելու մասին որոշումը այժմ մեր ձեռքի տակ են: Այդ փաստաթղթում միայն ստորագրություն է դրված. կնիքը բացակայում է: Տիգրանի խոսքերով. «Այս ամենից պարզ է, որ կառավարությունը ՊԵԿ-ին «դաբրո» է տվել, որ նման միջոցներով թալանեն շարքային քաղաքացիներին՝ օրինական ու անօրինական ճանապարհներով»:

Նշենք, որ պետական եկամուտների կոմիտեն Տիգրան Մոսինյանի դեմ դատական հայց է ներկայացրել՝ 100 հազար դրամ տուգանքը գանձելու համար:

Փետրվարի 12-ին վարչական դատարանում այս գործով առաջին դատական նիստն էր, որի ընթացքում Տ. Մոսինյանը դատարանից միջնորդություն խնդրեց ՊԵԿ-ի դեմ հակընդդեմ հայց ներկայացնելու եւ ավտոմեքենայի փաստաթղթերը հայերեն լեզվով ձեւակերպելու համար: Դատարանը բավարարեց միջնորդությունը: Ի դեպ, մինչ դատարանը կվճռի՝ մաքսայի՞նն է ճիշտ, թե՝ քաղաքացին, ամեն օր Տ. Մոսինյանի «պարտքի» հաշվին մաքսայինի կողմից սահմանված գնի 0,15% գումար է ավելանում:

Հ. Գ. Հաշվի առնելով, որ ՊԵԿ-ը 1999 թվականի արտադրության «Ֆիատ Մարեա» ավտոմեքենայի համար պահանջել է մոտ $2000 մաքս, Տ. Մոսինյանը գրավոր դիմել է Մաքսային կոմիտե՝ պահանջելով ներկայացնել վերջին 90 օրվա ընթացքում ՀՀ-ում վաճառված նույն ավտոմեքենայի գինը, ինչպես որ պահանջվում է Մաքսային օրենսգրքով: Սակայն քաղաքացու դիմումին մաքսայինն այդպես էլ ոչ մի պատասխան չի տվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել