Լրահոս
Օրվա լրահոսը

Օտար ձվից ավելի շուտ են թունավորվում

Փետրվար 18,2011 00:00

\"\"«Առաջիկա Զատկի տոնի նախորդ օրերին Հայաստանում ձվի դեֆիցիտ չի առաջանա, ինչպես եղավ Ամանորից առաջ։ Այդ նախաամանորի դեֆիցիտն էլ պայմանավորված էր ներկրողների եւ սուպերմարկետների մեքենայություններով։ Որոշ սուպերմարկետներ իրենց մոտ կենտրոնացրին ողջ ձուն, որպեսզի մյուս ապրանքներն ավելի լավ վաճառվեն»,- երեկ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է «Սպառողների ազգային ասոցիացիայի» ղեկավար Մելիտա Հակոբյանը։ Tert.am-ի փոխանցմամբ, նա հայտարարել է նաեւ, որ Հայաստանն արդեն իսկ ձու արտահանողից վերածվել է ձու ներկրող պետության, քանի որ արտադրողներից շատերը պարզ հաշվարկ են արել ու պարզել, որ ավելի ձեռնտու է ձու ներկրել ու հանձնել վաճառակետերին, քան արտադրել. «Այս ճանապարհով գուցե նրանք քիչ օգուտ են ստանում, բայց փոխարենը ազատվում են որպես արտադրող հարկային դաշտ մտնելու հետ կապված խնդիրներից։ Մենք մեր տեղական արտադրողներին պետք է բարձրացնենք ու նրանց մեջքին կանգնենք, որ եթե հանկարծ ճանապարհները փակվեն… Մենք ոչ մի բարեկամ կամ թշնամի հարեւաններ չունենք։ Բոլորը հարաբերական են։ Համարյա թե մենք թշնամիներով ենք պատված։ Տեղական արտադրողը պետք է կերակրի մեր ժողովրդին։ Ուրեմն մենք պարտավոր ենք նրան օգնել»։

Տիկին Հակոբյանը տեղեկացրել է նաեւ, որ ձվից սկսել են ավելի շատ թունավորվել. «Ես բազմաթիվ ահազանգեր եմ ստանում: Պատճառը ոչ միայն ժամկետանց լինելն է, այլեւ ներմուծվող անորակ ձուն»: Խոսելով այն մասին, որ շատ հայ գործարարներ արդեն սկսել են իրենց բիզնեսը ծավալել հարեւան Վրաստանում, նա ասաց. «Օրինակ, գիտեմ, որ հարեւան Վրաստանում տեղական որոշ արտադրողներ համատեղ արտադրություն են ծավալում: Համատեղ արտադրություններ ունենք նաեւ Մոսկվայում: Որոշ արտադրողների հետ խոսել ենք ու նրանք իրենց քայլը բացատրել են երկրի հարկային դաշտի ոչ բարենպաստ լինելով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել