Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ Է

Փետրվար 18,2011 00:00

Երեկ ՀՀ կառավարությունը քննարկեց ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2011 թ. պետական ծրագիրը:ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանի ներկայացմամբ, ծրագրում ընդգրկված են սոցիալական, մշակութային, կրթական եւ առողջապահական միջոցառումներ, որոնք նպատակ ունեն հաղթահարել հանրապետությունում առկա ժողովրդագրական ճգնաժամը եւ ժողովրդագրական երեւույթների բացասական զարգացումները: Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ հետաքրքրվեց, թե արդյոք հանրային քննարկումներ եղե՞լ են: Նախարարի բացասական պատասխանից հետո վարչապետն ասաց, թե դա այն հարցն է, որ հետաքրքրում է թե՛ հասարակական կազմակերպություններին, թե՛ պատգամավորներին: Նախարարն էլ հավելեց. «Դեռ քննարկումներ չեն եղել, բայց նախատեսում ենք»: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած հաջորդ նախագծով էլ առաջարկվում էր փոփոխել զբաղվածության պետական ծառայության տարածքային կենտրոններում հաշվառված անձանց առաջարկվող աշխատանքի վարձատրության չափերի սահմանումը՝ գործազրկության նպաստը եռաչափից դարձնելով կրկնակի: Նախատեսվում է փոփոխել նաեւ այդ մարդկանց առաջարկվող աշխատավայրի տրանսպորտային մատչելիության չափանիշները, մասնավորապես հարմար համարել ոչ միայն միեւնույն համայնքում գտնվող աշխատավայրը, այլեւ տվյալ համայնքից մինչեւ 10 կմ հեռավորության վրա գտնվող աշխատավայրը:

ՀՀ բնապահպանության նախարարությունն էլ առաջարկում էր փոփոխություններ կատարել «Բնապահպանական վճարումների դրույքաչափի» մասին ՀՀ օրենքում: Ըստ այդմ, էկոլոգիական նորմերի 90%-ի դրական տարբերության դեպքում նոր միայն բնապահպանական վճարումներ պետք է իրականացվեն: Կառավարության որոշմամբ՝ Էդգար Փիրումյանը նշանակվեց բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել