Լրահոս
Օրվա լրահոսը

Հակառակ բեւեռներ

Փետրվար 18,2011 00:00

\"\"Չեխիայի Լիբերեց քաղաքում շարունակվում է Եվրոպայի երիտասարդական ձմեռային օլիմպիական 10-րդ փառատոնը, որտեղ մեր մարզիկների դժգույն մասնակցության ֆոնի վրա ուրախացնող է միայն գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանի մրցելույթը: Պատանի մարզիկը, որի հետ մարզաձեւի մեր մասնագետներն ապագայի լուրջ հույսեր են կապում, իրեն լավ դրսեւորեց նաեւ ազատ ծրագրում (կարճ ծրագրից հետո նա ընթանում էր 5-րդ տեղում): Ճիշտ է, այստեղ նա ցույց տվեց 6-րդ արդյունքը, սակայն երկու ծրագրերում վաստակած միավորներով պահպանեց 5-րդ տեղը: Մի փոքր նահանջ արձանագրեց աղջիկների մենասահքում հանդես եկող եւ կարճ ծրագրից հետո 16-րդ հորիզոնականում հանգրվանած Մարթա Գրիգորյանը: Երկրորդ օրը մրցավարները նրա մրցելույթը գնահատեցին 19-րդը, սակայն վերջնահաշվարկով Մարթան գրավեց 18-րդ տեղը: Եվ եթե հաշվի առնենք, որ պայքարին մասնակցում էր 30 հոգի, արդյունքը, կարծում ենք, վատ չէ:

Իսկ ինչպե՞ս է հաջողվել Հայաստանում, որտեղ լիարժեք մարզվելու պայմաններ չկան, մրցունակ գեղասահորդներ աճեցնել ու ավելին՝ նրանց հետ դեռ մեծ հույսեր կապել: Երեւանի քաղաքապետարանի գեղասահքի մարզադպրոցի սահադաշտը, մեր ունեցած տեղեկություններով, շուրջ երկուսուկես տարի չի գործում, որի պատճառով մարզադպրոցի սաները ոչ լիարժեք մարզումներ անցկացնում են կամ ՄՀՀ-ում, որի սահադաշտը, ինչպես հայտնի է, հիմնականում ծառայում է վճարովի մասսայական սահքին, կամ Կարապի լճում գործող ժամանակավոր սահադաշտում: Կասկած չկա, որ երկու դեպքում էլ մարզական խնդիրներ լուծել հնարավոր չէ:

Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը խնդիրն այսպես մեկնաբանեց. «Քանի որ հանրապետությունում մարզաձեւը զարգացնելու բավարար պայմաններ չկան, մեր ֆեդերացիան արդեն երկու տարի է, ինչ պայմանագիր է ստորագրել Մոսկվայի մարզի Մարինո շրջկենտրոնի նմանատիպ մարզադպրոցի ղեկավարության հետ եւ հինգ հեռանկարային մարզիկներ՝ Մարթան, Սլավիկը, նրա ավագ եղբայրը՝ 18-ամյա Սարգիս Հայրապետյանը, Անաստասիա Գալստյանը (11 տարեկան) եւ 14-ամյա Անժելա Մկրտչյանը՝ մարզիչներ Սամվել եւ Անժելա Հայրապետյանների ղեկավարությամբ մարզվում են այնտեղ: Եվ արդյունքները, ինչպես տեսնում եք, ակնհայտ են: Հիմա Սլավիկն ու Մարթան Լիբերեցից գալու են Երեւան եւ անմիջապես մեկնելու են Սեուլ, որտեղ փետրվարի 26-ին մեկնարկում է պատանիների աշխարհի առաջնությունը: Սա նաեւ առաջին ձմեռային երիտասարդական օլիմպիական խաղերի վարկանիշային մրցում է, որտեղ օլիմպիական ուղեգրի արժեք ունենալու են 1-16-րդ տեղերը: Իսկ Սարգիսը հիմա նախապատրաստվում է մարտի 18-28-ը Տոկիոյում կայանալիք աշխարհի մեծահասակների առաջնությանը»:

Ցավոք, Լիբերեցում շարունակում են հիասթափեցնել մյուս մարզաձեւերի մեր ներկայացուցիչները: Մասնավորապես, բիաթլոնում Արտուշ Մկրտչյանը 7,5 կմ արագավազքում եզրագիծը հատեց 86-րդը՝ նախավերջին տեղ, իսկ Գոհար Աբգարյանը՝ 72-րդը (6 կմ արագավազք):

Եթե բիաթլոնիստները, թեկուզ վերջիններից մեկը, այնուամենայնիվ, հասան վերջնագիծ, լեռնադահուկորդուհի Եվա Պապոյանը ոլորավայրէջքում, մրցումների պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, առաջին շրջանում որակազրկվել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել