Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԻՐՈ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍԻ ՏՈՆԻՆ

Փետրվար 19,2011 00:00

\"\"
ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Սիրո կաթիլները
դարձել են ծով

\"\"Երբ մեկը քո կյանքում մեծ ազդեցություն է ունենում եւ քո զգացմունքներն էլ մեծ են լինում, միշտ էլ լեզուդ կապվում է, եւ չես կարողանում կանգնել նրա առաջ եւ ասել այն, ինչ այդ րոպեին անցնում է սրտովդ: Ես պարզապես ուզում եմ ասել, Նելլի, ես անտարբեր չեմ քո նկատմամբ, իմ սրտում կա մի զգացմունք, որ երեւի այն է, ինչ բոլոր բանաստեղծներն են գովերգել, այսօր բոլորն են երգում, բոլորն են խոսում դրա մասին, բայց երբեք ոչ ոք չի կարողանում բնորոշել նրա ամբողջ էությունը՝ իր ողջ գույներով եւ ներդաշնակությամբ: Ես էլ եմ նրանցից մեկը: Եվ հավատացնում եմ՝ ոչ մի բառ չի կարող նկարագրել իմ զգացմունքը, նրա մեծությունը: Մենք արդեն մոտ երեք տարի է՝ ծանոթ, մտերիմ, լավ ընկերներ ենք… Իսկ սերը այցելեց ինձ հանկարծակի, առանց զգուշացնելու, բայց ես ուրախ եմ դրա համար: Այն եկավ կաթիլ-կաթիլ, հավաքվեց այս տարիների ընթացքում եւ դարձավ ծով: Ես ասում եմ, դու ես այն աղջիկը, որ ես կուզենայի միշտ իմ կողքին տեսնել… Դու միշտ իմ հոգում ես, իմ սրտում եւ վատ չէր լինի նաեւ կողքիս լինեիր, միասին կիսեինք սերը, երջանկությունը եւ մեզ հանդիպող տխրությունները: Հիշո՞ւմ ես՝ մի օր ես քեզ ասացի, որ ես դեռ ոչ ոքի լուրջ չեմ սիրահարվել, ժպտացիր եւ ասացիր, որ դու էլ: Հիմա մտածում եմ՝ այդ պահից երեւի ես սկսեցի քեզ այլ աչքով նայել: Դու երեւի ինքդ էլ զգում ես, որ ես զգացմունք ունեմ քո նկատմամբ, ախր հնարավոր չէ այդ չզգալ, երբ հայտնվում եմ քո կողքին՝ սիրտս արագ է աշխատում, եւ ես նյարդայնանում եմ, որ ձեռքերս էլ են մատնում ինձ եւ սկսում են դողալ, մոռանում եմ՝ ինչի համար եմ եկել, եւ նախապատրաստած բոլոր բառերս չքանում են: Ես երբեք նման դրության մեջ չեմ հայտնվել, մտածում եմ՝ ուր կորավ այն Աշոտը, որ բոլոր աղջիկներին զվարճացնում էր, բոլորի հետ ազատ շփվում: Կարո՞ղ է, սա է սերը… Ոչ, սերը այն է, ինչ ես հիմա զգում եմ… ի՞նչ եմ զգում՝ չեմ կարող ասել: Այսինքն, զգում եմ, որ ես ինձ անսահման երջանիկ կզգայի, որ դու լսելով իմ այս խոսքերը, ժպտայիր, մի քիչ հուզվեիր եւ սիրտդ շատ-շատ սիրով լցվեր եւ այդ սիրուց էլ ինձ բաժին հանեիր… Ես քեզանից հիմա միանգամից փոխադարձ սեր չեմ էլ ակնկալում, բայց եթե դու ինձ հնարավորություն տաս, խոստանում եմ՝ այն սերը, որի մասին ես ու դու միասին խոսում էինք, իրականություն դարձնել: Ես միշտ ասում էի, եւ դու էլ լսել ես, որ ինձ համար երեք կանայք կան՝ Մոնիկա Բելուչի, Շակիրա եւ դու՝ Նելլի, հիմա իմ սրտում դու ես այդ ցուցակը գլխավորում: Շնորհավորում եմ սիրո գեղեցիկ տոնդ եւ շնորհակալություն հայտնում քեզ այն սիրո համար, որ ես հիմա ունեմ…

Քեզնով ապրող՝ Աշոտ Բալյան

«Ես միշտ ուզել եմ, որ արեւն այրի ինձ, արեւս»
\"\"Ես սիրում եմ քեզ, Արտաշե՛ս, սիրում եմ, որովհետեւ դու այն մարդն ես, որ միշտ ինձ սովորեցնելու, ինձ հետ ինչ-որ բան կիսելու ցանկություն ունես, գիտեմ՝ դու էլ գնահատում ես իմ ամեն մի արածը: Ես ինձ երջանիկ եմ զգում, որ դու ինձ վստահում ես, որ քո ամենադժվար պահերին ինձ հիշում ես: Ես քեզ շատ-շատ եմ սիրում, դու իմ արեգակն ես, իմ կյանքը լուսավորողը: Ուզում եմ ոչ միայն այս հրաշք՝ սիրո օրը քեզ նվիրել, այլ նաեւ տիեզերքի բոլոր օրերը, որովհետեւ վստահ եմ, որ այդ բոլոր օրերում էլ եղել է սեր, երջանկություն, լավ պահեր:
Սիրելիս, ինձ համար սերը կարմիր կրակ է, եւ ինչպես կրակին պետք է փայտ գցես, որ անընդհատ վառվի, ջերմություն տա, այնպես էլ սիրուն պետք է կերակրես, որ ապրի, միշտ լինի: Ես դրա համար ջանք չեմ խնայի: Իմ սերը սպիտակ է՝ մաքուր, քնքուշ: Հավատում եմ, որ երբ սիրահարվում ես, բարիանում ես, քնքշանում, երբեմն նաեւ խոցելի դառնում: Չար մարդը չի կարող սիրել: Հանուն քո սիրո, դու գիտես, ես ամեն խենթության պատրաստ եմ: Ես պատրաստ եմ ամեն ինչ անել, որ դու երջանիկ լինես: Մենք արդեն մոտ ութ ամիս ընկերություն ենք անում, այս ընթացքում շատ գեղեցիկ վայրկյաններ ենք ապրել, բայց իմ հիշողության մեջ ամուր մնացել է եւ երբեք չի ջնջվի մեր առաջին ժամադրության հիշողությունները: Հիշո՞ւմ ես՝ Հաղթանակի այգում մոլորվել էինք եւ միասին հայտնվեցինք մի շատ գեղեցիկ վայրում, արեւն էլ պայծառ էր, երկինքը՝ մաքուր: Իրար ձեռք բռնեցինք եւ երկար խոսեցինք:
Արտա՛շ, ես ուրախ եմ, որ հանդիպել եմ քեզ, դու հիանալի մարդ ես, ըմբռնող, խելացի, զիջող, բարի, մեծահոգի: Իմացիր՝ մեր սիրո այս ամիսների ընթացքում իմ սերը ամեն օր ամրապնդվում, ամրանում է: Մի բան էլ, ես քո թռչնակն եմ, թեւերով թռչնակը, բայց մի կտրիր այդ թեւերը, այլ պահիր ինձ քո սրտի վանդակում եւ այնպես արա, որ երբ նույնիսկ բաց լինեն այդ վանդակի դռները, ես չկարողանամ թռչել:
Ես տասներորդ դասարանում մի շարադրության մեջ գրել էի, երազում եմ, որ երբ ես արեւին մոտենամ, ձեռք մեկնեմ նրան՝ զգամ ոչ թե արեւի թույլ ջերմությունը, այլ՝ այն այրի ինձ: Արեւը՝ նկատի ունեի տղայի: Ես միշտ չեմ ուզել, որ իմ սիրած անձնավորությանը նվաճելը, սիրելը հեշտ լինի, ես միշտ ուզել եմ, որ արեւը այրող լինի, դու էլ իմ արեւն ես, այրում ես ինձ քո հրով, քո հրով եմ ես բոցավառվում:
Շնորհավորում եմ մեր տոնը եւ մեզ ցանկանում մեր երազանքի իրականացում. ես եւ դու մեքենայի առջեւում նստած, իսկ մեր հետեւում՝ մեր աղջիկն ու տղան:

Քեզ անսահման սիրող՝ Տաթեւիկ Կարապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել