Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ՒՄ Է ՀԱՐՄԱՐ ՏԵՍՆԵԼ ԵՐԱԶՈՒՄ

Փետրվար 19,2011 00:00

Ցանկալի է «Ջիպով» տղա

 ՄԱՐԻԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Հայկական հոգեբանությունը պարտադրում է բոլորին որոշ տոների եւ ծեսերի ժամանակ լարել վերջին ուժերն ու ծախսել խնայված վերջին կոպեկները՝ միայն ուրիշներից ետ չմնալու համար: «Շատ լինի, քիչ չլինի» կարգախոսով առաջնորդվելով՝ հայերը, բացի ավանդական Սուրբ Սարգսի տոնից, նշում են նաեւ Սուրբ Վալենտինի տոնը: Աղջիկների աչքը լույս, քանի որ փետրվարի 19-ից բացի, երկրպագուները պարտավորվում են նվերներ մատուցել նաեւ փետրվարի 14-ին: Այնինչ՝ Ճապոնիայում միայն կանայք են նվերներ մատուցում եւ սիրո խոստովանություն անում տղամարդկանց: Ինչեւէ, որ տոնն է ավելի նախընտրելի՝ Սուրբ Սարգի՞սը, թե՞ Սուրբ Վալենտինը: Իմ անցկացրած հարցումները 30 աղջիկների մեջ, հետեւյալ արդյունքը տվեցին. նրանցից շատերը նախընտրում էին Սուրբ Վալենտինը՝ բացատրելով դա նրանով, որ ամբողջ աշխարհում սիրո օրը նշվում է փետրվարի 14-ին: Շնիկի հետ, «գլամուրային» տեսքով մի աղջնակ պատասխանեց. «Սուրբ Վալենտին ասելով միանգամից պատկերացնում ես վարդագույն վերնաշապիկով մի ջենտլմենի, իսկ Սուրբ Սարգիս՝ լրիվ ծիծակ կոշիկներով, մորուքով մի մարդու»: Աղջիկը ավելացրեց. «Ես ընդհանրապես կողմ եմ եվրոպականին»: Իհարկե, գտնվեցին նաեւ հակառակ կարծիքի կողմնակիցներ: «Մենք օտարամոլ ենք, դրա համար էլ Սուրբ Վալենտինն ենք ընդունում՝ մոռանալով, որ ունենք Սուրբ Սարգիս, ով քաջ զորավար է եղել, ով իր որդու՝ Մարտիրոսի եւ 14 քաջ մարտիկների հետ զոհվել է հանուն քրիստոնեական հավատքի»,- ասում է 20-ամյա Նարինեն:
«Փետրվարի 19-ին նշվում է Սուրբ Սարգիս զորավարի տոնը, որն Ամենայն հայոց Գարեգին Բ հայրապետի կողմից հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Սուրբ Սարգիսը օգնել, պաշտպանել եւ սատարել է սիրահարներին, նրանց, ովքեր կամեցել են ընտանիք ստեղծել: Սուրբ Սարգիսը նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Տոնը Հայաստանում ընդունված է եղել նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլեւ ժողովրդական սովորույթներով: Եկեղեցին չի քարոզում աղի բլիթ ուտելը, քանի որ այդ դեպքում դատարկ բաների հետեւից ընկած կլինի, բայց չի արգելում, պարզապես դրա մեջ չկա որեւէ հոգեւոր արտահայտչաձեւ: Վալենտինի սրբությունը չեն ընդունում ոչ կաթոլիկ, ոչ ուղղափառ եկեղեցիները, այն բողոքական եկեղեցու կողմից ստեղծված միֆական ինչ-որ կերպար է, որը, չգիտես ինչու, բոլորին գաղտնի ամուսնացրել է: Մենք հորդորում ենք մեր երիտասարդներին՝ հեռու մնալ արեւմտյան ամեն տեսակի նորամուծություններից, որոնք ուղղակիորեն մեր ազգային պատկերը աղճատում են»,- ասում է Սուրբ Հովհաննես եկեղեցու քահանա տեր Շմավոն Ղեւոնդյանը:
«Մորս ամենաշատը մտահոգող հարցերից մեկը սա է՝ ով է լինելու իմ ապագա ամուսինը: Չկա գոնե մեկ օր, որ այս հարցը մեր տանը չքննարկվի՝ արդեն 24 տարեկան ես, ամուսնանալուդ ժամանակն է… հարեւանուհի Լենային է կանչում սուրճիս բաժակը նայելու, իսկ ամենակարեւոր օրերից մեկն էլ մորս համար Սուրբ Սարգսի տոնն է, նրա համար աղի բլիթ պատրաստելը մի յուրահատուկ արարողություն է: Դե, որպես կանոն, աղի բլիթը պատրաստում է այրի կին, մայրս կանչում է մեր հարեւանուհուն, կանգնում կողքին եւ անընդհատ միջամտում՝ Զինա, աղը շատ լցրու, որ աղջիկս ուտի, ծարավի, երազին մի հատ լավ «Ջիպով» տղա տեսնի»,- պատմում է Անահիտը:
«Անցած տարի աղի բլիթ, ավելի ճիշտ՝ մի ամբողջ աղի հանք կերա, պառկեցի, որ քնեմ, մայրս կրկնում էր՝ մինչեւ «Ջիպով» տղա երազիդ չտեսնես, աչքերիս մեջ չնայես: Քնեցի այդ տրամադրությամբ, երազիս տեսա, բնականաբար, «ջիպով» տղա: Վեր կացա արդեն էդ «ջիպերից», աղի բլիթներից զայրացած եւ մորս այն հարցին, թե երազումդ ի՞նչ տեսար, ինչպես ամեն տարի, պատասխանեցի, որ ոչ մեկին էլ չեմ տեսել, աղի բլիթի աղը պակաս էր երեւի: Դե, իսկ մայրս էլ զայրացած ավելացրեց. «Քո աղն ու մաղն է ամենից առաջ պակաս»: Անցավ երկու ամիս, երազի մասին մոռացել էի, մի տղայի հետ սկսեցի հանդիպել, մեկ շաբաթ է՝ ինչ հանդիպում էինք, տղան առանց մեքենայի էր, բայց ահա հայտնվեց մի օր «Ջիպով», ասաց, որ այդ ընթացքում մեքենան վերանորոգման է եղել: Ինձ համար միեւնույն էր, արդեն անտարբեր չէի իր հանդեպ, դե, իսկ մորս համար՝ պատկերացրեք: Մեր հարաբերությունները գնալով ավելի մտերմացան, մեկ տարի հետո ամուսնացանք»,- պատմում է Անահիտը:
Մոր՝ տիկին Ժենյայի պատվիրած երազը «վերեւներից» առաքեցին, սակայն տխրելու առիթ եւս կար՝ աղջիկը ամուսնացավ եւ գնաց Գավառ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել