Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ

Փետրվար 22,2011 00:00

Կիրակի՝ Հայաստանի երեք մարզի 10 գյուղում ընտրություն էր

Երեքը վերընտրվեցին, մեկը՝ փոխարինվեց
Փետրվարի 20-ին Արմավիրի մարզի գյուղական չորս համայնքներում տեղի ունեցան համայնքապետի ընտրություններ: Դաշտ, Ծաղկունք, Գեղակերտ գյուղերում մրցակցություն չկար՝ միակ թեկնածուները հենց գործողներն էին: Երեք էլ վերընտրվեցին: Գեղակերտի ղեկավար Սերգեյ Առաքելյանն անկուսակցական է, Դաշտի գյուղապետ Հրանտ Պետրոսյանը եւ Ծաղկունքի ղեկավար Դավիթ Կարապետյանը՝ Հանրապետական կուսակցությունից են:
Ընտրական «թոհուբոհի» մեջ հայտնված չորրորդ գյուղը՝ Լեռնամերձը, ավելի օրիգինալ գտնվեց: Կարմիր Կուբան անունով հայտնի կոմունիստական գյուղում, ուր մինչ օրս Լենինի հուշարձան կա, գործող համայնքապետ, կոմունիստ Սահակ Միրզոյանը չէր առաջադրվել: Առաջադրվել էր նրա հարազատ եղբայրը՝ դարձյալ սոցիալիստական հայացքների կրող, ՀԿԿ անդամ Վարդան Միրզոյանը եւ մեկ այլ կոմունիստ՝ Արմեն Առաքելյանը: Ընտրվեց Վարդան Միրզոյանը:
Բոլոր համայնքներում էլ ընտրություններն ընթացան առանց միջադեպերի: Ընտրողները տեղամասեր էին գալիս ինքնակամ՝ առանց շահագրգիռ կողմերի ուղեկցության կամ շահագրգռության:
Արմավիրում դեռ նոր են առաջադրվում
Արմավիրի մարզկենտրոն Արմավիր քաղաքի ղեկավարի մարտի 20-ի ընտրությանը անդրադարձել ենք փետրվարի 10-ին եւ 19-ին:
Արմավիրում խոսում էին, թե ամենաքիչը 6 թեկնածու կլինի, սակայն այս պահին երկու հոգու անուն է մնացել՝ գործող քաղաքապետ, հանրապետական Ռուբեն Խլղաթյանն ու ավագանու անդամ, անկուսակցական Սեւակ Մինասյանը:
Ցանկություն ուներ, սակայն չի առաջադրվի Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար, հանրապետական Փառանձեմ Կարապետյանը: Ասում են՝ նա մարզի դպրոցներին ստիպում էր խիստ որոշակի մի փռից հաց գնել ու սա բոլորը հիշում են:
Ցանկություն ուներ, սակայն չի առաջադրվի նաեւ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Գասպարյանը: Ասում են՝ կոալիցիոն նոր հուշագիրը վերջ դրեց Գասպարյանի ցանկությանը:
Միգուցե առաջադրվի գործող քաղաքապետի նախկին մտերիմ, նախկինում Արմավիր քաղաքի «Բարեկարգում» տնօրինության ղեկավար, այսօր քաղաքապետի հետ անհաշտ, դաշնակ Առնակ Գեւորգյանը: Ասում են՝ գործող քաղաքապետը նրանից խլել է «Անժե» սրճարանը:
Մեկ այլ օբյեկտատեր՝ «Ծովակ» սրճարանի սեփականատեր Արայիկ Մնացականյանը եւ Արմավիրի պետական քոլեջի տնօրեն Արմեն Խաչատրյանը կարող են առաջադրվել: Բայց ասում են, պաշտոնական տվյալներով 25-30 հազար բնակիչ ու մոտ 20 հազար ընտրող ունեցող քաղաքում չունեն ընտրազանգված:
Կուրիսում՝ մեկ թեկնածու
Փետրվարի 20-ին Սյունիքի մարզի Կուրիս գյուղը համայնքապետ էր ընտրում, իսկ Քարաշեն գյուղը՝ ավագանի: Կուրիսում մեկ թեկնածու էր միայն՝ գործող գյուղապետ, հանրապետական Սուրիկ Գրիգորյանը: Ըստ թիվ 38 ԸԸՀ-ի քարտուղար Ռամելա Հակոբյանի՝ ընտրացուցակում ընդգրկված կուրիսցի 60 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 36-ը, բոլորը կողմ են քվեարկել: Քարաշեն գյուղում ավագանու 5 անդամի համար առաջադրվել է յոթ թեկնածու, վեցը՝ հանրապետական, մեկը՝ անկուսակցական: Հենց անկուսակցականն էլ ավագանուց դուրս մնացած երկուսից մեկն է:
Էլի հանրապետականը՝ ընդդեմ
հանրապետականի

Եվ 2009-ին, եւ 2010-ին «Առավոտը» գրել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իրար դեմ են դուրս գալիս Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները: Այդպես էր Տավուշի մարզի Աչաջուր, Լոռու մարզի Մարգահովիտ եւ այլ գյուղերում: Իսկ այս կիրակի Շիրակի մարզի երեք համայնքներում՝ Բայանդուր, Կրասար, Կարմրաքար, գյուղապետ էին ընտրում ու Կրասարում գործող գյուղապետ, ստաժավոր ՀՀԿ-ական Վահագն Հովհաննիսյանի դեմ դուրս էր եկել նախկին գյուղապետ, նորաթուխ հանրապետական Խաչիկ Մելիքյանը, որի կուսակցություն մտնելը, թեկնածություն դնելն ու 88 ձայնով մրցակցին «կրելը»՝ մեկ եղավ:
Բայանդուրում նախորդ 4-5 գյուղապետերը միացել ու «պադեռժկա» են արել անկուսակցական Դավիդ Դավդյանին, սակայն չեն կարողացել հաղթել ԲՀԿ-ական գյուղապետ Հովագիմ Սարգսյանին: Շիրակի մարզպետարանի ՏԻՄ հարցերով վարչության տեղական ինքնակառավարման եւ համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ Ռուբեն Հարությունյանը «Առավոտի» հետ զրույցում տառ առ տառ հեգեց վերջիններիս անուն-ազգանունները՝ հորդորելով չսխալվել: Բանն այն է, որ թեկնածուների անձնագրերում եւս անուն-ազգանունները տառասխալներով են գրված՝ Հովագիմ՝ «գ»-ով եւ Դավդյան՝ «դ»-ով: Այնպիսի տպավորություն է, որ այս գյուղ մաշտոցյան գրերի գյուտը չի հասել: Ամենաինքնատիպը Կարմրաքար գյուղի ընտրությունն է եղել: Այստեղ, ըստ պաշտոնական փաստաթղթերի, 29 ընտրող կա, գյուղապետի միակ թեկնածուն գործող գյուղապետ, ՀՀՇ-ական Գագիկ Վահրադյանն է եղել, ով 21 ձայն է ստացել: Ընտրություններին մասնակցած 22 հոգուց ընդամենը 1-ն է դեմ եղել գործող գյուղապետին:
Շիրակի մարզում այլեւս անկուսակցական գյուղապետ չի մնացել, վերջին տասը «անբասիրները» նոր մարզպետ Աշոտ Գիզիրյանի օրոք ՀՀԿ-ական էին դարձել, իսկ մինչ այդ շատերը ՕԵԿ-ական ու ԲՀԿ-ական էին «ձեռնադրվել»՝ շատ դեպքերում ոչ թե ինքնակամ, այլ ճարահատ եւ ամոթախեղդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել