Լրահոս
Օրվա լրահոսը

Հուշարձան-խաչքար՝ հաղթանակցիների հիշատակին

Փետրվար 22,2011 00:00

\"\"Կիրակի՝ փետրվարի 20-ին Նոյեմբերյանի տարածաշրջանի Հաղթանակ գյուղում հանդիսավորությամբ բացվեց գյուղի զոհված 4 ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքար: Հուշարձանը կառուցվել է հաղթանակցի ազատամարտիկ, այժմ գործարար Արթուր Գասպարյանի նախաձեռնությամբ եւ ֆինանսավորմամբ: Հուշակոթողին գրված են 4 ազատամարտիկների անունները՝ Մարտին Թեւանյան, Մանվել Քեշիշյան, Գարեգին եւ Վահագն Շառոյաններ:
Մարտին Թեւանյանը «Հաղթանակ» ջոկատի հրամանատարն էր, զոհվեց 1990թ. օգոստոսին՝ Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանագոտում:
Մանվել Քեշիշյանը 1993թ. փետրվարի 7-ին ընկերների հետ հետախուզական առաջադրանք կատարելիս ընկավ հակառակորդի ծուղակի մեջ եւ կրակը իր վրա վերցրեց՝ փրկելով ընկերների կյանքը: Երբ ադրբեջանցիները նրա դին հանձնում էին հայկական կողմին, ադրբեջանցի սպան ասել է. «Նրան հերոսի նման կթաղեք, իսկական հերոս էր»:
Նկարիչ, բազում շնորհքների տեր Գարեգին Շառոյանը զոհվեց 1992թ. սեպտեմբերի 21-ին՝ Ղարաբաղի Վաղուհաս գյուղի պաշտպանության դիրքերում: Հոր զոհվելը փոխեց նաեւ ավագ որդու՝ Վահագնի կյանքը, ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, հետո անցավ ծառայության: Վահագնը զոհվեց 2002թ. դեկտեմբերի 11-ին՝ Կոթի գյուղի դիրքերում, ազերի դիպուկահարի կրակից: Հուշարձան-խաչքարը բացվեց Վահագնի ծննդյան 33-ամյակի օրը, գյուղի կենտրոնում մատաղի սեղան էր բացվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել