Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱԴԴԱՖԻՆ ԵՐԿՐԻՑ ՓԱԽԵԼ Է

Փետրվար 22,2011 00:00

\"\"Լիբիայի մայրաքաղաքում դաժան մարտեր են գնում. ամբոխը հրկիզում է պետական գերատեսչական շենքերը, մարդկանց գնդակահարում եւ մեքենայի տակ ճզմում են: Այդ տեղեկությունները փոխանցում է Al-Jazzeera արբանյակային հեռուստաալիքը: Աղբյուրի մատուցմամբ, անցած գիշեր հրկիզվել են ոստիկանական մի քանի բաժանմունքներ եւ տեղական ինքնակառավարման մարմինների շենքեր, հարձակում է տեղի ունեցել հեռուստակայանի վրա, որին հաջորդել է թալանը: Տեղի բնակիչները սկսել են ինքնապաշտպանության կոմիտեներ ձեւավորել՝ թալանչիներից պաշտպանվելու համար:
Երկուշաբթի շարունակվել են դեռ փետրվարի 15-ից այդ երկրում ծայր առած զանգվածային բողոքի ակցիաները, որոնք ուղեկցվում են անկարգություններով եւ սպանություններով: Բողոքի ակցիաների մասնակիցների եւ իրավապահ մարմինների միջեւ բախումների արդյունքում Տրիպոլիում 61 մարդ է սպանվել: Իրավիճակը լուրջ զարգացումներ է արձանագրում, անվտանգության ուժերը հապճեպորեն լքում են Լիբիայի \"\"մայրաքաղաքը: Այդ մասին հաղորդում են միջազգային որոշ ԶԼՄ-ներ՝ նշելով նաեւ, թե անվտանգության ուժերի ներկայացուցիչները մասնակցում են մայրաքաղաքի բանկերի եւ խանութների թալանին: Միաժամանակ BBC-ն փոխանցում է, թե երկուշաբթի օրը Լիբիայի իշխանություններին հաջողվել է վերահսկողության տակ առնել Տրիպոլիի փողոցները:
Ընդսմին, ինչպես հաղորդում է Reuters-ը, Լիբիայի առաջնորդ Մուհամմար Քադդաֆին, որը, ըստ որոշ տեղեկությունների, նախօրեին արդեն լքել է երկիրը, մտադիր է մինչեւ վերջ պայքարել ժողովրդական ընդվզման դեմ: Այդ մասին, աղբյուրի փոխանցմամբ, երկուշաբթի օրը հայտարարել է Քադդաֆիի որդիներից մեկը՝ Սաիֆ Քադդաֆին (երկրորդ նկարում): Վերջինս փորձել է վախեցնել ու միաժամանակ նաեւ հանգստացնել ժողովրդին՝ խոստանալով, որ բանակն ամեն գնով կապահովի անվտանգությունը: «Մեր ռազմական ոգին բարձր է, եւ Մուամմար Քադդաֆին ճակատամարտում է Տրիպոլիում, մենք, ինչպես նաեւ լիբիական բանակը նրան պաշտպանում ենք: Մենք կկռվենք մինչեւ վերջ: Մենք Լիբիան չենք տա իտալացիներին ու թուրքերին»,- պետական հեռուստաընկերության եթերում հայտարարել է Սաիֆ Քադդաֆին՝ այն բանից հետո, երբ լույս երկուշաբթի գիշերը ցուցարարների եւ Քադդաֆիի կողմնակիցների միջեւ տեղի ունեցած բախումների ընթացքում կրակոցներ են հնչել, եւ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել՝ ցուցարարներին ցրելու համար: Կրտսեր Քադդաֆին հայտարարել է, թե Լիբիայում սկսված դիմակայությունը կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի: Նա ասել է, որ կառավարությունը մինչեւ «վերջին փամփուշտը» կպաշտպանի իր իշխանությունը: Նա նաեւ հայտարարել է, թե ոստիկանությունը թյուրիմացաբար է կրակ բացել ցուցարարների վրա:
Ըստ որոշ տեղեկությունների, երեկ գիշեր Տրիպոլիում բողոքի ցույցին մասնակցել է շուրջ մեկ միլիոն մարդ: Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հաղորդել է, որ բողոքի ակցիաների անցկացման անցած 5 օրերին Լիբիայում՝ հատկապես նավթով հարուստ շրջաններում, առնվազն 223 մարդ է սպանվել:
Լիբիայի արեւելքում շիաների առաջնորդ Ալ-Զուվայան խոստացել է փակել նավթի մատակարարումների ճանապարհը, եթե իշխանությունները չդադարեցնեն այն, ինչը նա անվանել է «ցուցարարների ճնշում»:
Հաղորդվում է նաեւ, որ բանակն ու անվտանգության ուժերը Լիբիայի որոշ շրջաններում անցել են ցուցարարների կողմն ու օգնում են նրանց ինքնապաշտպանվել: Երկրի արեւելյան Բենհազի քաղաքում բանակի հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումներն անցել են Քադդաֆիի ռեժիմի հակառակորդների կողմը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել