Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՍՏՈՒՄԸ՝ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔ

Փետրվար 22,2011 00:00

Աստված երկուսից էլ պահանջում է նույն երդումը

\"\"

«Որդյակ իմ, մինչեւ մահ տե՞ր ես. դուստր իմ հարս, մինչ ի մահ հնազա՞նդ ես…». գրեթե բոլոր ամուսնացողներն իրենց կյանքում կանգնում են եկեղեցու խորանի առջեւ, երդվում մինչեւ մահ հնազանդ կամ տեր լինել ընտրյալին: Սակայն ճակատագրի հեգնանքով կամ գուցե բախտի բերմամբ ոմանք ամուսնական հավատարմության երդման միջով «անցնում» են երկրորդ, երրորդ անգամ:
Ժողովրդի մեջ տարածված կարծիք կա, թե երկրորդ կամ երրորդ անգամ եկեղեցով պսակադրվելը լավ նշան չէ: Մի մասն էլ նշում է, որ երկրորդ անգամ աղջիկը պսակադրվելիս պետք է հարսանեկան զգեստ չկրի, քանզի նա այլեւս «մաքուր» չէ:
Թե ինչպիսին է Հայ առաքելական եկեղեցու վերաբերմունքն այս հարցի հետ կապված, օրհնո՞ւմ է արդյոք երկրորդ անգամ եկեղեցով պսակադրվել ցանկացողներին՝ պարզեցինք Երեւանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Դանիել քահանա Բաղումյանից:
Քահանայի ձեւակերպմամբ, եկեղեցին երդումը դրժողներին չի խրախուսում, եւ ինչ-որ արվում է Աստծո տան մեջ, նրա խոսքի համաձայն է. «Ամուսնության խորհուրդը Աստվածաշնչի մեջ հաստատվեց Աստծո խոսքի համաձայն: Մատթեոսի ավետարանում շատ գեղեցիկ նկարագրվում է ամուսնության պատգամը՝ արուն եւ էգը պետք է թողնեն իրենց հորն ու մորը, գնան մեկմեկու ետեւից եւ նրանք պետք է դառնան մեկ մարմին: Սրա մեջ խորհուրդ կա: Անձերի միացումով երկու մարմինները դառնում են մեկ մարմին, մեկ են դառնում, մեկ են խորհում, հավատարիմ են: Շատ կարեւոր է, երբ ընտանիքը, իր էությամբ եւ հասկացողությամբ՝ մեկ է: Եվ այդ մեկ հասկացողությունը պետք է պահպանվի մինչեւ վերջ՝ իրենց երդման խոսքի համաձայն: Երբ պսակադրության ժամանակ փեսային հարցնում են՝ որդյակ իմ, մինչեւ մահ տե՞ր ես, եւ հարսին՝ դուստր իմ հարս, մինչ ի մահ հնազա՞նդ ես, երկուսն էլ Աստծո ներկայությամբ նրա տաճարի մեջ երդում են տալիս հնազանդ լինելու: Շատ կարեւոր է մեզ յուրաքանչյուրիս համար այդ խոսքերի պահպանումը կյանքում»:
Քահանա Բաղումյանը փաստում է, որ ամուսնության հիմքը «տեր եմ» կամ «հնազանդ եմ» խոստումն է. «Այս խոսքերն ամենանշանակալից բանն են ամուսնության մեջ: Սրանք ընտանիքի գոյության հիմքն են: Եթե տղամարդը տեր չէ, բնականաբար կինն էլ կարող է հնազանդ չլինել: Երկուսից էլ պահանջվում է նույն երդումը. Աստված երկուսից էլ պահանջում է: Այս նկատառումով էլ մարդիկ պետք է լավ մտածեն այս խոսքերի շուրջ՝ խորանի առջեւ կանգնելիս՝ հասկանան այդ խոսքերի իմաստն ու արժեքը, նոր իրենց համաձայնությունը տան»:
 Տեր Դանիելը ասում է, որ խորապես ցավում է, երբ ընտանիքներ են քայքայվում, ամուսնալուծվում: Նա նշում է, որ չեն խրախուսվում բաժանությունները, երբեմն ամուսինները ստիպված են դիմում այդ քայլին, քանզի դրանց նպաստում են նեղ կենցաղային եւ խիստ ընտանեկան հարցերը, որոնց մեծ մասը հիմնականում չեն վերաբերում ամուսինների միջեւ սիրուն:
«Նախ ամուսնալուծությունների առաջին պատճառն այն է, որ մենք երբեք չենք պահպանում Աստծո պատվիրանները»,- ասում է քահանան եւ նշում է, որ նախքան պսակադրությունը՝ զույգերից պարտադիր հետաքրքրվում են նրանց ամուսնացած լինելու կամ չլինելու մասին. «Ես նախքան ծիսակատարությունն իրականացնելը հարցաքննում եմ զույգերին: Մենք շատ կետեր ունենք, ըստ որոնց՝ թույլատրվում է երկրորդ անգամ ամուսնանալ եկեղեցով՝ չբերության, վեներական հիվանդության, անբուժելի հիվանդության դեպքում: Կամ մեղմացուցիչ եւ հասկանալի երեւույթ է, երբ մարդը գնացել է խոպան եւ այլեւս չի վերադարձել: Այս դեպքում եկեղեցին օրհնում է երկրորդ անգամ իր կյանքը դասավորել ցանկացող յուրաքանչյուրին, այսինքն՝ մեկնում իր օգնության ձեռքը: Ի վերջո, յուրաքանչյուրն էլ երջանիկ լինելու իրավունք ունի»:
Պարզվում է, եկեղեցին պսակադրություն չի իրականացնում այն դեպքում, երբ այդ ամենը կատարվում է տղամարդու կամ կնոջ քմահաճույքից ելնելով. «Եղել են դեպքեր, որ զույգն ամուսնացել է, հետո իմացել ենք, որ տղամարդը կողքից մեկին էլ ունի ու դրանով հանդերձ եկել, դիմել է եկեղեցով երկրորդ անգամ ամուսնանալու: Նշեմ մեկ այլ փաստ. այժմ շատ տարածված է, որ Եվրոպայից տղաներ են գալիս, ուզում շատ արագ ամուսնանալ, բայց պարզվում է, որ նրանք դրսում կին ունեն, երեխաներ: Մեզ հետ պատահել է նման դեպք՝ մի տղա, որը Մոսկվայից էր ժամանել, այստեղ ուզում էր ամուսնանալ, մենք հրաժարվեցինք նրա պսակադրությունն իրականացնել, որովհետեւ նա այնտեղ արդեն ընտանիք ուներ»:
Քահանան երիտասարդներին խորհուրդ է տալիս՝ երբեք չդրժել Աստծուն տված երդումը եւ ամեն գնով պահպանել ընտանիքը, քանզի երկրորդ անգամ այդքան էլ հեշտ չէ ստանալ նրա օրհնությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28