Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ԲԱՆԱՍՏԵՂԾԻՆ

Փետրվար 23,2011 00:00

Բանաստեղծ Վահագն Դավթյանն արդեն 15 տարի մեզ հետ չէ: Երեկ՝ նրա մահվան օրը Կոմիտասի անվան այգու Պանթեոնում հավաքվել էին գրողի հարազատները, գրչակիցները, արվեստի սիրահարները՝ հարգանքի տուրք մատուցելու:

Ըստ ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի, Դավթյանի ամենակարեւոր առանձնահատկությունը, իբրեւ մարդ եւ պոետ, նրա հավատարմությունն է ժողովրդին, իր գրչընկերներին, սերերին:

«Վ. Դավթյանը այն գեղագետն է, որ ոչ միայն հոգեւոր բավականություն է տալիս, այլ նաեւ սնում է սերունդներին, ոչ միայն ընթերցողին, այլ նաեւ բանաստեղծներին, գրողներին, գրիչ վերցնողներին, եւ նրա հավերժական ներկայությունը մեր գրականության մեջ խորհուրդ է պարունակում, որ մենք շատ ավելի սթափ լինենք…»,- ասաց Արցախի գրողների միության վարչության նախագահ Վարդան Հակոբյանը: Նա հպարտությամբ նշեց, որ բախտ է ունեցել շատ անգամ հանդիպել Վ. Դավթյանին, իսկ իր ատենախոսությունը մեծանուն բանաստեղծի մասին էր:

Բանաստեղծուհի Մետաքսեն նշեց, որ Վ. Դավթյանը բացառիկ մեծահոգի մարդ էր, եւ կարողանում էր ներողամտորեն վերաբերվել գրողներին, ջերմ մթնոլորտ ստեղծել միությունում: Որպես ընթերցող, բանաստեղծուհին շնորհակալություն հայտնեց ասմունքող, ՀՀ վաստակավոր արտիստուհի Սիլվա Յուզբաշյանին, շեշտելով, որ այնպես, ինչպես նա է ներկայացնում Դավթյանի բանաստեղծությունները բեմից, ոչ ոք չի կարող մատուցել:

Ինչպես Վ. Դավթյանի մասին ասում է նրա դուստր Հասմիկ Դավթյանը, նա հասարակ մարդ էր, շատ լավ հայր, պապիկ, լավ խորհրդատու, սովորեցնում էր ճիշտ ապրել: Հասմիկն ափսոսանքով նշեց, որ հոր մահվանից հետո նոր է գիտակցում, թե ինչ է կորցրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել