Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍՊԻՍԻՆ ԵՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ- 5

Փետրվար 25,2011 00:00

«Կենտրոն» հեռուստաընկերության գովազդային պայմանագրերի զգալի մասի վրա կա միայն մեկ կողմի՝ հենց «Մուլտի Մեդիա-Կենտրոն ԹԻՎԻ» ՓԲԸ-ի կնիքը: Սակայն ՀՌԱՀ-ն այլեւս չթույլատրեց լուսանկարել այս փաստաթղթերը:

\"\"

Բավական ուշագրավ մանրամասներ կարելի է իմանալ՝ ընթերցելով հեռուստաընկերությունների մրցութային առաջարկները: Այսպես պարզեցինք, որ լուծարվել է «Շարմ» ՓԲԸ-ն: «Կենտրոն» հեռուստաընկերության, ինչպես իրենք են այն անվանել՝ գործարար ծրագրի սկզբում նշված է. «Մուլտի Մեդիա-Կենտրոն ԹԻՎԻ» ՓԲԸ-ն (նախկին ֆիրմային անվանումը՝ «Շարմ» ՓԲԸ) իրավաբանական անձ համարվող, շահույթ ստանալու նպատակ հետապնդող առեւտրային կազմակերպություն է»: «Շարմ»-ի գործադիր տնօրեն Հրանտ Թոխատյանը մեր հարցմանն ի պատասխան՝ հաստատեց՝ այո՛, «Շարմ» ՓԲԸ-ն լուծարվել է, ստեղծվել է «Շարմ» Հոլդինգը:

Կարելի է գուշակել, թե ինչու է արվել այս անվանափոխությունը: «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի համաձայն՝ «Հեռուստառադիոծրագրերի հեռարձակման լիցենզիան չի կարող փոխանցվել կամ վաճառվել (օտարվել) այլ անձի»: Եվ որպեսզի սքողվի հանրահայտ փաստը, որ «Շարմի» ստացած արտոնագիրը 2002 թվականից ուղղակի ձեռքից ձեռք է անցել, եւ հեռուստաընկերությունն այս ընթացքում փոխել է 3 սեփականատերեր՝ «Շարմ» ՓԲԸ-ն իր իրավական կարգավիճակի անունն ի վերջո զիջել է Գագիկ Ծառուկյանի սեփականություն հանդիսացող հեռուստաընկերությանը:

«Շարմ» ՓԲԸ-ի իրավահաջորդ «Մուլտի Մեդիա-Կենտրոն ԹԻՎԻ» ՓԲԸ-ի ծրագրում կա ժառանգականության մասին վկայող մի դրույթ: Հիշեցնենք, որ «Շարմը» 2002 թվականին խոստանում էր հեռարձակել «Միայն լավ լուրեր», իսկ այժմ էլ «Կենտրոնն» է իր գործարար ծրագրում նշել. «Իմաստային առումով եւ մատուցման ձեւով հեռուստահաղորդումները պետք է կրեն լավատեսական բնույթ եւ հույս ներշնչեն հեռուստադիտողին»:

Մրցութային առաջարկում նշված է. «Գործունեության յուրաքանչյուր ոլորտում «Կենտրոն» հեռուստաընկերությունն առաջնորդվում է թափանցիկության սկզբունքով: Գործունեության թափանցիկությունն ապահովելու համար «Կենտրոն» հեռուստաընկերությունը համագործակցում է անկախ հետազոտական ընկերությունների հետ, ինչի արդյունքում ընկերության հետ գովազդի ոլորտում համագործակցող սուբյեկտները հնարավորություն են ստանում վերահսկել իրենց գովազդների հեռարձակումները ու դրանց արդյունավետությունը»: Այս գործարար ծրագիրն ուսումնասիրելիս նկատեցինք, որ գովազդային երկկողմանի պայմանագրերի զգալի մասի (եթե ոչ՝ գրեթե կեսի) վրա, կար միայն մեկ կողմի՝ «Մուլտի Մեդիա-Կենտրոն ԹԻՎԻ»-ի կնիքը: Սակայն թափանցիկության սկզբունքով գործող հեռուստաընկերության այս փաստաթղթերը ՀՌԱՀ նախագահը թույլ չտվեց լուսանկարել՝ պատճառաբանելով մեր նախորդ հրապարակումներից հետո հեռուստաընկերություններից ստացված բողոքները: Միակ բացառությունն արվեց ԵԱՀԿ հետ կնքված հեռուստածրագրի արտադրության եւ հեռարձակման պայմանագրի համար (լուսանկարում), որում էլի չկար երկրորդ կնիքը:

Որքան տեղյակ ենք՝ մրցութային առաջարկը փակ, գաղտնի փաստաթուղթ չէ: Եվ անցած բոլոր տարիներին միջազգային կազմակերպությունները, որոնց անդամակցում է Հայաստանը՝ մեր առջեւ նույն պարտավորությունն են դրել՝ անցկացնել արտոնագրերի «բաց, արդարացի եւ թափանցիկ մրցույթ»: Վերջին նման պահանջն արտացոլված է ԵԽԽՎ 2009 թվականին ընդունված 1677 բանաձեւի 12 կետում: Եվ հերթական անգամ ընդգծում եմ՝ բաց եւ թափանցիկ մրցույթի համար բավարար չէ միայն տեսնել, թե ինչպես են ՀՌԱՀ անդամները գնահատականներ բարձրացնում կամ ինչպես են հետո հիմնավորում իրենց կայացրած որոշումը: Կարեւոր է նաեւ համոզված լինելը. թե սա իրոք արդարացի մրցույթ է եղել, եւ ՀՌԱՀ-ը հավասար ու նույնքան բծախնդիր մոտեցում է ցուցաբերել անխտիր բոլոր հեռուստաընկերությունների նկատմամբ՝ նույնիսկ անկախ այն հանգամանքից, թե նրանք միայնա՞կ են մասնակցել մրցույթին, թե՞ մրցակցային սկզբունքով:

Հանուն արդարության հարկ է նկատել, որ ՀՌԱՀ-ը մինչ այժմ երբեք խոչընդոտներ չէր հարուցել փաստաթղթեր տրամադրելիս: Բայց ահա պարզվեց, որ ուսումնասիրված 3 մրցութային առաջարկներից 2-ում կան թերի փաստաթղթեր, ինչպիսիք կային նաեւ «Ա1+»-ի առաջարկում (որոնք, ի դեպ, հրապարակված են ՀՌԱՀ կայքէջում), եւ որոշակիորեն խստացվեցին առաջարկները պատճենահանելու կանոնները:

Իսկ «Կենտրոնի» գովազդային պայմանագրերն այս դեպքում առավել էական են, քանի որ չնայած ծրագրում նշված է «հիմնադիրների կողմից ակնկալվող ներդրումների» մասին, եւ անգամ մանրամասնել են. «Ներկայացվող առաջարկի ֆինանսական ապահովման հետ կապված հեռուստաընկերության բաժնետերերի կողմից ընդունվել է նախնական որոշում ընկերության կանոնադրական կապիտալի չափն ավելացնել՝ հասցնելով այն 4,5 մլն ԱՄՆ դոլարի համարժեք դրամի», սակայն գործարար ծրագրի հավելվածներում չկա որեւէ փաստաթուղթ, որով կհավաստվեր նման ներդրումների պատրաստակամությունը: Թեեւ իրոք ի՞նչ փաստաթուղթ կարող էր ներկայացվել «նախնական որոշման» կապակցությամբ: Իսկ ծրագրի համաձայն՝ «անհրաժեշտ մյուս ֆինանսական միջոցներն ամբողջությամբ կստացվեն Ընկերության տնտեսական գործունեությունից», ու «Հեռուստատեսային գործունեության եկամտի հիմնական աղբյուրը կհանդիսանա գովազդային եթերաժամի վաճառքը»:

Խնդիրը նաեւ այն չէ, որ «Կենտրոնի» հիմնական սեփականատերը ձեռնպահ է մնացել ինքն իրեն տեղեկանք տրամադրելուց, ինչը, հիշեցնենք, արել էր Հ2-ի սեփականատերը: Գործարար ծրագրում ներառված է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի շնորհակալագիրը (լուսանկարում) «Մուլտի Մեդիա Կենտրոն ԹԻՎԻ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Ադումյանին. «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի եւ անձամբ իմ անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել «Կենտրոն» հեռուստատեսության ողջ անձնակազմին՝ մեր երկրում սպորտի բնագավառի իրադարձությունները բարձր մակարդակով լուսաբանելու եւ հանրության ամենալայն շերտերին այս ոլորտի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար»: Գրեթե տառացի նույն շնորհակալագիրը «Կենտրոնին» տրամադրել է նաեւ սպորտի եւ երիտասարդության հարցերի ԲՀԿ-ական նախարար Արթուր Պետրոսյանը:

Մնացածը բարձրագոչ խոստումներ են, որոնք կան մյուս ընկերությունների առաջարկում՝ կան նաեւ «Կենտրոնի» ծրագրում: Ասենք այսպիսի. «Հեռուստաընկերությունը նպատակ ունի ծավալել այնպիսի գործունեություն, որի արդյունքում հայ հեռուստադիտողն իրեն իրապես կզգա համաշխարհային քաղաքակրթության մաս հանդիսացող անկախ երկրի քաղաքացի»: Հիշեցնենք, որ համանման տողեր կային նաեւ մեկ այլ հեռուստաընկերության մրցութային առաջարկում, որի եթերում իրենց հաստատուն տեղն ունեն Արմենչիկի համերգները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել