Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐՆ ԷԼ ԳՐԱՎ ԵՆ ԴՐԵԼ

Փետրվար 25,2011 00:00

Պարզվում է՝ «Նորաշեն 2007» կոոպերատիվի տերերը միայն կառուցապատվող շենքի բնակիչներին չեն խաբել ու գումարներ «քցել»:

Մայրաքաղաքի մի շարք թաղամասերում բազմաթիվ կիսակառույց շենքեր կան, որոնց հիմքը տարիներ առաջ գցվել է, բնակարանները վաճառվել են, բայց այդպես էլ շենքը ո՛չ կառուցում են, ո՛չ էլ հույս կա, որ երբեւէ այդ շինհրապարակը կվերացնեն: Նորակառույց շենքերի այդ կարգի բիզնեսը վերջին շրջանում մարդկանց «քցելու» տարբերակ է դարձել: Շենքի իդեալական մակետը տալիս են մարդկանց ձեռքը, հավատացնում, որ մի քանի տարի հետո իրենք կարող են էլիտար շենքում բնակարան ունենալ ու գումարները ստանալուց հետո՝ «թռնում»: Այս պահին դատարաններում բազմաթիվ հայցեր կան՝ ընդդեմ կառուցապատող ընկերությունների սեփականատերերի: Քանի որ շատ թանկարժեք «էլիտարների» բնակարանների ապագա սեփականատերերը հիմնականում պատահական մարդիկ չեն, խաբվելու դեպքում նրանք ներքին կարգով կա՛մ լուծում են իրենց հարցերը, կամ թքում այդ փողի վրա: Օրինակ, «Առավոտի» երեկվա համարում հրապարակել էինք «Նորաշեն 2007» կոոպերատիվի տերերից խաբված Գ. Չաուշի 14/3 շենքի բնակիչների բողոքը: Դրանից հետո այդ պատմության հետ կապված մեզ հայտնի դարձան մի քանի ուշագրավ մանրամասներ:

Աջափնյակ համայնքի Գ. Չաուշի 14/3 հասցեում կառուցվող շենքի բնակիչները սովորական մարդիկ են, որոնք չեն կարող թքել այդ գումարի վրա ու հաշտվել, որ իրենց խաբել են: Մեզ հետ զրույցում բնակիչները պատմեցին, որ իրենք ամեն օր ծրագրեր են կազմել, թե ինչպես են նշելու իրենց բնակարանամուտը, անհամբեր սպասել, թե երբ են տեղափոխվելու նոր բնակարան, սակայն դեռ շենքը չկառուցված՝ մի օր պատահական պարզել են, որ իրենց գնած բնակարանը ուրիշի էլ է վաճառվել, այսինքն՝ այն մի քանի տեր ունի: Շենքի կառուցման աշխատանքները կատարում է «Նորաշեն 2007» կոոպերատիվը, ի դեմս նախագահ Արմեն Թադեւոսյանի եւ Լյովա Սամվելյանի: Բնակիչները, հանդիսանալով կոոպերատիվի անդամներ, մաս-մաս վճարել են բնակարանի գումարը, թեեւ եղել են նաեւ բնակիչներ, որոնք, վստահելով կառուցապատողներին, բնակարանի գումարը միանգամից են վճարել: Սակայն պարզվել է, որ 16 հարկանի բազմաբնակարան շենքի 130 բնակարաններից 100-ն արդեն կրկնակի է վաճառվել: Եվ քանի որ նման կառուցապատումների ժամանակ, երբ տունը մակետով են վաճառում, սեփականության վկայականները մարդկանց հանձնում են բնակարանները պատրաստ լինելուց հետո, հիմա մարդիկ, փաստորեն, սեփականության վկայական էլ չունեն եւ չեն կարող իրենց սեփականատիրական իրավունքները պաշտպանել: Մեր տեղեկություններով, կոոպերատիվի սեփականատերերը այդ ընթացքում ոչ միայն մի բնակարանը մի քանի հոգու են վաճառել, այլեւ բնակարանների սեփականության վկայականներն էլ իրենց հերթին գրավ են դրել տարբեր կազմակերպություններում ու դրանց դիմաց խոշոր գումար վերցրել: Այդ վկայականների դիմաց փող տվողներից մեկը, մեր տեղեկություններով, Էջմիածնի հարկային տեսչության պետն է, ինչպես նաեւ «Էսկո-կոնցեռն» անշարժ գույքի գործակալության նախագահը: Երբ զանգեցինք գործակալություն՝ ճշտելու այդ տեղեկությունը, աշխատակիցը միանգամից ասաց՝ «Եթե Չաուշի շենքի հարցով է, նախագահն է դրանով զբաղվում, ինքը ձեզ հետ կկապվի»: Ավելի ուշ նախագահը՝ Սարգիս Աղաբեկյանը հայտնեց, որ կոոպերատիվի տերերը ոչ թե սեփականության վկայական են գրավ դրել իր մոտ, այլ՝ ինքը այդ շենքում մի քանի բնակարան է գնել եւ կանխիկ բոլոր վճարումները կատարել է: Ի տարբերություն մյուս բնակիչների, պարոն Աղաբեկյանը ոչ թե բնակարան է գնել պարզապես գրավոր ստորագրությամբ, այլ նոտարով վավերացրել է եւ ստացել սեփականության վկայականները: Նշենք, որ պարոն Աղաբեկյանը տուժած բնակիչներին առաջարկել է միավորվել եւ համատիրություն ստեղծել, որպեսզի միասին հավաքեն անհրաժեշտ մոտ 200 միլիոն դրամը եւ շենքը ավարտին հասցնեն:

Մի շարք պաշտոնական դռներ բախելուց հետո օրերս Չաուշի շենքի տուժած բնակիչները կառավարության շենքի մոտ բողոքի ցույց էին անում՝ խնդրելով կառավարությանը, որ գտնեն խարդախներին ու պատժեն: Իսկ կառուցապատողները, որոնք բնակարանները վաճառելիս իրենք էին ընկել գնորդների հետեւից, մինչեւ այս Նոր տարի բոլորի գլխի տակ փափուկ բարձ դնելով մի կերպ ձգել էին, իսկ Նոր տարուց հետո արդեն ոչ միայն հասանելի չեն, այլեւ անհետ կորել են. հեռախոսահամարներն անջատված են, Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սուրբ Երրորդություն եկեղեցու հարեւանությամբ գտնվող գրասենյակի դռները փակ են: Բնակիչներն այնքան վրդովված են, որ, նրանց խոսքերով՝ «եթե պաշտոնական մարմիններն ինչպես հարկն է չզբաղվեն այդ խնդրով եւ չմիջամտեն՝ մենք ստիպված բնակարան կփնտրենք այլ երկրներում: Մենք հույսներս կտրած՝ ամեն օր գնում ենք մեր ապագա շենքի տարածքը ու ամեն օր նոր սեփականատիրոջ գտնում այնտեղ: Փաստորեն, Լյովա Սամվելյանն ու Արմեն Թադեւոսյանը աջուձախ խոստումներ են տվել, գումարները հավաքել ու փախել: Մենք պատկերացում էլ չունենք, թե ում պետք է դիմենք այդ խաբեության համար»: Նշենք, որ գործը ներկայումս դատախազությունում է: Հիշեցնենք, որ խնդրի առնչությամբ Աջափնյակի կոմունալ բաժնի պետ Ռոման Ալոյանն «Առավոտին» պարզաբանել էր, որ համայնքն այդ շենքի հետ որեւէ կապ չունի, քանի որ Աջափնյակի 16-րդ թաղամասում կիսակառույց վիճակում գտնվող այդ շենքը կոոպերատիվ հիմունքներով է կառուցվում եւ համայնքի հաշվեկշռում չկա, ուստի իրենք դրա համար որեւէ պատասխանատվություն չեն կրում: Իսկ կառավարությունից մեզ վստահեցրել էին, որ բողոքի ակցիայի մասնակիցների դիմումն ընդունվել է եւ դրան համապատասխան կարգով ընթացք կտրվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել