Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆՄԱՆ ԶԳԱՅՈՒՆ ՀԱՐՑԵՐԸ ՉՊԵՏՔ Է ՔՆՆԱՐԿՎԵՆ ԿՈՎԲՈՅԱԿԱՆ ՈՃՈՎ»

Փետրվար 26,2011 00:00

\"\"ԼՂ հարցով ժամանակավոր հանձնաժողովի վերստեղծման առնչությամբ ընդգծում է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:

– ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի հարցով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Խուկլա ի Կոստան որպես ԼՂ հարցում իր «անկողմնակալ» եւ «լավատեղյակ դիրքորոշման ապացույց» ընդգծել էր, թե ԼՂ հակամարտությունը «վիճաբանություն է երկու երկրների միջեւ, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության սկզբունքների»: Ձեր գնահատմամբ, այս պնդումներն իրոք որքանո՞վ են վկայում հանձնաժողովի նախագահի անկողմնակալության եւ լավատեղյակության մասին:
– Խուկլա ի Կոստայի հարցազրույցները եւս մեկ անգամ վկայում են, որ ԵԽԽՎ 1416 բանաձեւի իրականացման ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքները վերսկսելու վերաբերյալ բյուրոյի որոշումը խելամիտ ու կշռադատված չէր:
Երբ 2011 թվականի փետրվարի 4-ին Trend.az գործակալությունը հրապարակեց պարոն Խուկլա ի Կոստայի հարցազրույցը, ես հակված չէի արձագանքել, քանի որ Trend.az կայքը հեռու է հավաստի եւ չաղավաղված տեղեկատվության աղբյուր լինելուց: Սակայն Panorama.am գործակալությանը պարոն Խուկլա ի Կոստայի վերջերս տրված հարցազրույցի հրապարակումից հետո ակնհայտ դարձավ, որ ընտրությանն այլընտրանք չկա: Այդ իսկ պատճառով որոշեցի արձագանքել երկու հարցազրույցներում տեղ գտած պնդումներին եւ աղավաղումներին:
Իր հարցազրույցներում պարոն Խուկլա ի Կոստան պնդում է, թե հայկական պատվիրակությունը կասկածանքով էր վերաբերվում, սակայն դեմ չէր ժամանակավոր հանձնաժողովի վերաձեւավորմանը: Այս հայտարարությունը հեռու է ճշմարիտ լինելուց, ավելին, այն բացարձակ սուտ է: Բյուրոյի բոլոր անդամներին հասցեագրված նամակում պատվիրակության բոլոր անդամները բացարձակապես դեմ են արտահայտվել ժամանակավոր հանձնաժողովի վերաձեւավորմանը: Մնում է ենթադրել, որ պարոն Խուկլա ի Կոստան երբեք չի կարդացել այդ նամակը եւ դիտավորյալ ապատեղեկացված է:
Խուկլա ի Կոստայի մոտեցումը հենց այն է, ինչի կապակցությամբ հայտնել էինք մեր մտահոգությունները, եւ ինչի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախազգուշացրել էին: Պարտադիր չէ լինել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ փորձագետ՝ մերժելու հակամարտության՝ Խուկլա ի Կոստայի նկարագրությունը որպես «տարածքային վեճ երկու ինքնիշխան պետությունների միջեւ, վեճ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության միջեւ»:
Կցանկանայի հիշեցնել պարոն Խուկլա ի Կոստային, որ 2010 թվականի հուլիսի 17-ին Ալմաթիում արած իրենց համատեղ հայտարարության մեջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների նախագահները հստակորեն ընդգծում են, որ առաջարկված սկզբունքները, որոնք բանակցությունների բաղադրիչ մասն են կազմում՝ «համարվում են մեկ ամբողջություն, ու դրանցից որեւէ մեկը մյուսներից առանձնացնելու ցանկացած փորձ անհնար կդարձնի հավասարակշիռ լուծում ձեռք բերելը»: Այսպիսով, 3 սկզբունքներից 2-ի անտեսումը (մասնավորապես, ուժի գործադրման սպառնալիքի եւ ուժի գործադրումից զերծ մնալու սկզբունքը եւ ժողովուրդների հավասար իրավունքների եւ ինքնորոշման սկզբունքը), որոնք երկար ժամանակ հիմք են հանդիսացել խաղաղ գործընթացի բանակցությունների համար, ու նոր՝ «ինքնիշխանության» սկզբունքի ներմուծումը որեւէ հիմնավորում չունի: Ավելին, 1994 թվականի հրադադարի պայմանագիրը ստորագրող կողմ հանդիսացող ԼՂ-ին հակամարտության կողմ չճանաչելը կարող է ունենալ լուրջ հետեւանքներ:
Կրկնում եմ, որ Ժամանակավոր հանձնաժողովը բյուրոյի կողմից վերակազմավորվել է՝ առանց հաշվի առնելու հայկական պատվիրակության առաջարկները եւ այն գործընթացը, որի արդյունքում այն վերակազմակերպվել է՝ լուրջ կասկածի տակ է դնում ԵԽԽՎ-ում 2 պատվիրակությունների միջեւ երկխոսության մթնոլորտ ստեղծելու մտադրության անկեղծությունը:
– ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն այս հանձնաժողովի կապակցությամբ վերջերս նորից նշել էր. «Եթե իմ փոխարեն ԵԽԽՎ նախագահի պաշտոնում լիներ որեւէ հայ, միեւնույն է, նա ստիպված էր լինելու այդ հարցը բերել օրակարգ, որովհետեւ եթե օբյեկտիվ լիներ, ապա դրան այլընտրանք չէր կարող լինել»: Իրո՞ք ԼՂ հարցով այս ժամանակավոր հանձնաժողովի վերստեղծումն այլընտրանք չուներ:
– Իհարկե՝ ուներ: Բյուրոն անգամ իրավասու էր առաջարկել Վեհաժողովին համարել այդ հանձնաժողովի գործառույթները սպառված: Ընդհանրապես այնպիսի տպավորություն է, թե Վեհաժողովի նախագահ պարոն Չավուշօղլուն քողարկում է ժամանակավոր հանձնաժողովի ձախողման իրական պատճառները: ԺՀ-ը ստեղծվել է 2005 թվականին եւ իր «գոյության» ողջ ժամանակահատվածում հանձնաժողովին նույնիսկ չի հաջողվել վստահության մթնոլորտ ստեղծել ԵԽԽՎ 2 պատվիրակությունների միջեւ՝ էլ չեմ ասում «խթանել երկխոսություն երկու երկրների, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների միջեւ», ինչպես նշել էր Լորդ Ռասսել-Ջոնսթոնն իր զեկույցում: Ժամանակավոր հանձնաժողովի գործունեության դադարեցումը պայմանավորված էր այս ձախողմամբ եւ ոչ թե Լորդ Ռասսել-Ջոնսթոնի մահվան փաստով, ինչպես բազմիցս աղավաղվել է պարոն Չավուշօղլուի հարցազրույցներում: Այդ հանձնաժողովը ձեւավորված է եղել 2005-ին եւ ամբողջ ժամանակահատվածում նրան չի հաջողվել իրականացնել իրեն վերապահված որեւէ խնդիր:
Փոխանակ շտապողականությամբ ժամանակավոր հանձնաժողովը վերակազմավորելը՝ ԵԽԽՎ նախագահի պարտավորությունն էր բյուրոյին տեղեկացնել ձախողման պատճառների, ինչպես նաեւ 2010-ի ընթացքում հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների ղեկավարների ու ընդդիմության ներկայացուցիչների հետ անցկացրած խորհրդակցությունների ընթացքում հնչած առաջարկությունների մասին: Հարկ է նշել, որ վեհաժողովի նախագահին ուղղված մեր առաջարկությունները ոչ միայն կյանքի չեն կոչվել, այլ անգամ չեն քննարկվել:
Մենք որեւէ վստահություն չունենք բյուրոյի որոշման անկողմնակալության նկատմամբ, որը ներկայիս նախագահի ղեկավարությամբ հակված է հրապարակային քաղաքականության դաշտ բերելու խաղաղ բանակցությունների գործընթացը: Նման զգայուն հարցերը չպետք է քննարկվեն կովբոյական ոճով: Այս հարցը եւ այս հակամարտությունը չեն կարող լինել որեւէ անհատի քաղաքական իմիջը բարելավելու միջոց: Հակամարտությունների կարգավորման հարցերում քաջատեղյակ մարդիկ գիտեն, որ հակամարտությունները հրապարակայնորեն չեն լուծվում, այն էլ խորհրդարանականների կողմից: Նման մոտեցումը կարող է լրջորեն վնասել ընթացող խաղաղ բանակցային գործընթացը եւ հանգեցնել անկանխատեսելի լարվածության: Հայկական պատվիրակությունն իր նամակում հստակ արտահայտել է, որ չի պատրաստվում մասնակից լինել այնպիսի անպատասխանատու քայլերի, որոնց ձգտում է բյուրոն իր ներկայիս նախագահի ղեկավարությամբ:
– Պիտի խնդրեմ անդրադառնալ նաեւ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին ղեկավար Տիգրան Թորոսյանի պնդումներին, թե այս հանձնաժողովը 2,5 տարվա ընթացքում «որեւէ բացասական ազդեցություն չի ունեցել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի վրա», այնտեղ պետք է ընդամենը զեկույցներ ներկայացվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ իրենց երկրների կառավարությունների գործողությունների վերաբերյալ, իսկ այդպիսի գործառույթ ունեցող հանձնաժողովի ստեղծման դեմ որեւէ մեկը չի կարող ներկայացնել ողջամիտ բացատրություն:
– Պարոն Թորոսյանն իրավունք ունի ունենալ իր կարծիքն այս նախագծի «հայանպաստության» մասին: Բայց ինձ ավելի մտահոգում են նրա վերջերս արած մի շարք հայտարարություններ, որոնք պարունակում են ակնհայտ ապատեղեկատվություն: Թեեւ նա ճիշտ է նշում, որ ի սկզբանե «ստեղծվող հանձնաժողովը պետք է ունենա ընդամենը մեկ գործառույթ. այնտեղ պետք է ամփոփվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբի այն անդամ երկրների տարեկան աշխատանքների մասին զեկույցները, որոնք միաժամանակ ԵԽ անդամ են», սակայն պրն Թորոսյանը թաքցնում է, որ հանձնաժողովի այդ գործառույթը փոխվեց Վեհաժողովի կողմից 2006 թվականի ապրիլին, երբ բյուրոյի հերթական զեկույցը քննելիս Վեհաժողովը հաստատեց բյուրոյի առաջարկությունը, որով՝ ա. փոխվեց հանձնաժողովի կազմը, եւ բ. հանձնաժողովին վերապահվեց շատ ավելի լայն գործառույթ՝ ամբողջ 1416 բանաձեւի կատարման վերահսկողություն: Բյուրոյի այդ զեկույցը հաստատելուն պարոն Թորոսյանը ոչ միայն չի առարկել, այլեւ կողմ է քվեարկել: Այսպիսով, ժամանակավոր հանձնաժողովը ստացավ իրավասություն՝ վերահսկելու բանաձեւի բոլոր կետերի կատարմանը, իսկ այդ կետերի վտանգավորության մասին կրկին խոսելը համարում եմ ավելորդ:
Ադրբեջանը վաղուց է հասկացել, որ Մինսկի խմբի շրջանակներում հարցի ուսումնասիրությունը մասնագիտացել է, եւ ինչքան ավելի է մասնագիտանում, այնքան ավելի վատ իրենց համար: Ուստի եւ մի քանի տարի է, ինչ իրենք իրենց հովանավորների միջոցով որդեգրեցին նոր քաղաքականություն՝ հարցը մասնագիտական քննարկումներից տեղափոխել խորհրդարանական կազմակերպություններ, որտեղ հարցը լուծվում է քվեարկությամբ, պահի թելադրանքով: Սակայն այս դեպքում իրավիճակն ավելի զավեշտալի է: Խուկլա ի Կոստայի մեկնաբանությունները ԼՂ հակամարտության հետ կապված, կարծում եմ, հրաշալի վկայություն են, թե ինչ փաստաթուղթ է նա պատրաստվում ներկայացնել տարեվերջին: Հպանցիկ հայացքն անգամ հանձնաժողովի կազմին իր հերթին հնարավորություն է ընձեռում պատկերացնել, թե քվեարկության արդյունքում այդ «փաստաթուղթն» ինչպիսի «անկողմնակալության» աստիճան կունենա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել