Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԵՍՆԵՍ՝ Ի՞ՆՉ Է ՄՏԱԾԵԼ ՊԻՏԵՐԸ

Փետրվար 26,2011 00:00

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին հայաստանյան մի շարք լրատվամիջոցների տված հարցազրույցում ասել էր, թե չի բացառում հայ-ադրբեջանական սահմանում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը: Հատուկ ներկայացուցչի գնահատմամբ, Եվրամիության համար ղարաբաղյան հակամարտությունը ավելի ու ավելի լուրջ հարց է դառնում. «Երբ հրադադարը կարգավորված չէ, երբ տեղի են ունենում սահմանային միջադեպեր, զոհվում են մարդիկ, դա բավական լուրջ է, եւ որեւէ մեկը չի կարող բացառել, որ իրավիճակը դուրս չի գա վերահսկողությունից ու հետագա սրացման տեղիք չի տա՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարածաշրջանում շարունակվում է սպառազինությունների մրցավազքը: Սրանք խնդիրներ են, որոնք ապակայունացնող ազդեցություն են ունենում եւ լրջորեն մտահոգում են Եվրամիությանը»: Ի դեպ, ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային բաց նստաշրջանում իր անհանգստությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումների վերաբերյալ։ Աժուբալիսն էլ իր հերթին է  հայտարարել, որ մտահոգված է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վատթարացմամբ։ Որպես հիմնավորում՝ նա նշել է շփման գծում զոհերի թվի ավելացումը։ Միջազգային կառույցների ներկայացուցիչների այս կարգի հայտարարությունները լսելով՝ ստիպված ես  զայրանալ, քանի որ այս կառույցներն ամենաանմիջական մասնակցությունն ունեն հարցի կարգավորման գործընթացում եւ  մասնակից են գրեթե բոլոր հանդիպումներին, քննարկումներին, անգամ բանակցություններին:
Վստահաբար, իրենք շատ լավ գիտեն, թե ինչու է ձգձգվում ղարաբաղյան հարցի կարգավորումը, գիտեն, թե կողմերից որն է խախտում հրադադարի ռեժիմը, գիտեն, թե կողմերից որն է  հոխորտում իր ռազմական բյուջեի հզորացման մասին, եւ այսպես շարունակ: Գիտեն նաեւ, թե կողմերից որն է առավել կառուցողական եւ  հավասարակշռված: Ուրեմն ինչո՞ւ են գալիս եւ  մեր գլխին ավետարան կարդում:
Ի դեպ, երեկ նույն Պիտեր Սեմնեբին Բաքվում հանդիպեց նաեւ Ադրբեջանի նախագահի հետ: Եթե նույն բաները ասել է նաեւ այնտեղ, տեսնես՝ մտքովը չի՞ անցել մի երկու եվրոպական նրբանկատ խոսք ասել  ռազմական բյուջեով եւ սպառազինությունների աճով հպարտացող մեր հարեւանին:
Եթե ասել է եւ ստացել է տիպիկ ադրբեջանական պատասխան, տեսնես՝ ի՞նչ է մտածել: Հաստատ մտածել է՝ ինչ լավ է, որ  հայ կամ ադրբեջանցի չի:
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
Հ. Գ. Օրվա վերջում պարզ դարձավ, որ Ադրբեջանում պարոն Սեմնեբին լռել է հրադադարի ռեժիմի խախտումների մասին, չի զգուշացրել իր ռազմական բյուջեով հպարտացող մեր հարեւանին, որ իրեն ճիշտ չի պահում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել