Լրահոս
Օրվա լրահոսը

«ԹՈՂՆԵՆՔ ԱՄԵՆ ԶԻԲԻԼ ՀԱՅԱՍՏԱ՞Ն ՆԵՐԿՐՎԻ»

Փետրվար 26,2011 00:00

\"\" Հարցնում է ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը

Արտասահմանյան տեսա կամ ձայնասկավառակներ ներմուծելիս հայ գործարարները մարտի 1-ից սկսած պետք է ունենան օտարերկրացի արտադրողի, հեղինակի կամ նրա իրավահաջորդի հետ պայմանագիր: Հակառակ դեպքում ոչ մի արտասահմանյան սկավառակ Հայաստան չի մտնի:
Այս պարտադիր պայմանը թելադրում են «Հսկիչ նշանների միջոցով տեսաձայնային մագնիսական պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները: Օրենքի դաշտում աշխատելը ոգեւորել է հայ գործարարներին, բայց տխրեցրել մի պարզ պատճառով. մինչեւ հիմա չգիտեն, թե այդ ինչպե՞ս են ձեռք բերելու անհրաժեշտ պայմանագրերը եւ ո՞ւմ են դիմելու, որտեղի՞ց են գնելու պահանջվող հայկական ակցիզները: «Հայ ֆայ» խանութների ցանցի տնօրեն Արտաշես Փոստանջյանի խոսքով՝ օրենքում շատ անհասկանալի ու անտրամաբանական կետեր կան. «Հայ գործարարի համար արտասահմանյան լիցենզիաներ ձեռք բերելը աբսուրդի հասնող գներ են: Հայաստանում չկա մեծ սպառում, շուկան այնքան փոքր է, որ նույնիսկ, եթե մեծ գումարներ ներդնենք ու արտասահմանյան ընկերություններից գնենք լիցենզիաներ, երբեք չենք կարողանա գոնե ներդրած գումարները հետ բերել, եկամտի մասին խոսք լինել չի կարող: Օրինակ՝ «Գլադիատորի» նման ֆիլմը օրինական ներկրելն ու վաճառելը Հայաստանում կարժենա մոտ $50, ինչը առավելագույնը երկու մարդ կգնի»:
Ինչ վերաբերում է արտասահմանյան սկավառակները Հայաստանում վերարտադրելուն, պարոն Փոստանջյանը բացառեց. «Նույնիսկ ռուսական ընկերությունները մեզ թույլ չեն տա, որ արտադրենք: Հայաստանում չունենք շտամպի գործարան, իսկ օրիգինալ դիսկերը միայն այդ գործարաններում են արտադրվում»: «Դիսկորդի» տնօրեն Կարեն Քյոբելյանն էլ նկատեց, որ ամիսներ կտեւի՝ մինչեւ համաձայնություն, պայմանագիր ձեռք բերեն արտասահմանցի գործընկերների կամ հեղինակների հետ, ու ամիսներ առաջ թողարկված դիսկերը ուշացումով կհասնեն Հայաստան. «Եղած շուկան էլ կկորցնենք, մինչեւ մենք դիսկը ներմուծենք, մարդիկ ինտերնետից անվճար ձեռք կբերեն»: Պարոն Քյոբելյանի խոսքով, լիցենզիաներ ձեռք բերելու գործընթացում հայ գործարարը կհայտնվի ծիծաղելի վիճակում. «Պատկերացրեք, որ ինչ-որ մի հայ գործարար գնա «Sony» ընկերություն ու ասի, թե Հայաստանի համար սկավառակ գնելու է եկել: Նախ, երեւի թե քարտեզ էլ հետը տանի, որ Հայաստանի տեղը ցույց տա: Հավատացեք, մեզ վրա կծիծաղեն, մենք ոչ միայն վատ ու փոքր, այլեւ անվճարունակ շուկա ենք ներկայացնում»: Պարոն Փոստանջյանն էլ հավելեց, որ իրենք էլ են ուրախ, որ գործող օրենքով դաշտը վերջապես կմաքրվի պիրատական ապրանքատեսակներից, բայց. «Մեր խանութներում հիմա վաճառվում են դիսկեր, որոնք մինչեւ այս օրենքի ընդունումը՝ ներկրել ենք, հարկեր վճարել, արտադրել Հայաստանի օրենքների համաձայն: Հիմա այդ պատրաստ արտադրանքը ի՞նչ ենք անելու, եթե նոր օրենքով մարտի 1-ից արգելվի առանց ակցիզի դիսկ վաճառելը»:
ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ վստահ է՝ օրենքով ամրագրված դրույթները իրատեսական են, գործարարների մտահոգություններն էլ՝ ոչ տեղին. «Ոչ մի բարդություն չկա պայմանագրերը ձեռք բերելու գործընթացում: Իսկ օրենքի դաշտում գործելն էլ շատ հարկավոր է: Ես խիստ կասկածում եմ այն փաստարկի համաչափության ու օրինաչափության վրա, թե արտասահմանյան արտադրողները լիցենզիա չեն տրամադրի մեզ, որովհետեւ անվճարունակ կամ փոքր շուկա ունենք, կամ էլ թե ինչ-որ բարդություններ կառաջանան: Ամենեւին էլ պետք չէ «Sony» ընկերությունից ձեռք բերել պայմանագիր, խոսքը հեղինակային իրավունքի պաշտպանության մասին է, եւ հայ արտադրողներից առաջ շատ հեղինակավոր արտադրող ընկերություններ են հեշտությամբ ձեռք բերել ստեղծագործության հեղինակային իրավունքն ու համաձայնությունը, եւ դա բավականին հեշտացված գործընթաց է: Չեմ կարծում, որ ցանկացողի մոտ դժվարություններ առաջանան»: Ինչ վերաբերում է հայ գործարարների նշած լրացուցիչ ծախսերին, պարոն Մինասյանը համաձայնեց. «Հնարավոր է՝ խնդիրներ առաջանան ծախսերի առումով, գուցե հենց մաքսային ձեւակերպումների հետ կապված, բայց մյուս կողմից էլ ուրիշ տարբերակ չունենք: Ի՞նչ անենք, թույլ տանք, որ ամեն մի զիբիլ Հայաստա՞ն ներկրվի, ու հայ սպառողն էլ մնա անպաշտպա՞ն: Որակյալ ապրանք եմ ուզում ձեռք բերել, կա՞ այդպիսի հնարավորություն, եթե այո՝ գնանք օրենքը վերանայենք»: Ինչ վերաբերում է գործարարների անտեղյակությանը, թե որտեղից ձեռք բերեն ակցիզները, պարոն Մինասյանը նկատեց, որ օրենքի կիրառման տեսանկյունից կառավարությունը, Պետեկամուտների կոմիտեն պարտավոր էին ժամանակին տեղեկացնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել