Լրահոս
Օրվա լրահոսը

«Հետքը» դատի է տվել Գյումրու քաղաքապետին

Փետրվար 26,2011 00:00

Անցյալ տարվա հուլիսի 6-ին «Հետաքննող լրագրողների ընկերակցությունը» Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին 8 կետից բաղկացած գրավոր հարցում էր ուղարկել՝ փորձելով ճշտել, թե ո՞ւմ է պատկանում Կումայրի արգելոցի տարածքում գտնվող Աբովյան թիվ 262 շենքը, ե՞րբ, ո՞ւմ եւ ի՞նչ նպատակով է վաճառել հասարակական մեծ արժեք ներկայացնող կառույցը, ի՞նչ փոխհատուցում է առաջարկվել այդ կառույցի տեր Դրամփյանների իրավահաջորդ Իրինա Աբաջյանին, այն եղել է բնակարանի՞, թե՞ գումարի տեսքով, ճի՞շտ են, արդյոք, «Հետքին» հասած տեղեկությունները, թե գնորդը Վարդան Ղուկասյանն է: 5 ամիս «չլչլելուց» հետո, Գյումրու քաղաքապետարանը հարկ է համարել հարցադրմանը պատասխանել միայն այն ժամանակ, երբ «Հետքը» քաղաքապետին արդեն դատի էր տվել, եւ գործը ընդունվել էր Շիրակի մարզի վարչական դատարանի վարույթ: «Հետքի» լրագրող Երանուհի Սողոյանի ներկայացնելով, իրենց հայցը վարույթ է ընդունվել նոյեմբերի 12-ին, իսկ նոյեմբերի 25-ին խմբագրությունը ժակետանց, ոչինչ չասող պատասխան է ստացել փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանի ստորագրությամբ: Այդ պատասխանի մեջ նշված է եղել. «Ձեր 2-րդ հարցի պատասխանը տեսեք 1-ին կետում, 5,6 հարցերը առնչվում են ոչ թե տեղեկություններ ստանալուն, այլ կարծիք հայտնելուն» եւ այլն:
Երեկ Շիրակի մարզի վարչական դատարանում սկսվեց նախնական դատական նիստը, որի ժամանակ հայցվորի ներկայացուցիչ Երանուհի Սողոյանն ասաց, որ «Հետքը» հայցը պնդում է ամբողջությամբ, խախտված է հայցվորի տեղեկություններ ստանալու իրավունքը, ոտնահարված է ՏԱ օրենքը, համաձայն որի՝ գրավոր հարցում ստանալուց հետո կողմը պարտավոր է 5-օրյա ժամկետում պատասխան տալ: Թե ինչո՞ւ էր Գյումրու քաղաքապետարանը զլանում պատասխանել հետաքննողների հարցերին, քաղաքապետարանի ներկայացուցիչ Կարեն Եղիազարյանը սա բացատրում էր քաղաքապետարանի գերլարված աշխատանքով: «Հետքի» ներկայացուցիչը խնդրում էր հստակեցնել, թե ի՞նչ է նշանակում գերլարված աշխատանք, եւ մի՞թե քաղաքապետարանի գերլարված լինելը նոյեմբերի 25-ին թեթեւացավ: «Մենք հարցերին պատասխանել ենք, եթե պատասխանները չեն գոհացրել, դա այլ հարց է»,- ասում էր քաղաքապետարանի ներկայացուցիչը: Դատը տասը օրով հետաձգվեց, քանի որ «Հետքը» միջնորդեց դատարանին որպես ապացույց ներկայացնել այս թեմայով հոդվածները, որտեղից պարզ կդառնա, թե ինչո՞ւ է հետաքննությունը մնացել կիսատ եւ ինչո՞ւ են լրագրողական նյութերում հարցերն ավելի շատ, քան պատասխանները:

Հ. Գ. Մեր օրաթերթը մի քանի անգամ անդրադարձել էր Դրամփյանների իրավահաջորդ Իրինա Աբաջյանի ու Գյումրու քաղաքապետարանի միջեւ ծագած կռվին, խոսքը դատարանի նախկին շենքի մասին է, որը գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Վարդան Ղուկասյանի նորակառույց «Ալեքսանդրապոլ» հյուրանոցի մոտակայքում, եւ, ըստ շրջանառվող լուրերի, քաղաքապետը նպատակ ունի այն եւս դարձնել հյուրանոց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել