Լրահոս
Օրվա լրահոսը

«ՉԱՆԱ-ՉԱՆԱ» ԿՌՎԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՂՋԻԿ ԿԱՊԵԼ

Փետրվար 26,2011 00:00

\"\"Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի «դեմոկրատական» շփումը ուսանողների հետ

Երեկ Մ. Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիայի ֆակուլտետի ուսանողների նախաձեռնությամբ հանդիպում կազմակերպվեց բուհի ռեկտոր Գոհար Քյալյանի եւ ուսանողների միջեւ: Նախաձեռնության պատճառն այն էր, որ ուսանողները դժգոհում են, թե ծրագրերի փոփոխության արդյունքում իրենց համար անակնկալ կերպով պարզվել է, որ սովորելու են մեկ տարի ավելի: Ուսանողներին անակնկալի է բերել նաեւ այն, որ հանկարծ պարզվել է, թե ինտերնատուրայում, որը հաջորդում է մագիստրատուրային, ուսուցումը կազմակերպվելու է  վճարովի համակարգով: Ռեկտոր-ուսանողներ հանդիպումը բավականին զավեշտալի էր. ինչպես բնորոշ էր տիկին Քյալյանին, նա կորցնելով ինքնատիրապետումը, հաճախ դուրս էր գալիս քաղաքավարության սահմաններից եւ սկսում ժարգոնով խոսել ուսանողների հետ: Ստոմատոլոգիայի ֆակուլտետի 1-ին կուրսի ավագ Տաթեւիկը բարձրացրեց ուսանողների մեծամասնությանը հուզող հարցեր: Մասնավորապես Գ. Քյալյանին հիշեցրեց, թե իր նախորդ հանդիպումների ընթացքում նա հայտարարել է, որ ինտերնատուրան լինելու է անվճար: Տիկին Քյալյանը պատասխանեց. «Եթե պետպատվերի ապրանք չեք, ուրեմն ուսուցումը ինտերնատուրայում կազմակերպվում է վճարովի համակարգով: Իմ ասածը եղել է այն, որ ես ու պարոն Բաբլոյանը առաջարկել ենք, որ օրենքում նման փոփոխություն մտցվի, ինչը այդպես էլ չի քննարկվել ԱԺ-ում: Այնպես որ, դժգոհող ուսանողներդ գնացեք առողջապահության նախարարության առաջ կանգնեք ու պարտադրեք, որ նրանք զբաղվեն այդ հարցով: Մյուս կողմից էլ ընդհանրապես Հայաստանում կամաց-կամաց պետպատվերի տեղերը կրճատվում են: Օրինակ՝ պետությունը մեզ ասում է, որ ստոմատոլոգների կարիք չունի, քանի որ լիքը կադրեր ունի  եւ եթե առաջիկա 10 տարիների ընթացքում չարտադրենք էլ, ստոմատոլոգների կարիքը չի լինի: Պարզապես մենք ենք  ուսուցումը կազմակերպում, քանի որ հակառակ դեպքում կխախտեինք մարդու իրավունքները: Իսկ այն մարդիկ, որոնք ունեն ֆինանսական հնարավորություններ, թող փողով կայֆի համար իրենց երեխաներին սովորելու տան, հետո էլ մասնավոր կլինիկաներ բացեն»: Ուսանողներին հետաքրքրեց նաեւ, թե ինչո՞ւ Բժշկականի դիպլոմը չի ընդունվում եվրոպական մի շարք բուհերի կողմից: Օրինակ՝ Չեխիայի համալսարաններում Երեւանի բժշկական համալսարանի դիպլոմ ունեցող ուսանողին ասել են, թե ինքը ստիպված է երկրորդ կուրսից կրկին ուսում անցնել իրենց մոտ: Տիկին Քյալյանը պատասխանեց. «Մենք էլ ենք այդպես վարվում այլ երկրից ժամանած դիմորդների հետ»: Իր ձեւակերպմամբ՝ «դեմոկրատ» ռեկտորը ուսանողներին անընդհատ հրավիրում էր հարցեր տալու՝ ասելով. «Տեսնում եմ՝ էփվում եք ձեր մեջ, ավելի լավ ա՝ էկեք իմ մոտ ձեր դժգոհություններն ասեք, թե չէ ստեղ-ընդեղ ապուշություններ եք խոսում»:
Դժգոհությունների մեծամասնությանը տիկին Քյալյանը այսպես էր պատասխանում. «Մենք ուզում եք որակով մասնագետ պատրաստել, մեր ծրագիրն այսպիսին է: Չեք ուզում՝ գնացեք կոոպերատիվ բուհեր, օրինակ՝ «Հայբուսակ»:  Մենք ստեղ Շառաշկինա կանտոռա չենք… գիտե՞ք ինչ լավ ա «Հայբուսակի» ռեկտոր լինելը, ամբողջ օրը հեռուստաէկրանին ես, փողերը ստանում՝ դիպլոմները տալիս ես, ոչ թե Գոհար Քյալյանի պես առավոտից գիշեր աշխատում ես, ստիպում ես, որ ամբիոնի վարիչներն էլ քո հետ աշխատեն: Ծերացանք ձեր ձեռը, ծերացանք»: Ուսանողները դժգոհեցին նաեւ համալսարանում գործող ամբիոններից՝ օրինակ բերելով օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնը, որի աշխատանքի արդյունքում իրենք 3-րդ կուրսից մինչեւ մագիստրատուրայի առաջին կուրս նույն առարկայից նույն թեմաներն են անցնում ու նույն քննությունը հանձնում: Կամ, որ իրենք 900 հազար դրամ տարեկան ուսման վարձ են վճարում, սակայն գրադարանում իրենց 3000 դրամանոց գիրք չեն տրամադրում, քանի որ գրքերի քանակը չի բավարարում: Այս առիթով ռեկտորը նշեց. «Եթե բոլոր ամբիոնները լավ չեն աշխատում, մենք ամբիոնների վարիչներին գործից կհանենք, եթե չկարողանան ապացուցել, որ ձեր ասածները չեն համապատասխանում իրականությանը… Այստեղ արդեն կենացները քանի գնում՝ քաղցրանում ու լրջանում են, հանաք բան չի, սիրելիներս, քանի որ ես էլ ունեմ հարցադրումներ նույն ամբիոնների վարիչներին, որոնք կբարձրացնեմ ռեկտորատի նիստում: Իսկ գրքերի խնդիրը մենք կշտկենք»: Երբ հարցը բարձրացնող ուսանողուհին երկխոսության մեջ մտավ մի ամբիոնի վարիչի հետ, ռեկտորն ասաց. «Ամբիոնի վարիչներին ամեն օր էլ տեսնում եք, ձեր հարցերը դեռ կքննարկեք, էսօր հանդիպումն ինձ հետ ա, ես եմ, որ նոր տարվա լիմոնադի պես ինձ դժվար ա տեսնելը»:
Ուսանողուհիներից մեկն էլ առաջարկեց ու պնդեց, որ լավ կլիներ՝ մագիստրատուրայում ավելի շատ շեշտը դրվեր մասնագիտական առարկաների վրա: Տիկին Քյալյանը այս առիթով կրկին ձայնը բարձրացրեց. «Ուսանողը, թեկուզ մագիստրատուրայում սովորող, իրավունք չունի մեզ ասելու, թե ինչն է կարեւոր մագիստրոսական կրթության բնագավառում, ինչը՝ ոչ»: Երբ ուսանողուհին փորձեց իր ասելիքը կրկնել, Գ. Քյալյանը, մեղմ ասած, հարձակում գործեց նրա վրա. «Ազիզ ջան, հետս չանա-չանա կռիվ չտաս, ես կարծում եմ, որ դեռ ձեզ հետ դեմոկրատական ոճով եմ խոսում, եւ չեմ կարծում, որ ունեմ մեծ համբերություն»: Տղաների՝ հարցեր բարձրացնելու գործում պասիվությունը ռեկտորն այսպես մեկնաբանեց. «Տղերք, էկել էիք աղջիկ կապելո՞ւ»:
Իսկ հանդիպման ավարտին տիկին Քյալյանը, ի պատասխան ուսանողների բուն ցանկության՝ մեկ տարով կրճատել ուսուցումը, նետեց. «Ես էլ կուզեի Քլինթոնների ընտանիքում ծնված լինեի ու նրանց ավագ դուստրը լինեի… Մենք ունենք ծրագիր եւ այն պիտի կատարվի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28