Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆՆԵՐՆ ԱՍՈՒՄ ԵՆ՝ ՔԱԴԴԱՖԻԻ ՕՐԵՐԸ ՀԱՇՎԱԾ ԵՆ

Փետրվար 26,2011 00:00

\"\" \"\"

«Ինտերֆաքսի» մատուցմամբ, Լիբիայի գլխավոր դատախազը՝ որպես երկրի իշխանությունների կողմից հակակառավարական ցույցերը դաժանորեն ճնշելու դեմ բողոքի արտահայտություն, հրաժարական է ներկայացրել: Ավելի վաղ  Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադդաֆիի գործողությունների հետ անհամաձայնության պատճառով  հրաժարական էին ներկայացրել երկրի արդարադատության եւ ներքին գործերի նախարարները:
Աղբյուրի փոխանցմամբ, ռեժիմի հակառակորդների կողմն է անցել նաեւ Քադդաֆիի որդիներից մեկը՝ Սեյֆ ալ-Արաբը (նկար 1), որին հայրը հանձնարարել էր ղեկավարել Բենգազի քաղաքում ընդդիմադիրների դեմ պատժիչ գործողությունները: Հայտնի է դարձել նաեւ, որ «զբաղեցրած բոլոր պաշտոններից հրաժարվելու» իր որոշման մասին հայտարարել է նաեւ Լիբիայի ազգային անվտանգության բարձրաստիճան սպա Ահմեդ Քադդաֆ ալ-Դամը: Նա, որ Ջամահիրի առաջնորդի ամենաազդեցիկ խորհրդականներից մեկն էր, փախել է հարեւան Եգիպտոս: Հիշեցնենք, որ անցած շաբաթավերջին հրաժարական էր ներկայացրել նաեւ Կանադայում Լիբիայի դեսպանատան աշխատակից Իհաբ ալ-Միսմարին: Նա չէր հանդուրժել դեսպանության կողմից Լիբիայում տեղի ունեցող ակցիաների մասին տեղեկությունները թաքցնելու կամ դրանց նշանակությունը թերագնահատելու դեսպանության ջանքերը:
News.ru-ի հաղորդման համաձայն, երեկ Փարիզում ցուցարարները գրավել են Լիբիայի դեսպանատունը եւ սպառնացել իրենց հարկադրաբար շենքից դուրս բերելու դեպքում զանգվածաբար ինքնասպան լինել: Շենքի մոտ ոստիկանության լրացուցիչ ուժեր են բերվել, որոնք արգելափակել են դիվանագիտական ներկայացուցչությունը:
«Դեսպանատունը այլեւս լեգիտիմ չէ, որովհետեւ հրաժարվում է աջակցել լիբիացի ժողովրդին: Ոստիկանության գրոհի դեպքում մենք զանգվածաբար ինքնասպան կլինենք»,- հայտարարել են իրենց «հեղափոխության զավակներ» հռչակած երիտասարդները:
Իսկ Լիբիայում  Քադդաֆին պատրաստվում է իր վերջին ճակատամարտին: Տրիպոլին պաշտպանելու համար գործի է դրվել տանկային էլիտար ստորաբաժանումը, որի հրամանատարը բռնապետի որդին է՝ Խամիսը (նկար 2):  Դիտորդներն ասում են, թե քաղաքացիական պատերազմով բռնկված երկրում Տրիպոլին փաստացի միակ քաղաքն է, որը Քադդաֆիին հաջողվում է վերահսկողության տակ պահել՝ այն էլ ի  հաշիվ սարսափ տարածելու:  Քաղաքի մուտքերը փակված են «պողպատե պատով»՝ տանկերով, թույլ չտալու համար ապստամբների մուտքը մայրաքաղաք, իսկ Տրիպոլիի ներսում մարդկանց կուտակումներ գործնականում չկան, վարձկանների շարժական խմբերը կրակ են բացում բոլոր նրանց վրա, ում կասկածելի են համարում, ուստի՝ մայրաքաղաքում գործնականում հավաքվելու ու առավել եւս ցույց անելու որեւէ շանս չկա: ՄԱԿ-ի տվյալներով, Լիբիայում բողոքի ակցիաների մեկնարկից ի վեր, այդ երկրում սպանվել է մի քանի հազար մարդ: Այդուհանդերձ, վերլուծաբանները կանխատեսում են, որ Քադդաֆիի՝ ռեժիմը պահելու ռեսուրսներըւ սպառվում են, ու նա կարող է դիմադրել ընդամենը եւս մի քանի օր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել