Լրահոս
Օրվա լրահոսը

Սարկոզիին Թուրքիայում ստորացրել են

Փետրվար 26,2011 00:00

\"\"Երեկ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին կարճատեւ՝ 5-ժամյա աշխատանքային այցով ժամանել է Անկարա: Նա հանդիպումներ էր ունենալու Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի եւ վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ: Մինչ այդ՝ Նիկոլա Սարկոզիի հետ զրուցել է թուրքական Kanal D հեռուստաալիքի լուրերի բաժնի տնօրեն, թուրք հայտնի լրագրող եւ վերլուծաբան Մեհմեդ Ալի Բիրանդը: Tert.am-ի մատուցմամբ, հարցազրույցի ընթացքում Սարկոզին անդրադարձել է մի շարք հարցերի, այդ թվում՝ ԵՄ-ին  Թուրքիայի անդամակցությանը, եւ վերահաստատել իր այն տեսակետը, թե՝ Թուրքիայի տեղը Եվրամիությունում չէ:
Ի պատասխան Մեհմեդ Ալի Բիրանդի այն հարցին, թե թուրքական հանրությունը Սարկոզիին ընկալում է որպես՝ «Թուրքիան չսիրող, նրան Եվրամիությունից դուրս տեսնել ցանկացող» մի առաջնորդի, Սարկոզին արձագանքել է. «Այդ հարցը պայմանավորված է Թուրքիայի տարածաշրջանային եւ միջազգային դերով: Թուրքիան մեծ երկիր է եւ կամուրջ՝ Արեւմուտքի ու Արեւելքի միջեւ: Իսկ այդ դերակատարությունը, որի կարիքը մեր օրերում է՛լ ավելի է զգացվում, ուրիշ այլ երկիր չի կարող ստանձնել: Դա նշանակում է, որ Թուրքիան շարունակում է պահպանել իր անփոխարինելի դիրքը: Եվ հենց այդ պատճառով Թուրքիայի՝ ԵՄ լիիրավ անդամակցությունը չի կարող օգտակար լինել ոչ Թուրքիայի, ո՛չ էլ Եվրամիության համար: Ես Թուրքիա-ԵՄ հարաբերությունների հնարավորինս մերձեցման կողմնակից եմ, եւ իմ այս տեսակետով ոչ ոքի չեմ վիրավորում»:
Իսկ ահա news.am-ի փոխանցմամբ, Թուրքիա այցելած Սարկոզիին օդանավակայանում ստորացուցիչ ձեւով են դիմավորել: Ֆրանսիայի նախագահին օդանավակայանում դիմավորել են միայն Թուրքիայի ԱԳՆ գլխավոր խորհրդական Ֆերիդուն Սինիրլիօղլուն եւ Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը: Հիշեցնենք, որ ամեն ինչ սկսվել է նրանից, որ Սարկոզին Թուրքիա ժամանելուց օրեր առաջ հայտարարել է, որ Թուրքիա է գալիս որպես՝ G-20-ի առաջնորդ, ոչ թե Ֆրանսիայի նախագահ եւ այցը կտեւի 6 ժամ՝ նախատեսված 2 օրվա փոխարեն:
Սարկոզիի այս հայտարարությանը արձագանքել էր Թուրքիայի վարչապետը՝ նշելով, թե նման իրավիճակում Սարկոզիի այցը չի նպաստում թուրք-ֆրանսիական բարեկամության ամրապնդմանը, եւ լավ կլիներ, որ նա Թուրքիա այցելեր Ֆրանսիայի նախագահի կարգավիճակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել