Լրահոս
Օրվա լրահոսը

ՅՈՎԱՆՈՎԻՉԻ ԵԼՈՒՅԹԸ ՈՂՋՈՒՆԵՑ

Մարտ 03,2011 00:00 Share

\"\"ՀԱԿ ներկայացուցիչը միաժամանակ նաեւ մեղադրեց ԱՄՆ-ին եւ ԵՄ-ին

Փետրվարի 28-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, ԵՊՀ-ում ներկայացնելով «Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում» զեկույցը, իր ելույթում թերեւս առաջին անգամ ու շատերի, այդ թվում՝ ՍԴՀԿ կենտրոնական վարչության ներկայացուցիչ, նախկինում ՀՀ ազգային անվտանգության պետական կոմիտեի պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանի գնահատմամբ՝ որոշակի մեսիջներ էր ուղղել ՀՀ իշխանություններին, ընդդիմությանն ու նաեւ մեր հասարակությանը, երբ հայտարարել էր, թե «մենք տեսել ենք տարբեր ժամանակներում եւ տարբեր մայրցամաքներում, որ երբ քաղաքացիները չեն հավատում, որ իրենց կառավարությունը ներկայացնում է իրենց շահերը, ապա չի կարող ապահովվել իրական անվտանգություն», նաեւ Հայաստանի առաջընթացի, ժողովրդավարության խորացման համատեքստում կարեւորել էր խոսքի ազատության կամ գաղափարների հասանելիության, դրանց պաշտպանության նպատակով քաղաքացիների՝ հանրահավաքներ անցկացնելու իրավունքի իրացումը: Ահավասիկ Մարի Յովանովիչի այս հայտարարությունների առնչությամբ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանն ասաց, որ ողջունում է ԱՄՆ դեսպանի այդ ելույթը, ու հավելեց, թե դա, ըստ ամենայնի, «արձագանքն է այն բանի, որ Միացյալ Նահանգները, որը տասնյակ տարիներ շարունակ օգնում էր աֆրիկյան երկրներում իշխող ռեժիմներին», հիմա, թերեւս, հասկացել է, որ ռեժիմներին սատարելը ծանր հետեւանք է ունենում: «ԱՄՆ-ի կողմից տարեկան միայն 1,3 մլրդ դոլար հատկացնելը եգիպտական բանակին ուղղակի նշանակում էր օգնել Մուբարաքի ռեժիմին: Ի՞նչ է, Միացյալ Նահանգները չգիտե՞ր, որ նա լեգիտիմ չէ, որ նա բռնապետ է: Կամ հիմա չգիտի՞, որ օրինակ՝ նստում, վեր են կենում Իլհամ Ալիեւի հետ, որը նախագահի աթոռը ժառանգություն է ստացել: Հայաստանում, ճիշտ է, հայրն իր իշխանությունը որդուն չփոխանցեց, բայց մեր երկրում էլ ռեժիմը ռեժիմին իշխանություն փոխանցեց, ընկերն՝ իր Ղարաբաղի ընկերոջը»,- նկատեց Գ. Եղիազարյանը՝ հավելելով, թե ԱՄՆ-ն եւ ԵՄ անդամ երկրների առաջնորդներն այսօր էլ Իլհամին եւ Սերժին են ընդունում, տարբեր կառույցների միջոցով ֆինանսավորումներ են հատկացնում՝ աջակցելով այդ երկրներում ռեժիմների գոյությանը: «Սա՞ է արեւմտյան ժողովրդավարությունը: Ես թքած ունեմ այդպիսի ժողովրդավարության վրա, երբ մեկը մյուսին ժառանգաբար աթոռ է փոխանցում՝ առանց ընտրությունների կամ կեղծված ընտրությունների միջոցով: Ի՞նչ է՝ Ալիեւին հանդուրժում են, որովհետեւ Բաքուն նա՞վթ ունի: Իսկ ի՞նչ են ակնկալում այդ երկրները Հայաստանից. որ Ղարաբաղը հանձնենք, նո՞ր իրենք սկսեն խոսել մեր երկրում ժողովրդավարության, ռեժիմի փոփոխության մասին»,- հռետորական հարցադրում արեց ՍԴՀԿ ներկայացուցիչը:
Նա միջազգային հանրությանն ու ԱՄՆ-ին նաեւ 2008թ. մարտիմեկյան դեպքերի ժամանակ իրենց պահպանած լռության համար մեղադրեց, հայտարարելով, թե ԱՄՆ-ն եւ ԵՄ երկրները շարունակում են երկակի չափանիշներ կիրառել այս կամ այն երկրի նկատմամբ: «Հայաստանում մարտի 1-ին 10 զոհ եղավ, թեեւ ես առավել քան համոզված եմ, որ զոհերն իրականում ավելի շատ են եղել, 182 զինվոր վիրավորվեց, ու այն ամենը, ինչ կատարվեց Երեւանում՝ Ֆրանսիայի դեսպանության հարեւանությամբ, ոչ մի կերպ արեւմտյան երկրներում չլուսաբանվեց: Այսինքն՝ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն երկակի ստանդարտներով են գործում: Հետեւաբար՝ պետք է մտածել, որ այստեղ որոշակի խնդիր կամ շահագրգռություն կա, այսինքն՝ 2008-ին նրանք դեռ սպասելիքներ ունեին ՀՀ ոչ լեգիտիմ իշխանություններից, չընտրված նախագահից, ու սպասելիքն այնքան մեծ էր, որ նրանք աչքները փակեցին փոքրիկ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների, մեր ժողովրդի ու քաղաքացիների իրավունքների ոտնահարման փաստի վրա: Միգուցե, եթե 2008-ին Երեւանում տեղի ունեցող զարգացումներն էլ հայտնվեին միջազգային հանրության ու ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում՝ ողբերգական զարգացումներ չլինեին, կամ մեր ու միջազգային հանրությունը երեք տարի թյուրիմացության մեջ չլիներ: Բայց դա չարվեց»,- ասաց Գ. Եղիազարյանը:
Այսինքն՝ դեսպան Յովանովիչի ելույթը նշանակո՞ւմ է, որ այլեւս ՀՀ իշխանություններից սպասելիքներ չկան: Ի պատասխան մեր այս հարցին՝ ընդդիմադիր գործիչն ասաց. «Ոչ: Սա ընդամենը մի ելույթ էր, բայց որ սպասելիք դեռ կա՝ միանշանակ է: Հիմա Արեւմուտքը հայաստանյան ռեժիմից իր սպասելիքները, գուցե, կստանա եւ կհիշի, կանդրադառնա նաեւ ժողովրդավարությանը: Իսկ եթե բանը դրան հասնի՝ այս ռեժիմը երկար չի դիմանա: Մուբարաքի ու Քադդաֆիի ֆոնի վրա Սերժն ավելի շահեկան վիճակում չէ»,- հայտարարեց Գ. Եղիազարյանը՝ հավաստիացնելով, որ արաբական աշխարհում տեղի ունեցող զարգացումներն ուղղակիորեն են ազդում Հայաստանի վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել