Հայաստանի լրագրողական 5 կազմակերպություններ երեկ տարածել են հայտարարություն, որում մասնավորապես ասված է. «Վերջերս հայկական ԶԼՄ-ների դեմ պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը արատավորող տեղեկատվության հերքման եւ բարոյական վնասի փոխհատուցման պահանջով հարուցվող դատական գործերի աճը խիստ մտահոգության տեղիք է տալիս: Դատարանների կողմից այս գործերի քննությունը հաստատում է հոռետեսական կանխատեսումները, որ, առանց հաշվի առնելու առկա իրողությունները, բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտի հապճեպ ներմուծումը վտանգի տակ կդնի մի շարք պարբերականների գոյությունը»: Նաեւ նշված է. «Փորձը ցույց տվեց, որ ընդունված օրենսդրական փոփոխությունները, չնայած դրանց կողմնակիցների փաստարկներին, բոլորովին էլ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնության պատվի եւ արժանապատվության պաշտպանության միջոցներ չեն: Օրենքի «ուժից» բացառապես օգտվում են «այս աշխարհի ուժեղները»՝ քաղաքական եւ գործարար վերնախավի ներկայացուցիչները՝ հաշիվներ մաքրելով իրենց համար ոչ ցանկալի ԶԼՄ-ների եւ լրագրողների հետ: Հետեւելով համաքաղաքացիների իրավունքները ոտնահարելու եւ անձեռնմխելի զգալու իրենց սովորույթին՝ հանրային բնական հետաքրքրություն ներկայացնող այդ անձինք արհամարհում են ԶԼՄ-ների նկատմամբ հանդուրժողականության՝ քաղաքակիրթ աշխարհում ընդունված սկզբունքը»:
Լրագրողական կազմակերպությունները կոչ են անում ԱԺ-ին՝ «Հնարավորինս արագ վերանայել վիրավորանքի եւ զրպարտության մասին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթները: Մշակել համապատասխան պարզաբանումներ՝ ձեւակերպելով բարոյական վնասի փոխհատուցման բանական եւ հիմնավոր սահմաններ՝ այդպիսով ապահովելով յուրաքանչյուր գործով դրա կոնկրետ հանգամանքները հաշվի առնելու հնարավորություն: Կոչ ենք անում դատարաններին՝ տուրք չտալ ազդեցիկ հայցվորների անսանձ հավակնություններին եւ անհագուրդ ախորժակին, ավելի շատ կիրառել օրենսդրությամբ նախատեսված՝ պատասխանի եւ հերքման հնարավորությունը»:


















































