ԱԺ փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ Սամվել Նիկոյանը այսօր հայտարարել է, որ «վերջնագրերի լեզուն չի բխում հարցերի լուծման տրամաբանությունից»: Այդ մասին Սամվել Նիկոյանն ասել է՝ «Մեդիամաքսի» խնդրանքով մեկնաբանելով ՀՀ նախկին նախագահի, ներկայումս Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդի ելույթը մարտի 1-ի հանրահավաքի ընթացքում: Նախօրեին Լեւոն Տեր-Պետրոսյանը իշխանություններին առաջադրել է 15 պահանջ, որոնց թվում՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ նախարարությունների ու գերատեսչությունների այլ ղեկավարների հրաժարականը: Սամվել Նիկոյանը հայտարարել է, որ «վերջնագրերի լեզուն նշանակում է հակամարտություն, չնայած մեր անցած դառը ճանապարհը խոսում է այն մասին, որ թե իշխանությունները, թե ընդդիմությունը չեն փորձում նորից հայտնվել այդ ծայրահեղ իրավիճակում»: Միաժամանակ, ԱԺ փոխնախագահը նշել է, որ ՀԱԿ-ը երբեք կողմ չէ կառուցողական երկխոսությանը եւ մշտապես վերջնագրեր է առաջ քաշում: Դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչները «Մեդիամաքսին» ասել են, որ ծանոթ չեն Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին, եւ ձեռնպահ են մնացել մեկնաբանություններից:


















































