Երեկ 1in.am-ը տեղեկություն էր տարածել, թե մարտի 1-ին ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքի ժամանակ, 17:30-ի սահմաններում, ոստիկանները ուժով ոստիկանական մեքենա են նստեցրել 7 ցուցարարների եւ տարել Ոստիկանության Կենտրոնի բաժին, որտեղ, աղբյուրի տեղեկություններով, ցուցարարներին դաժան ծեծի են ենթարկել եւ սպառնացել, որ քրեական գործ է հարուցվելու նրանց դեմ:
Աղբյուրը, իհարկե, լուրի վերջում նշել էր, թե ոստիկանությունից փորձել է ճշտել դեպքի մանրամասները, սակայն ոստիկանները հերքել են կատարվածը: Այդուամենայնիվ, Facebook սոցցանցում տեղեկություն էր հրապարակվել, թե միջադեպի մասին հավելյալ ճշտումներ կլինեն: Երեկ «Առավոտի» հետ զրույցում Կենտրոնի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն էլ կտրականապես հերքեց այդ տեղեկությունը:


















































