Օրենքը 3 օր է՝ ուժի մեջ է մտել, բայց չկան ո՛չ դրոշմանիշ տվող մարմինը, ո՛չ էլ այս ոլորտում վերահսկողություն իրականացնողը:
Արդեն 3-րդ օրն է՝ հանրապետության տարածքում գործող ձայնա եւ խտասկավառակներ վաճառող խանութները պարապուրդի են մատնված, որոշ խանութներ էլ աշխատում են անկանոն գրաֆիկով: Պատճառն այն է, որ այդ խանութների տերերին հարկայինից, ոստիկանությունից եւ այլ մարմիններից զգուշացնում են գործունեությունը դադարեցնել, քանի որ մարտի 1-ից ուժի մեջ է մտել «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքը:
Այս օրենքի համաձայն, մեր երկրում վաճառվող բոլոր սկավառակները պետք է պիտակավորված (դրոշմավորված) լինեն, անկախ նրանից՝ ներկրված են, թե տեղում թողարկված: Այս եղանակով օրենքի հեղինակները նպատակ ունեն մաքրել շուկան կեղծ ու անորակ սկավառակներից եւ այն համալրել դրանց օրիգինալ տարբերակներով: Բնականաբար, այս նախաձեռնությունը ողջունելի է, սակայն իրականում այն բազմաթիվ խնդիրներ է առաջացրել սկավառակների առքուվաճառքով զբաղվող գործարարների համար. դիսկերի շատ խանութներ արդեն փակվել են, որովհետեւ նոր օրենքի պահանջներն անհամատեղելի են մեր երկրում նման բիզնեսի գործունեության համար: Այն խանութների տերերն էլ, որոնք որոշել են ռիսկի դիմել եւ գործը շարունակել՝ այս օրերին կանգնել են մի մեծ խնդրի առջեւ: Բանն այն է, որ, ճիշտ է, օրենքն արդեն ուժի մեջ է մտել, սակայն դեռեւս սկավառակների դրոշմանիշերի նմուշները պատրաստ չեն: Չկա ո՛չ դրոշմանիշ տվող մարմինը, ո՛չ էլ այս ոլորտում վերահսկողություն իրականացնողը: Կա միայն կառավարության որոշման նախագիծ, ըստ որի՝ օրենքի կիրառման լիազոր մարմին պետք է սահմանվի Պետական եկամուտների կոմիտեն եւ նույն գերատեսչությունն էլ որոշումն ընդունելուց հետո 10-օրյա ժամկետում պետք է պատրաստի սկավառակների դրոշմապիտակների նմուշները, ինչպես նաեւ սահմանի հսկիչ նշանների (դրոշմապիտակների) ձեռքբերման հայտի ձեւը: Նախագծով սահմանված է նաեւ, որ դրոշմապիտակի գինը չպետք է գերազանցի 25 դրամը: Այս նախագիծը դեռ ուժի մեջ չի մտել, հավանաբար՝ այն պատճառով, որ դիսկերի առքուվաճառքով զբաղվողներն արդեն որերորդ ամիսն է՝ դժգոհում են նոր օրենքից եւ ասում, որ չեն կարող այդ պայմաններում աշխատել, ստիպված կլինեն փակվել: Նրանք իրենց դժգոհությունները հայտնել են նաեւ մի շարք պատգամավորների հետ հանդիպումների ժամանակ, որոնք վստահեցրել են, որ սույն օրենքի նախագծում փոփոխություններ կմտցնեն, ուստի օրենքի պահանջները չեն տարածվի արտասահմանից ներկրվող ձայնա եւ խտասկավառակների վրա, սակայն հետո պատգամավորները կողմ են քվեարկել այս օրենքին, առանց խոստացված փոփոխությունների: Հիմա սկավառակների առքուվաճառքով զբաղվողներն իրենց բիզնեսը շարունակելու համար պետք է բազմամիլիոնանոց պայմանագրեր կնքեն համաշխարհային կինոարտադրող ու երաժշտական ստուդիաների հետ, որպեսզի կարողանան նրանց արտադրանքի համար համապատասխան դրոշմապիտակ փակցնել եւ այն վաճառել, ինչը իրականում չափազանց դժվար է, եթե ոչ անհնար, քանի որ անգամ ռուսական ստուդիաները չեն համաձայնվում մեր երկիր օրիգինալ ապրանք բերել՝ պատճառաբանելով, որ Հայաստանի շուկան փոքր է:
Նշենք, որ այս ոլորտի գործարարներն էլ են կողմ, որ մեզ մոտ վաճառվեն օրիգինալ սկավառակները, սակայն դա իրական է միայն հայկական արտադրության սկավառակների դեպքում, քանի որ որեւէ քաղաքացի 5000 դրամ չի վճարի 1 սկավառակի համար, որի պարունակությունը կարող է անվճար ներբեռնել ինտերնետից:
Բացի այդ, նոր օրենքով ոլորտի գործարարը որեւէ ձայնասկավառակ կամ ֆիլմ գնելու համար նախ պետք է հեղինակի կամ հեղինակի իրավահաջորդի հետ պայմանագիր կնքի, պայմանագրում նշեն, թե քանի սկավառակ են ցանկանում գնել ու հետո յուրաքանչյուր սկավառակի համար պետք է ձեռք բերի դրոշմապիտակ, պայմանագրում նշի, թե որքանով է մտադիր սկավառակը վաճառել, հասույթի 15%-ը տրամադրի «Հայ հեղինակ» հեղինակային իրավունքի պաշտպանության հ/կ-ին եւ 10 օրվա ընթացքում պայմանագիրը ներկայացնի ձայնագրման խոշոր ընկերություններին: Մինչդեռ նախկինում խանութի սեփականատերերը ֆիրմայից գնում էին սկավառակները, վճարում հարկերն ու այն վաճառում, ինչի արդյունքում էլ դրանք ավելի էժան էին: Փոփոխությունների կիրառումից հետո սկավառակները կվաճառվեն շատ ավելի թանկ՝ 5-15 հազար դրամով:
Նկատենք, որ օրենքի հեղինակները բոլորովին հաշվի չեն առել մեր երկրի ընդհանուր սոցիալական վիճակը. այս ոլորտի գործարարներից շատերը իրենց բիզնեսը ոտքի են կանգնեցնում վարկերով, իսկ այժմ նրանք քիչ վաճառք են ունենալու ու դրանից ստացված շահույթն էլ կիսելու են: Բացի այդ, մեր երկիր մտնող տեխնիկան այնքան էլ համապատասխան չէ օրիգինալ դիսկեր կարդալու համար:
Երեկ «Առավոտը» փորձեց ֆինանսների նախարարությունից եւ Պետական եկամուտների կոմիտեից պարզել, թե ե՞րբ պատրաստ կլինեն դրոշմանիշն ու վերահսկողը: Մեր հարցերին ի պատասխան՝ ֆիննախից հայտնեցին. «Արդեն իսկ մշակվել եւ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ է ներկայացվել «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրառման լիազոր մարմին սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ, որի համաձայն, օրենքի կիրառման լիազոր մարմին է սահմանվում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն, որն էլ, համաձայն օրենքի 6-րդ հոդվածի, պետք է տրամադրի դրոշմապիտակները:
Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման համակարգը կարող է կիրառվել միայն օրենքի կիրառությունն ապահովող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներն ընդունվելուց հետո»:
Նկատենք, որ ըստ էության ֆիննախը ոչ մի նոր բան չպարզաբանեց եւ այդպես էլ չասաց, թե մինչ այդ ամենը պատրաստ լինելը դիսկերի առուվաճառքով զբաղվող տնտեսվարողներն ի՞նչ պետք է անեն:


















































