ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը փետրվարի 23-ին միջնորդագիր է ներկայացրել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հ. Թամամյանի եւ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Վ. Ադամյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարության վերաբերյալ: ՀՀ քրօրի 104-րդ, 235-րդ եւ 308-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2010թ. մայիսի 12-ին Երեւանի Կոմիտասի պողոտայում Արսեն Ահարոնյանի, Պետրոս Գրիգորյանի եւ չպարզված անձանց՝ Խաչիկ Մկրտչյանի, Հայկ Սանդալջյանի, Արթուր Փոխարյանի ու Նարեկ Օհանջանյանի հետ խուլիգանական գործողությունների ընթացքում նախ Խաչիկ Մկրտչյանի կողմից Արսեն Ահարոնյանին ու Պետրոս Գրիգորյանին հրազենային վնասվածքներ պատճառելու, այնուհետեւ Արսեն Ահարոնյանի կողմից հրազենի գործադրմամբ Խաչիկ Մկրտչյանին սպանելու կապակցությամբ հարուցված ու ներկայումս Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող քրեական գործի նախաքննության ընթացքում միտումնավոր կերպով խեղաթյուրվել են դեպքի փաստական հանգամանքները, որի արդյունքում Խաչիկ Մկրտչյանի սպանությունն իրականում կատարած՝ Երեւանի Նիկոլ Դումանի փողոցի 40-րդ տան բնակիչ Վռամ Սամվելի Բաղդասարյանն այդ գործով կանչվել է ընդամենը որպես վկա՝ դրանով իսկ խուսափել քրեական պատասխանատվությունից։ Լրացուցիչ քննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու, պահելու ու կրելու, մի խումբ անձանց հետ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու, ինչպես նաեւ խուլիգանական դրդումներով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար Խաչիկ Մկրտչյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար Վ. Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 10-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին եւ 258-րդ հոդվածների 4-րդ մասերով, եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Այսպիսով, ըստ գլխավոր դատախազության, Հովհաննես Թամամյանը եւ Վարազդատ Ադամյանը, իրենց պաշտոնեական պարտականություններից բխող անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկել հանցագործության բացահայտման ուղղությամբ, ինչը հանգեցրել է քննության ընթացքում քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների խեղաթյուրմանը, կեղծմանը, հանցագործության մասնակիցների գործողությունների աղավաղմանը։ Նկատի ունենալով, որ Հ. Թամամյանը եւ Վ. Ադամյանն իրենց զբաղեցրած պաշտոններին մնալով՝ կարող են խոչընդոտել քրեական գործի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննության իրականացմանը, ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ քրօրի 200-րդ եւ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածների կարգով միջնորդել է ՀՀ ոստիկանության պետին՝ քննարկել ներկայացված միջնորդագրում արծարծված հարցերը եւ ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ Հովհաննես Թամամյանի եւ Վարազդատ Ադամյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը լուծելու համար։


















































