Լրահոս
Օրվա լրահոսը

«ՓԱՓՈՒԿ ԲԱՐՁ ԴՆԵԼՈՎ ՀՈ ՉԷ՞»

Մարտ 03,2011 00:00 Share

Վրաստանին սահմանակից մարզերի բնակիչ՝ վրացական գրանցումով մեքենաների վարորդները առանձնապես ոգեւորված չեն անտոկոս վարկ ստանալու հեռանկարից:

Տավուշում ոմանք դեռ տեղյակ չեն
Տավուշի մարզպետարանի ճանապարհաշինության բաժնի պետ Արտակ Սարգսյանն ասաց, որ իրենց մարզպետարանում ընթանում է վրացական համարանիշներով մեքենաների հաշվառումը: Նա այդ մասին նաեւ հեռախոսով պարզաբանումներ է տալիս վրացական համարանիշներով մեքենաների վարորդներին: Սակայն Նոյեմբերյանի տաքսիստներից ոմանք դեռ տեղյակ չեն այս մասին, թեեւ երկու օր տեղական հեռուստաընկերությամբ դրա վերաբերյալ հայտարարություն է տրվել: Նոյեմբերյանում էլ մի տաքսիստ, չցանկանալով մաքսազերծման համար բյուջեից անտոկոս վարկ ստանալ, քանդել եւ պահեստամասերի է վերածել 10 տարվա իր «Ժիգուլին»:
Շիրակում թուքումուր՝ հերթագրվողներին
Վրացական պետհամարանիշով մեքենաների վարկավորման ծրագիրը Շիրակի մարզպետարանում սկսվեց ինքնատիպ մի բողոքով. վարորդները քաղաքաշինության վարչության պատին փակցրել էին. «Ամոթ նրանց, ովքեր մեզ հետ չեն» պաստառը: Չնայած դրան, նախորդ օրը շատերն էին շտապել մարզպետարան՝ հետաքրքրվելու, թե ինչ վարկերի մասին է խոսքը: Մարտի 1-ի մեր այցի ընթացքում հերթագրվող գրեթե չկար: Այսպիսի պասիվությունը մեր զրուցակիցները մեկնաբանեցին ընդդիմության՝ մայրաքաղաքում կազմակերպած հանրահավաքով:
«Առավոտի» հետ զրույցում վարորդներից մեկն անկեղծացավ, որ ինքը եկել է հերթագրվելու՝ հետաքրքրասիրությունից դրդված, իրեն ուղղակի անհրաժեշտ է ճշտել, թե Մաքսային կոմիտեն իր վրա ինչքան «կնստեցնի մաքսազերծումը»: Մեր այն հարցին՝ եթե մաքսազերծումը կազմի ճիշտ այնքան, որքան մեքենայի արժեքն է, կպատրաստվի՞, արդյոք, մեքենատերը պայմանագիր կնքել ու մաքսազերծման համար վեցամսյա վարկ վերցնել, վարորդը հուզվեց. «Իմ մեքենան ոտից գլուխ 1200 դոլար արժի, եթե մաքսայինը մաքսազերծումը գնահատի ճիշտ էդքան, կթքեմ վրեն, կտանեմ կքցեմ կեղտոտ (վարորդը շատ ավելի կոպիտ բառ օգտագործեց-խմբ.) չայը, կելնեմ տուն կգնամ: Էս հարցի լուծման տարբերա՞կ էր, որ վարչապետը ինքն իրենից գոհ, էնպիսի կեցվածք է ընդունում, կարծես լավություն է անում: Մի ձեռքով վերցնում, մյուս ձեռքով ջեբն է դնում, բայց հո գլխներիս տակ փափուկ բարձ դնելով չէ՞: Եթե նորմալ գին ասեն, հնարավոր է վարկ վերցնեմ, իմ պարագայում 80-100 հազար դրամի սահմաններում պետք է լինի, որ կարողանամ վարկը մարել, չէ՝ ուրեմն նորից եմ կրկնում, թքած վրեն, ինձ ավտո պետք չէ: Իմ ավտոն սովետական է՝ 1993 թվի: Ցավն էն է, որ էս երկրում ամեն ինչ աչքի չափով են անում, ոչ շարժիչի ձիաուժն են հաշվի առնում, ոչ տարեթիվը, ոչ ավտոյի տեսակը: Եթե պետությունը մեզ հետ էս ձեւի պիտի վարվի, մենք գերադասում ենք մեքենա չունենալ»: Մեր մյուս զրուցակիցը եւս հայտարարեց, որ եթե պետությունը իր 2500 դոլարանոց մեքենայի համար պահանջի ճիշտ նույնքան գումար, ինքը վարկ վերցնելու համար ոչ մի պայմանագիր չի կնքի: «Պարտադիրս ո՞րն է, եթե չեմ կարող վարկ վերցնել, հո ստիպելով չէ՞, ավելի լավ է ավտոն ծախեմ, ուրիշ ձեւի չի լինում: Թեեւ ես պատրաստ եմ պայքարելու, մի քանի օրից՝ մաքսայինի գնահատումից հետո շուխուրը կելնի», – ասաց մեր զրուցակիցը:
Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանն ասաց, որ վարկ վերցնելու համար փետրվարի 28-ի դրությամբ մարզի բնակավայրերից հերթագրվել է 116 վարորդ, Գյումրիից՝ 132-ը, ընդամենը՝ 248: Ըստ պարոն Մարգարյանի, մարզում հաշվառված վրացական պետհամարանիշով մեքենաների թիվը 607 է, որից մոտ 530-ը ենթակա է վարկավորման: Կառավարության որոշման համաձայն՝ հատկացված է 300 միլիոն դրամ, բայց եւ նշված է, որ այն սահմանափակ չէ, հնարավոր է ավելանա՝ կապված շահառուների քանակի հետ:
Քանի որ մաքսայինը շատ արագ է հետազոտում մարզպետարանից ուղարկված գործերը, քաղաքաշինության վարչության պետի ասելով՝ այսօրվանից կսկսվի պայմանագրերի կնքումը վարորդների հետ:
Լոռիում էլ են դեմ
Վրացական պետահամարանիշներ ունեցող մեքենաների 510 վարորդներ արդեն իրենց փաստաթղթերը ներկայացրել են Լոռու մարզպետարանում ստեղծված հանձնաժողով: Ըստ հանձնաժողովի, մարզում կա մոտ 800 վրացական գրանցումով մեքենա, սակայն բոլորի վարորդները չէ, որ կհամաձայնեն պետության առաջարկին՝ անտոկոս վարկ վերցնել մեքենան մաքսազերծելու համար:
Ըստ Լոռու մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սեւակ Հովհաննիսյանի, վարորդների հայտարարագրերում նշված գումարները չեն համապատասխանում մեքենայի արժեքին. «2004թ. արտադրված, ասենք, «Մերսեդես» մեքենան չի կարող լինել 2400 դոլար, իսկ մարդը հայտարարագրում էժան է գրում է, որ քիչ գումար վճարի, բայց փաստաթղթերը կազմում են մաքսային գնացուցակի համաձայն»,- ասում է Սեւակ Հովհաննիսյանը:
Կառավարության որոշում-առաջարկը ավելի է զայրացրել Լոռու մարզի վարորդներին: Նրանց մի մասը հստակ որոշել է, որ մեքենան մաքսազերծելու փոխարեն ավելի լավ է տանել Վրաստան, նվիրել ընկերոջը կամ բարեեկամին. «Մեքենան գնել եմ 2800 դոլարով, հիմա մաքսազերծելու համար ուղիղ կեսն են պահանջում, էս գործազրկության պայմաններում ամսական 100 հազարից ավելի գումար է նստում: Ես հրաժարվելու եմ, որ մի օր էլ ճամպրուկներս վերցնեմ ու ես էլ գնամ հարեւան Վրաստան»,- ասում է բորբոքված վարորդներից մեկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել