Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանից սերմացու կներկրվի՞

Մարտ 03,2011 00:00 Share

«Բոլոր մակարդակներում ստորագրված համաձայնագրերն ու պայմանագրերը տալիս են լիարժեք հնարավորություն՝ համագործակցելու գյուղատնտեսության գրեթե բոլոր ճյուղերում»,- երեկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ընդգծել են ՀՀ գյուղատնտեսության նախարարն ու ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը: Նախարար Սերգո Կարապետյանը նկատել է, որ պետք է ավելի ընդլայնել երկու երկրների միջեւ գյուղատնտեսության ոլորտում համագործակցության դաշտը: «Քաջատեղյակ եմ, որ ԻԻՀ-ն ունի զարգացած գյուղատնտեսություն եւ պատահական չէ, որ աշխարհի տասը լավագույն երկրների ցանկում է: Ուրախալի է փաստը, որ Իրանն ինքնաբավ երկիր է: Քիչ երկրներ կան, որ իրենք իրենց կարողանում են ապահովել սննդով: Այս առումով մեզ համար շատ կարեւոր է Իրանի փորձը» – նշել է նախարար Սերգո Կարապետյանը: Այնուհետեւ նախարարը մատնանշել է այն առաջնային ծրագրերը, որոնք կնպաստեն ՀՀ-ում գյուղատնտեսության զարգացմանը. «Մշակվել է «ՀՀ-ում 2010- 2014թթ. ցորենի սերմաբուծության եւ սերմարտադրության զարգացման ծրագիրը»: Եթե մինչ այս ցորենի սերմացուի ներկրումը ՌԴ -ից էր, ապա կարելի է քննարկել նաեւ իրանական սերմացուի տեղայնացման հարցը՝ մինչ այդ փորձարկելով այն մեր երկրում»: Հայկական կողմի համագործակցության առաջարկները վերաբերել են նաեւ Արարատյան դաշտավայրում աղակալած հողերի աղազերծման, ջերմոցային տնտեսությունների ավելացման հարցերին, կաթիլային եղանակով ոռոգման համակարգերի ներդրմանը: Նախարարը պատրաստակամություն է հայտնել նաեւ քննարկելու ոչխարաբուծության, մսի արտադրության համատեղ ձեռնարկություն ստեղծելու հարցը: Ներկայումս Սեւանա լճում իրանական տեխնոլոգիաներով վանդակային ձկնաբուծության առաջին քայլերն են արվում: Հնարավորություններ կան մեղվաբուծության եւ ծաղկաբուծության ասպարեզում էլ համատեղ ծրագրեր իրականացնելու: Հարեւան Իրանի հետ համագործակցություն է ակնկալվում նաեւ գյուղտեխնիկայի ձեռքբերման հարցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել