«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲ ընկերությունում ավարտվել է 2005-2007-ի ապրիլ ժամանակահատվածում վճարված գիշերավարձերի վերահաշվարկը, վճարումները կիրականացվեն 2011թ. մարտ եւ ապրիլ ամիսներին, գումարները կտրամադրվեն ներկայիս աշխատակիցներին, ասված է ընկերության տարածած պաշտոնական հաղորդագրությունում: Ըստ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲ ընկերության հանրության հետ կապերի մենեջեր Նորայր Աղայանի՝ աշխատանքներ են տարվելու նախկին աշխատակիցների հետ կապ հաստատելու եւ վճարումներն իրականացնելու համար:
2010 թվականի մայիսի 20-ին, հունիսի 10-ին, 2011 թվականի փետրվարի 1-ին «Առավոտը» անդրադարձել է Կապանի «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲ ընկերության աշխատողների՝ չվճարված գիշերային աշխատավարձերին: Այս տարվա սկզբին ընկերության տնօրեն Ռոբերտ Ֆալետտային աշխատանքից ազատելուց հետո լուրեր կային, որ չվճարված աշխատավարձերը վճարվելու են:
«Գիշերավարձերի վերահաշվարկի գործընթացը ՀՀ կառավարության հետ 2009թ. հունվարի 15-ին ստորագրված համաձայնության հուշագրով սահմանված գիշերավճարների գծով պարտավորությունների մարման աշխատանքների շարունակությունն է: 2005-2007-ի ապրիլ ժամանակահատվածի պարտավորությունների հաշվարկումը առավել դժվար էր էլեկտրոնային տվյալների բազայի բացակայության պատճառով, ինչի համար էլ սպասվածից շատ ժամանակ պահանջվեց»,- ասվում է պաշտոնական գրությունում:


















































