Լրահոս
Օրվա լրահոսը

Մեթոդը փորձարկեք պաշտոնյաների վրա

Մարտ 03,2011 00:00 Share

Պատասխանի ակնկալիքով

Մասնագիտությամբ ինժեներ Աշոտ Տոնոյանը նամակ էր հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին ու  խնդրել պարզաբանումներ տալ «Հանրակրթության մասին» ՀՀ 2009թ. հուլիսի 7-ի օրենքի հոդված 11, կետ 1/1-ի եւ ՀՀ կառավարության 2010թ. մարտի 9-ի «Պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության նշանակման կարգը հաստատելու մասին» N319 որոշման վերաբերյալ:
 Քաղաքացին հայտարարում է, որ նախարարից ստացած պարզաբանումները լիարժեք եւ հավաստի չեն, ուստի նորից է խնդրում պատասխանել հետեւյալ հարցերին:
«Հանրակրթության մասին» օրենքում չկա հավակնորդի տարիքային սահմանափակում: Ով էլ կարդա՝ կհասկանա, որ կառավարման խորհուրդը ընտրված տնօրենի հետ պարտավոր է կնքել աշխատանքային պայմանագիր՝ 5 տարի ժամկետով: Այս պահանջը համընկնում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Ա. Օ.) հոդված 95-ի երկրորդ մասին. «Ընտրովի պաշտոններում աշխատողների հետ աշխատանքային պայմանագիրը կնքվում է ընտրված ժամանակահատվածում»: Իրավական ակտը պետք է լինի հստակ եւ հասկանալի՝ առանց ավելորդ մեկնաբանությունների:
Մի բան լավ է, որ պարզաբանման մեջ հիշատակվում է «ՊՈԱԿ-ի մասին» օրենքը: Հանրակրթական ուսումնական հաստատությանը իրավաբանական անձի կարագավիճակ տալը բխել է կրթության ոլորտի բարելավումների ծրագրից: Վերջինի առաջնահերթ խնդիրներից մեկը եղել է դպրոցի տնօրենին ինքնուրույնություն տալը: Սա եղել է մեր պետության կրթության զարգացման պետական քաղաքականության սկզբունքը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հոդված 57-ի 1 կետի երկրորդ մասում գրված է. «Իրավաբանական անձի գործադիր մարմինների ընտրության կարգը սահմանվում է օրենքով եւ նրա կանոնադրությամբ»: Հարկ չկա նշելու, որ խոսքը վերաբերում է «ՊՈԱԿ-ի մասին» օրենքին եւ նրա հիման վրա գրված դպրոցի կանոնադրությանը: «ՊՈԱԿ-ի մասին» օրենքի 15-րդ հոդվածի պահանջները բավարարելու համար ՀՀ կառավարությունը մշակել է «Ընդհանուր կարգ»՝ գործադիր մարմինների ընտրության կամ նշանակման վերաբերյալ, որը ուժի մեջ է մտել կառավարության 2005թ. հունվարի 25-ի 224-ն որոշմամբ: Կարգի 2-րդ կետում գրված է. «Սույն կարգով նախատեսված պահանջների պահպանումը պարտադիր է ՀՀ կառավարության կողմից լիազորված պետական մարմինների համար: 224-ն որոշման հավելված 1-ը կարգավորում է ՊՈԱԿ-ի տնօրենի ընտրության կարգը, իսկ հավելված 2-ը վերաբերում է կնքվող պայմանագրի օրինակելի ձեւին, որի 6-րդ բաժնի «դ» կետը սահմանափակում է դնում հավակնորդի տարիքի վրա: Ինչպես տեսանք, հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության իրավահարաբերությունները լավ էլ կարգավորված են, եւ կարիք չկար գործող տնօրենների արժանապատվությունը վիրավորելու համար ընդունել նոր կարգ: Փաստորեն, Հայաստանում նույն իրավահարաբերությունների կարգավորման համար գործում է երկու իրավական ակտ, որը օրենքով չի թույլատրվում: Ըստ օրենքի՝ նման դեպքում գործում է ավելի վաղ ընդունված իրավական ակտը եւ խորհուրդը պետք է ղեկավարվի 224-ն որոշման պահանջներով:
Կամ ո՞ր օրենքով եք 319-ն կարգում մտցրել ընտրվող պաշտոնյայի հավակնորդի որակավորման քննություն: ՀՀ աշխատանքային օրենսգրքի դրույթներից հետեւում է, որ պաշտոնները կարող են լինել՝ ընտրովի, նշանակովի կամ քաղծառայող: Ա. Օ. 88 հոդվածը, որը չի շոշափվել Ձեր մասնագետների կողմից իմ հղած նամակներում, գրված է. «Հատուկ մասնագիտական գիտելիքներ պահանջող աշխատանքների կատարման կամ պաշտոնի նշանակման համար կարող է պահանջվել որակավորման քննություն»: Այսինքն՝ ընտրովի պաշտոնում նշանակվողներից ոչ ոք իրավունք չունի պահանջելու որակավորման քննություն: Հարց է ծագում՝ ինչո՞ւ պատգամավորների, համայնքապետերի կամ նախագահի պաշտոնի հավակնորդներից որակավորման հավաստագիր չի պահանջվում նրանց նախընտրական գործընթացում կամ նշանակովի պաշտոնյաները՝  նախարարներ, մարզպետներ, նրանց տեղակալներ, կատարո՞ւմ են Ա.Օ. 88 հոդվածի պահանջները: Այսպիսով, վերոհիշյալ իրավական ակտերը խոսում են այն մասին, որ 319 հոդվածը գործողության մեջ է մտել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի մի շարք հոդվածների կոպիտ խախտումներով:
ա) Հոդված 9 կետ 6՝ «Օրենսգրքի կարգավորման իրավահարաբերությունների ոլորտում
ՀՀ մյուս բոլոր օրենքները պետք է համապատասխանեն օրենսգրքերին»:
բ) Հոդված 24 1,2 եւ 3 կետերի պահանջները:
գ) Հոդված 45 կետ 1՝ «Նույն մարմնի ընդունած նույն տեսակի նորմատիվ իրավական ակտերում որպես կանոն չպետք է կրկնվեն գործող իրավական ակտերում պարունակող դրույթները»:
Եզրափակելով խոսքս՝ ասեմ, որ բոլոր երկրներում էլ կառավարությունը հոգ է տանում գործող կադրերին ռեզերվ ստեղծելու համար: Եվ այդ կադրերը իրենց հավաստագիրը ստանում են իրենց իսկ աշխատանքի վայրից՝ բնութագրի տեսքով: Դուք հավաստագիր ստանալու գաղափարը ժառանգել եք նախկին ԿԳ նախարարից, Ձեր նորամուծությունները եղել են հիմնը, երգելը, ուսուցիչների երդում տալը, աշակերտների հետ պայմանագիր կնքելը, որոնք ոչ մի կապ չունեն ուսման որակի հետ, այսինքն՝ յուրաքանչյուր նոր նախարարի համար առաջին խնդիրը եղել է բարդացնել տնօրենի վիճակը: Գոնե որպես նոր նախարար՝ տնօրենների վրայից հանեիք գրավաճառի պարտականությունները: Կարիք չկա հիշեցնելու, որ դուք պատրաստ եք աշխատանքից ազատելու բոլոր տնօրեններին, ովքեր անգիր չեն սովորի 800 օրենքներ: Լավ չէ՞ր լինի այս մեթոդը փորձարկեիք ավելի բարձր կարգավիճակ ունեցող պաշտոնյաների վրա»,- ԿԳ նախարարին հարցնում է Ա. Տոնոյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել