Լիբիական Աջաբիա քաղաքը, որը գտնվում է ապստամբների վերահսկողության տակ, ենթարկվել է ավիահարվածների: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով ականատեսներին:
Զոհերի եւ օդուժի հարձակման արդյունքում վիրավորների մասին տեղեկություններ չի հաղորդվում: Տեղի բնակիչների մատուցմամբ, մարտի 2-ի առավոտյան, տեղի ժամանակով մոտավորապես ժ. 10-ին, երկու ինքնաթիռ ռումբեր է նետել քաղաքի արեւելյան հատվածի վրա: Աղբյուրը փոխանցում է նաեւ, թե Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադդաֆիի նկատմամբ չեզոք տրամադրված զորքերը մոտեցել են Աջաբիային: Ավելի վաղ՝ փետրվարի 28-ին, հաղորդվել էր Բենգազիից 160 կմ հեռավորության վրա գտնվող այդ քաղաքում տեղակայված զենքի պահեստները ավիահարվածների ենթարկելու մասին:
Քադդաֆիի զորքերին հաջողվել է նաեւ մտնել Աջաբիայից ոչ հեռու գտնվող Բրեգա քաղաք եւ վերահսկողության տակ առնել տեղի օդանավակայանը, նաեւ Sirte Oil Company նավթային ընկերության ձեռնարկությունը: France-Presse-ի փոխանցմամբ, քաղաքում զինված բախումներ են եղել, որի ժամանակ կառավարամերձ զորքերը գործի են դրել տանկեր ու ծանր հրետանի: Reuters-ի տվյալներով, զոհվել է առնվազն 14 մարդ: Միաժամանակ BBC-ն հաղորդում է, թե Քադդաֆիի զորքերին հաջողվել է նաեւ վերականգնել վերահսկողությունը Տրիպոլիից ոչ հեռու գտնվող Քարյան եւ Սաբրաթա բնակավայրերում: Հաղորդվում է ընդդիմության կողմնակիցների եւ նրանց աջակցող զինվորականների ձերբակալությունների մասին:
Հիշեցնենք, որ Լիբիայում սկսված քաղաքացիական պատերազմի ընթացքում զոհերի թիվը, ըստ ականատեսների, արդեն անցել է երկու հազարը:


















































