Լրահոս
Օրվա լրահոսը

Միրզոյանի հոբելյանին

Մարտ 03,2011 00:00

\"\"90-ամյա կոմպոզիտորը չի կորցրել հումորի ուրույն զգացողությունը

Մեծանուն արվեստագետների հոբելյանները չեն սահմանափակվում  միայն տարեթվով ու ծննդյան թվով: Ու թեեւ 2011-ը պաշտոնապես դեռեւս չի հայտարարվել միրզոյանական տարի, այնուամենայնիվ,  «Առավոտի» եւ մեր ընթերցողների համար ընթացիկ տարին հոբելյանական է՝ ի հարգանք 90-ամյա կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի (ծնվել է 1921թ. մայիսի 12-ին), որի՝ այսօր էլ աշխարհով մեկ կատարվող հանրածանոթ ստեղծագործություններին հարկ չենք համարում անուն առ անուն անդրադառնալ: Երկու երեխա, չորս թոռ եւ մեկ ծոռ  ունեցող հարգարժան արվեստագետը պահպանել է երիտասարդի ոգին, կյանքի նկատմամբ սերն ու ոգեւորությունը, իսկ, որ ամենակարեւորն է, այսօր էլ նրան անդավաճան է  հումորի զգացումը: «Մարդկանց հոգու հետ խաղալ չեմ սիրում, այնուամենայնիվ՝ կան մարդիկ, որ մինչեւ անգամ դրան էլ արժանի չեն:
Թեեւ, ճիշտն ասած, շատ-շատ է պատահել, որ հումորի միջոցով կարողացել եմ դուրս գալ անելանելի թվացող վիճակներից: Խոստովանեմ, որ ապրածս 9 տասնամյակների ընթացքում ինձ մեկ-մեկ ափերից հանել է նաեւ ամենաախմախ բանը… Գեղեցիկից խոսեմ. ուրի՜շ է կինը, այն իդեալ է ինձ համար: Բնական է, ունեցել եմ խանդի զգացում, մարդն առնվազն «դուռակ» պիտի լինի, որ չխանդի»,- «Առավոտին» ասաց կոմպոզիտորը:
Էդ. Միրզոյանի հոբելյանին նվիրված այս տարվա  առաջին միջոցառումը կանցկացվի մարտի 4-ին, Երեւանի պետական բժշկական համալսարանի դահլիճում, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թոփչյան) հերթական արտագնա՝ բուհական համերգաշարի ընթացքում: Ֆիլհարմոնիկի տնօրեն Ռուզան Սիրունյանը կեսկատակ-կեսլուրջ մեզ հայտնեց, որ կնամեծար կոմպոզիտորի եւ կանանց հետ ասոցացվող գարնանային տոների առիթով ապագա բժիշկների համար նախատեսված  համերգային ծրագրում ընդգրկված է ստեղծագործողի «Շուշանիկը»: Այս քնարական պատկերը Միրզոյանը գրել է 1974թ. Շիրվանզադեի «Քաոսի» հիման վրա՝ կինոռեժիսոր Լաերտ Վաղարշյանի համանուն  ֆիլմի համար: Գլխավոր  դերակատարուհի, կինոդերասանուհի Ալլա Թումանյանի խաղը ցնցել է կոմպոզիտորին եւ նա, առանձնանալով Կոմպոզիտորների միության Դիլիջանի ստեղծագործական տանը, երկնել է «Շուշանիկը»:
Հետաքրքիր է, որ կնամեծար Միրզոյանի համար ամենամեծ տոնը եղել եւ մնում է Մայիսի 9-ը: Նրա խոսքերով՝ դա ամբողջ մարդկության տոնն է, որը ձեռք է բերվել 27 միլիոն մարդկային կյանքերի գնով եւ ամեն զոհը, ամեն կյանքը մի աշխարհ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել