Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԱՆԱՆՑԸ» ՊԱՏՐԱՍՏ Է

Մարտ 03,2011 00:00

Հայաստանի բարձրագույն խմբի 20-րդ առաջնությանն ընդառաջ՝ երեկ լրագրողների հետ հանդիպեցին նախորդ տարվա փոխչեմպիոն «Բանանց» ակումբի նախագահ Սարգիս Իսրայելյանն ու գլխավոր մարզիչ Ստեւիցա Կուզմանոսկին:

\"\"

Ինչպես յուրաքանչյուր տարի, «Բանանցի» նախագահն այս անգամ էլ շեշտեց, որ թիմի առջեւ միայն մեկ խնդիր է դրված. հաղթել Հայաստանում անցկացվող բոլոր մրցաշարերում: Ավելին, եթե նախորդ առաջնությունում «Բանանցն» այդ նպատակին ձգտում էր՝ շատ լեգեոներներով համալրված լինելով, ապա այս տարի ակումբի կադրային քաղաքականությունը հիմնված է սեփական երիտասարդ կադրերի վրա: Մասնավորապես, Անթալիայում անցկացված երկրորդ հավաքին մասնակցել են նաեւ երիտասարդ հեռանկարային ֆուտբոլիստները, ովքեր փոխարինող թիմի կազմում մրցել են նախ Գրոզնիի «Թերեքի» երկրորդ կազմի, ապա նաեւ՝ Ուզբեկստանի օլիմպիական հավաքականի հետ: Երիտասարդ կադրերի հանդեպ հավատով է լցված նաեւ գլխավոր մարզիչ Կուզմանոսկին, ով նկատեց, որ այս տարի եւս կարելի է պայքարել չեմպիոնության համար: «Միգուցե անցյալ տարվա նման անուններ չկան թիմում, սակայն ունենք երիտասարդներ, ովքեր պատրաստ են փոխարինել նրանց: Պետք է ամեն ինչ անենք՝ «Բանանցի» առջեւ դրված խնդիրներն իրականացնելու համար»,- ասաց Կուզմանոսկին: Գլխավոր մարզիչը նշեց նաեւ, որ գոհ է նախապատրաստական փուլից, որի ընթացքում թիմը յոթ ստուգողական հանդիպում է անցկացրել: Ըստ մակեդոնացի մասնագետի, էական չեն գրանցված արդյունքները: «Եղան հաղթանակներ, ոչ-ոքիներ, պարտություններ, բայց ամենակարեւորն այն է, որ վնասվածքներ չկան»,- շեշտեց Կուզմանոսկին՝ միեւնույն ժամանակ նկատելով, որ առաջնությունը մեկնարկում է եւ թիմում թույլ օղակ չկա: Մինչդեռ, ակումբի նախագահի խոսքը ցույց տվեց, որ ամեն ինչ այնքան էլ վարդագույն երանգով չէ, ինչպես ներկայացնում էր գլխավոր մարզիչը: Օրինակ, վնասվածք է ստացել կենտրոնական պաշտպան Դրագան Դրագուտինովիչն ու չորս-հինգ ամիս պիտի բուժվի, նախորդ տարի վնասվածք ստացած Դուբալան էլ մոտ երկու ամիս չի կարող խաղալ: Խնդիրներ կան նաեւ դարպասապահի հարցում, քանի որ Ստեփան Ղազարյանն ու Արթուր Թոռոյանը վիրահատվել են: Իհարկե, այս բոլոր հարցերն էլ ժամանակավոր լուծում են ստացել. կենտրոնական պաշտպանի դիրքում հանդես են գալու Առաքելյան եղբայրները, հավաքը չձախողելու համար էլ «Մետալուրգից» ժամանել է ուկրաինացի դարպասապահ Կոնստանտին Օդոլսկին: Սակայն վերջինիս հետ պայմանավորվածություն կա, որ նա կմնա «Բանանցում»՝ մինչեւ հուլիս: Դա, իհարկե, այն դեպքում, եթե դարպասապահներ Տիգրան Դավթյանն ու Արթուր Թոռոյանը արժանի փոխարինեն: Այս ամենից զատ, նախորդ տարվա թիմից բացակայում են երեք լեգեոներներ՝ Նիկոլայ Նիկոլովը, Ժունիորն ու Դենիրան Օրտեգան: Թիմում չեն նաեւ Էդուարդ Կակոսյանն ու Արամ Բարեղամյանը, որոնց ծառայություններից ակումբը հրաժարվել է: Այսպիսին է «Բանանցի» կադրային պատկերը մրցաշրջանի մեկնարկից մի քանի օր առաջ:
Ակումբի նախագահ Սարգիս Իսրայլեյանը, որպես ՀՖՖ գործկոմի անդամ, անդրադարձավ նաեւ լրագրողների բարձրացրած՝ հայկական ֆուտբոլի առանցքային մի քանի հարցերի: Մասնավորապես, մրցավարության հետ կապված՝ Իսրայելյանը նկատեց, որ ՀՖՖ նախագահն այդ ուղղությամբ մեծ ծավալի աշխատանք է կատարում ու նախորդ տարի տեղի ունեցածը պետք է դաս լինի նրանց համար: «Ինչո՞վ ենք մենք պակաս ուզբեկից, ով այսօր աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի հանդիպում է վարում: Պետք է մրցակցություն լինի նաեւ մրցավարական բրիգադների մեջ»,- նկատեց Իսրայելյանը՝ նշելով, որ Անթալիայում ուսումնամարզական հավաք էր անցկացնում նաեւ ուկրաինացի մրցավարների 180-հոգանոց կազմը, մինչդեռ մեր մրցավարները պատրաստվում են Հայաստանում: «Պետք է պայմաններ ստեղծել, որպեսզի արդյունք պահանջես»,- նշեց ակումբի նախագահը:
ՀՖՖ գործկոմի անդամը խոսեց նաեւ ակումբների հովանավորության խնդիրների մասին: Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, որ «Կիլիկիայից» արդեն զրկվել ենք, մշուշոտ է «Արարատի» ապագան ու շշուկներ են պտտվում նաեւ «Միկայի» լուծարման մասին, պարոն Իսրայելյանը նկատեց, որ հայկական ֆուտբոլում բացակայում են խոշոր հովանավորները, ովքեր ողջ առաջնությունը կհովանավորեին: Ճիշտ այնպես, ինչպես «Ռոսգոսստրախը»՝ ռուսական պրեմիեր-լիգան, ինչի արդյունքում ֆինանսավորվում են նաեւ թիմերը: «Պետք է հովանավորները շատանան, որ ակումբները գումարներ ստանան: Ֆեդերացիան ի՞նչ կարող է անել, եթե բոլոր ակումբները սեփականություններ են: Ֆեդերացիան կարող է միայն գտնել մի խոշոր հովանավոր, որը ընդհանուր առաջնությունը ֆինանսավորի: Այդ դեպքում «Կիլիկիայի» պես ակումբները դուրս չեն գա առաջնությունից: Հուսանք, որ «Միկայի» ու «Արարատի» ղեկավարներն էլ չեն հիասթափվի ֆուտբոլից»,- ասաց Իսրայելյանը:
Ի դեպ, առաջնության մեկնարկային տուրում «Բանանցը» հանդիպելու է հենց «Արարատի» հետ: Ու, ըստ Իսրայելյանի, մրցակցին թերագնահատել պետք չէ: «Առաջին հայացքից է թվում, թե «Արարատը» թույլ է: Մինչդեռ, միայն անունը հերիք է, որ «Արարատը» թույլ չլինի»,- եզրափակեց Սարգիս Իսրայելյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031