Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԴՐԵԻ ՆՈՐ, «anDrenaLine» ՄՏԱՀՂԱՑՈՒՄՆԵՐԸ

Մարտ 03,2011 00:00

Դրանք իրականացնում է դիզայներ Ֆաինա Հարությունյանը

\"\"D&G, ARMANI, GUCCI, PAKO RABANNA… Համաշխարհային ճանաչում ունեցող նորաձեւության այս բրենդների կողքին ժամանակ առ ժամանակ հայտնվում են  աշխարհահռչակ երգիչ-երգչուհիների անունները կրող բրենդներ: Բոլոր ժամանակներում համաշխարհային աստղերի միջամտությունը նորաձեւության ոլորտ՝ արդիական է եղել: Բազմիցս ենք լսել, թե ինչպես են այսինչ երգչուհին կամ երգիչը ստեղծել իրենց անունը կրող հավաքածուներ: Այս երեւույթը վերջին շրջանում մասնավորապես մեծ տարածում գտավ ռուսական շոու-բիզնեսում, իսկ հիմա էլ հասավ նաեւ Հայաստան:
Վերջերս շրջանառվում էին լուրեր, որ երգիչ Անդրեն շուտով ստեղծելու է ջինսերի իր սեփական հավաքածուն: Սակայն երկար ժամանակ լուրերը միայն շրջանառվում էին եւ ոչ մի տեղաշարժ չկար:
«Բամբասանքներն» ավելի մեծ «թափ առան», երբ սոցիալական ցանցերում սկսեցին հաճախակի հայտնվել Անդրեի եւ դիզայներ Ֆաինա Հարությունյանի համատեղ լուսանկարները՝ աշխատանքային պրոցեսներում: Պարզվում է՝ Անդրեի վաղեմի երազանքն իրականացել է:  Հայաստանի վաճառակետերում բրենդային ապրանքների  կողքին կհայտնվեն նաեւ Անդրեի «anDrenaLine» անվանումով ջինսե տաբատները:
\"\"Երգիչը մեզ հետ զրույցում պատմեց, որ հագուստի հավաքածու ունենալն իր մանկության երազանքն է եղել. «Դեռ փոքր հասակից պարբերաբար նկարում էի հագուստներ՝ բլուզներ, տաբատներ, փորձում էի ինչ-ինչ լուծումներ տալ եւ միշտ մտածում էի, որ մի օր ես էլ, նորաձեւության ոլորտի ներկայացուցիչների պես, պոդիումի վրա կներկայացնեմ իմ հավաքածուն: Նկարում էի այն, ինչ պատկերացնում էի, որ ես կկրեմ»: Անդրեն խոստովանում է, որ նորաձեւությունն իր համար հոբի է: Նրա խոսքով, իր կրած յուրաքանչյուր հագուստ իր դիզայնով է եղել, այսինքն՝ մտահղացումն իրենն է եղել: Հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է երգիչը սկսել նկարել. «Նկարչության խմբակների չեմ հաճախել: Պարզապես մանկուց ինձ հագուստ գնելիս կամ կարելիս ես եմ ուղղություն տվել, թե ինչպես պետք է դա լինի, ինչ գույների մեջ եւ ինչ ատրիբուտներով: Տեսահոլովակներիս հագուստների մտահղացումն էլ է իմը, միայն թե այդ ամենը ոչ պրոֆեսիոնալ մակարդակի վրա է եղել: Այսինքն՝ ես նկարել եմ ընդամենը իմ պատկերացումը, թե ինչ կցանկանայի, որ լիներ, իսկ դրանք իրականացրել են պրոֆեսիոնալ դիզայներներն ու ոճաբանները: Օրինակ, իմ 1997 թվականի «Կարնավալ» երգի տեսահոլովակի կոստյումը ստեղծվել է հենց իմ դիզայնով»:
Ինչպես արդեն նշեցինք, Անդրեի՝ ջինսեր ստեղծելու մասին լուրերը դեռ տարիներ առաջ էին շրջանառվում: Նա  հաստատեց, որ առաջին անգամ \"\"2005 թվականին է բարձրաձայնել իր անվամբ բրենդ ստեղծելու երազանքի մասին. «Ճիշտ է՝ պլաններ վաղուց կային, բայց դեռ չէր հասունանում ժամանակը: ԱՄՆ-ում իմ տված հարցազրույցներից մեկում նշել էի, որ նման ցանկություն ունեմ, որից հետո ամերիկյան շատ հայտնի «Devine Luv» բրենդի կողմից առաջարկ  ստացա  համատեղ ջինսային հավաքածու ստեղծելու մասին, որը կոչվելու է  «anDrenaLine»:
Իր մտահղացումները համարելով ոչ պրոֆեսիոնալ՝ Անդրեն առաջարկն իրականացնելու համար դիմել է դիզայներ Ֆաինա Հարությունյանին, ում հետ էլ սկսել են աշխատել:
Ֆ. Հարությունյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ Անդրեի հետ շատ հետաքրքիր է աշխատելը, բայց բավական դժվար՝ նրա մտահղացումներն իրականացնելը. «Նա ասես 20 տարի առաջ մտածի: Երբեմն այնպիսի առաջարկներ է անում, որ ուղղակի հնարավոր չէ իրականացնել: Շատ վառ երեւակայություն ունի, եւ վստահ եմ, որ նրա ջինսերը մեծ ճանաչում կունենան: Ջինսերը Անդրեի ճաշակով են: Նա հետաքրքիր մոտեցում ունի հագուստի առումով՝ մեծ ուշադրություն է դարձնում հարմարավետությանը, գույներին, ատրիբուտներին՝ կոճակներին, գրպանների ձեւին, ձեւավորումներին»:
Առաջարկը սիրով ընդունելուն պես, Ֆաինան Անդրեի մտահղացումներն ավելի պրոֆեսիոնալ հանձնել է թղթին՝ էսքիզների տեսքով, որոնք էլ ներկայացվել են «Devine Luv» ընկերությանը: Իսկ ջինսերի կտորները, գույները ընտրելու համար հունվարի 13-23-ը Ֆաինան եւ Անդրեն այցելել են Հոնկոնգ, որտեղ տեղի գործարաններից մեկում ընտրել են կտորներն ու ու համապատասխան ատրիբուտները:
Դիզայները նշեց, որ առաջին հավաքածուն բաղկացած կլինի ութ նմուշից. «Դրանք գարուն-ամառ հավաքածու են: Ջինսերը եվրոպական ճաշակի են, որոնք կարող են կրել տարբեր սեռի ներկայացուցիչներ: Այսինքն՝ Անդրեի երեւակայությունը միայն տղամարդկանց համար չի փայլում: Նա վառ պատկերացում ունի նաեւ կանանց տաբատների եւ ընդհանրապես հագուստի մասին: Ջինսերը մոխրագույնի, սեւի, մուգ եւ բաց կապույտի երանգների մեջ են: Հետագայում կարող է լինեն նաեւ ջինսե կոստյումներ, ժիլետներ եւ այլն: Այժմ Հոնկոնգում կարվում են այդ ութ նմուշները: Սկզբի համար այդքանը դեռ բավական է»:
Անդրեի փոխանցմամբ, «anDrenaLine by Devine Luv»-ը  սկզբնական շրջանում կվաճառվի ԱՄՆ-ում, իսկ Հայաստանում վաճառվելու համար դեռ ադմինիստրատիվ աշխատանքներ պետք է տարվեն. «Հավաքածուն պատրաստ լինելուն պես կհայտնվեն ամերիկյան վաճառասրահներում. այդ հարցերով զբաղվում է արտադրող ընկերությունը՝ «Devine Luv»-ը: Մենք միայն մտահղացումն ու էսքիզներն ենք տրամադրում»:
Ֆաինան էլ հավելեց. «Նմուշները գրեթե պատրաստ են, մենք սպասում ենք արտադրող ըներության հեռախոսազանգին, իսկ արդեն մարտի վերջին կարտադրվի  ապրանքաքանակը»: Ֆաինան գովելով Անդրեին՝ նշեց, որ նա երգարվեստի շրջանում այն եզակիներից է, ով նորաձության մեջ միանշանակորեն ասելիք ունի. «Յուրաքանչյուր բեմ բարձրացող այսօր ճաշակ թելադրող է: Անդրեն՝ մասնավորապես: Նա ունի յուրահատուկ ճաշակ, գույները համադրելու մեծ վարպետություն: Եվ զարմանալի չէ, որ Հայաստանում հենց նա առաջինը դիմեց այդ քայլին: Ուրախ եմ, որ Հայաստանում առաջին անգամ նման բան է տեղի ունենում եւ ես էլ աջակցում եմ դրան: Հայ երգիչ-երգչուհիների շրջանում շատերը կարող են հետեւել Անդրեի օրինակին: Կցանկանայի այս ասպարեզում տեսնել, օրինակ, Սիրուշոյին: Նա եւս գիտի գրագետ հագնվել եւ յուրահատուկ ճաշակի զգացողություն ունի»:
Վերջում Անդրեն հույս հայտնեց, որ  «anDrenaLine»-ը մեծ ճանաչում կունենա թե Հայաստանում եւ թե նրա սահմաններից դուրս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել